Հայաստան-Ուկրաինա՝ 2։2 (ՎԻԴԵՈ)

17:17 08.01.2010

ArmSport.am-ը պարբերաբար կթարմացնի Հայաստանի հավաքականին վերաբերվող տեսանյութերի արխիվը։ Այսօր կներկայացնենք 2002 թ. սեպտեմբերին կայացած Հայաստան-Ուկրաինա (2։2) խաղի դիտարժան պահերը եւ գոլերը։

Ներկայացնենք նաեւ այս խաղին վերաբերվող հոդված «90 րոպե» թերթից.

«Ցավոք, մինչեւ ուկրաինացիների հետ սեպտեմբերին կայանալիք ընտրական մրցաշարի մեկնարկային հանդիպումը, Լոպեսը հնարավորություն չունեցավ ընկերական մրցախաղերում ծանոթանալու հավաքականի անդամների խաղային ունակություններին (օգոստոսի 17-ին Հորդանանի եւ 21-ին Լատվիայի հավաքականների հետ նախատեսված ընկերական հանդիպումները չկայացան)։

Ուստի պատահական չէր, որ Ուկրաինայի հավաքականի հետ խաղում մեկնարկային կազմում նա չէր ընդգրկել հավաքականի առանցքային ֆուտբոլիստներ Ալբերտ Սարգսյանին եւ Անդրեյ Մովսիսյանին։ Խաղասկիզբն անհաջող դասավորվեց մեր թիմի համար։ Արդեն 2-րդ րոպեին աջ եզրից Զուբովի փոխանցումից հետո Սերեբրեննիկովն ընթացքից բացեց հաշիվը։ Գոլն իր կնիքը թողեց մեր ֆուտբոլիստների գործողությունների վրա, որոնք առաջին խաղակեսում այդպես էլ չգտան իրենց խաղը։

Շատ պասիվ էին կիսապաշտպանները, իսկ հարձակվողները խիստ հսկողության տակ էին։ Միակ վտանգավոր պահը հյուրերի դարպասին ստեղծվեց 12-րդ րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո Արման Քարամյանը սուր անկյան տակ փորձեց խոցել դարպասը, բայց Ռեւան հետ մղեց գնդակը։ Իսկ ուկրաինացիները մինչեւ ընդմիջում կրկնապատկեցին հաշիվը։ Գրեթե դաշտի կենտրոնից Զուբովն անարգել առաջ շարժվեց եւ գրավեց դարպասը։

Ընդմիջումից հետո պատկերը կտրուկ փոխվեց։ Դրան նպաստեցին խաղադաշտ մտած Մովսիսյանն ու Սարգսյանը։ Վերջինս շատ ակտիվ էր` անցկացնելով իր լավագույն խաղը հավաքականում։ Հենց նրա ջանքերով Արթուր Պետրոսյանը կրճատեց խաղի հաշիվը։ Ոգեւորված հաջողությունից` դաշտի տերերը մեծ ուժերով ճնշում գործադրեցին մրցակցի դարպասին։ Կարող էին աչքի ընկնել Հարություն Վարդանյանն ու Արտավազդ Քարամյանը։ Հանգուցալուծումը տեղի ունեցավ ավելացված ժամանակում։

Մովսիսյանին վայր գցելու համար նշանակված 11մ հարվածը հաջող իրացնելով` Սարգսյանը իր թիմին փրկեց պարտությունից։ Հանդիպումը ցույց տվեց, որ իրոք մեր հավաքականը մեծ ներուժ ունի, որում նախկինի պես տոն են տալիս լեգեոնականները։ Այն նաեւ հնարավորություն ընձեռեց Լոպեսին գործի մեջ տեսնել հավաքականի թեկնածուներին եւ կողմնորոշվել օպտիմալ կազմի հարցում։ Խաղից հետո Անդրեյ Մովսիսյանը, դժգոհելով Լոպեսից մեկնարկային կազմում իրեն չընդգրկելու համար, հայտարարել էր, որ այլեւս նրա գլխավորությամբ հավաքականում հանդես չի գա։ ՀՖՖ նախագահն էլ հայտարարել էր, որ վերջինս պետք է ներողություն խնդրի ֆուտբոլասերներից, որպեսզի նրան կրկին հավաքական հրավիրեն։ Կոնֆլիկտը ձգձգվեց, եւ միայն 2003թ., ընտրական մրցաշարի վերջին երեք խաղերում Մովսիսյանը կրկին հագավ հավաքականի մարզաշապիկը»։

Հայաստան - Ուկրաինա` 2-2 (0-2), (ԵԱ)
Երեւան, 7 սեպտեմբերի, «Հանրապետական» մարզադաշտ, 12000 հանդիսական։

Մրցավար` Միկա Վյուորելա (Ֆինլանդիա)։

Գոլերը` Սերգեյ Սերեբրեննիկով (2), Գենադի Զուբով (33), Արթուր Պետրոսյան (73), Ալբերտ Սարգսյան (90+ 3` 11մ)։

Հայաստան - Ռոման Բերեզովսկի, Արթուր Մկրտչյան (Ալբերտ Սարգսյան, 59), Կարեն Դոխոյան, Սարգիս Հովսեփյան, Հարություն Վարդանյան (ա), Ռոմիկ Խաչատրյան, Արթուր Պետրոսյան, Վարդան Մինասյան (Արթուր Ոսկանյան, 46), Խոսե Բիլիբիո, Արտավազդ Քարամյան, Արման Քարամյան (Անդրեյ Մովսիսյան, 71)։
Գլխավոր մարզիչ` Օսկար Լոպես։

Ուկրաինա- Վիտալի Ռեւա, Օլեգ Լուժնի, Անդրեյ Նեսմաչնի, Անատոլի Տիմոշչուկ, Վլադիմիր Եզերսկի, Սերգեյ Սերեբրեննիկով, Սերգեյ Կորմիլցեւ, Անդրեյ Գուսին (Ռոման Մաքսիմյուկ, 64, Սերգեյ Պոպով, 90), Գենադի Զուբով (Ալեքսանդր Սպիվակ, 68), Գենադի Մորոզ, Անդրեյ Վորոբեյ։

Զգուշացվեցին` Հարություն Վարդանյան, Օլեգ Լուժնի, Անատոլի Տիմոշչուկ, Վլադիմիր Եզերսկի, Սերգեյ Սերեբրեննիկով։
Հեռացվեց` Վլադիմիր Եզերսկի (90+2)։






Տեսահոլովակը կարող եք գտնել նաև մեր մեր կայքի ՎԻԴԵՈՆԵՐ բաժնում։

Share |

Լրահոս