Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

17:19 22.12.2009

Ինչպես եւ սպասվում էր, Հայաստանի 2009 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ՀՖՖ-ի կողմից անցկացված հարցման արդյունքում Մխիթարյանը ստացել էր ձայների մեծամասնությունը: 355 միավոր վաստակած Մխիթարյանը առաջին անգամ է ճանաչվում լավագույնը: 2-րդ եւ 3-րդ տեղերում հայտնվեցին համապատասխանաբար  Հրայր Մկոյանը (138) եւ Սարգիս Հովսեփյանը (108):


Լավագույն ֆուտբոլիստի անունը հրապարակվեց այսօր ՀՖՖ-ի շտաբ բնակարանում կայացած 2009 թ. մրցաշրջանի մրցանակաբաշխության ժամանակ: Լավագույն խաղացողի մրցանակը Հենրիխ Մխիթարյանին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:


Լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը մասնակցել են ԶԼՄ-ները, ակումբներից ներկայացուցիչները, մրցավարները եւ տեսուչները, որոնք իրենց հարցաթերթիկում նշել էին 3 ֆուտբոլիստների անունները: Թեկնածուները 10-ն էին, որոնց ներկայացրել էր ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:


Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի լավագույն խաղացող էր ճանաչվել Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը: Մխիթարյանը անցած տարի 2-րդն էր, սակայն այս անգամ նա մրցակցությունից դուրս էր: Դա բնական է, քանի որ Հենոն բավական տպավորիչ մրցաշրջան անցկացրեց: Մխիթարյանը արդյունավետ խաղ ցուցադրեց Հայաստանի երիտասարդական հավաքականում, «Փյունիկում», «Մետալուրգում»:


Հատկապես տպավորիչ էր նրա հեթ-տրիկը նոյեմբերին Երեւանում կայացած Հայաստան-Իռլանդիա (4:1) երիտասարդական հավաքականների խաղի ընթացքում:

 

Մխիթարյանը ստացավ նաեւ «Երկրպագուների համակրանք» մրցանակը: Այն սահմանել էր ՖԱՖ ֆուտբոլասերների ակումբը:


Share |

Լրահոս

Loading...