Մարկոս. 100 խաղ առաջնությունում

10:18 07.06.2010

Առաջնության 10-րդ տուրում, "Իմպուլսի" հետ մրցավեճում "Փյունիկի" բրազիլացի հարձակվող Մարկոս Պիզելին Հայաստանի առաջնություններում հոբելյանական' 100-րդ հանդիպումն անցկացրեց: Նա դարձավ ՀՀ առաջնություններում 100 խաղի սահմանագիծը հատած 3-րդ լեգեոնականը: Այդ հանդիպումներից 79-ը բրազիլացի ֆուտբոլիստն անցկացրել է "Արարատում", 21-ը' "Փյունիկում":


Բրազիլացի տաղանդավոր ֆուտբոլիստը Հայաստանում հայտնվեց 2006թ. մրցաշրջանի շեմին: Ապրիլի 30-ին նա իր նորամուտը նշեց "Արարատում"' "Ուլիսի" հետ առաջնության 3-րդ տուրի հանդիպման 58-րդ րոպեին փոխարինելով Տիգրան Եսայանին: Իսկ հունիսի 16-ին, կրկին "Ուլիսի" հետ խաղում, Մարկոսը բացեց գոլերի հաշիվը բարձրագույն խմբում' 2 անգամ գրավելով ներկայումս "Միկայում" հանդես եկող Արթուր Հարությունյանի պաշտպանած դարպասը:


Մարկոսը Հայաստանում հանդես եկած լեգեոնականներից ամենաարդյունավետն է' բարձրագույն խմբում խփելով 57 գոլ: Նա նաև միակ լեգեոնականն է, որը ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու, այն էլ 2 տարի անընդմեջ (2007թ.' 22 գոլ, 2008թ.' 17):


Լեգեոնականներից ՀՀ առաջնություններում 100-րդ խաղի հոբելյանն առաջինը նշել է վրացի կիսապաշտպան Գագա Թբիլաշվիլին: Դա տեղի է ունեցել 2008թ. հոկտեմբերի 30-ին "Գանձասար" - "Կիլիկիա" խաղում: Այն ժամանակ Թբիլաշվիլին հանդես էր գալիս "Գանձասարում": Վրացի ֆուտբոլիստը Հայաստանում հանդես է գալիս 2005թ.: Նրան հրավիրել էին "Դինամո-Զենիթի" մարզիչները: Հենց առաջնության մեկնարկից Թբիլաշվիլին ամրապնդվեց թիմի հիմնական կազմում: "Դինամո-Զենիթի" լուծարումից հետո Թբիլաշվիլին հաջորդ մրցաշրջանում տեղափոխվեց  "Գանձասար", իսկ անցյալ տարվանից կրում է "Ուլիսի" մարզաշապիկը: Գագան ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով (139) լեգեոնականների ռեկորդակիրն է:


100 խաղի սահմանագիծը հատած 2-րդ լեգեոնականը նախկին արարատցի, բրազիլացի կիսապաշտպան Ռենատոն է, որը հոբելյանը նշել է 2008թ. նոյեմբերի 4-ին "Միկայի" հետ խաղում: Նա Հայաստան էր ժամանել ավելի վաղ' 2004թ. ընդգրկվելով "Արարատում": 2005թ. հանգամանքների բերումով Ռենատոն իր թիմակիցների հետ հանդես եկավ "Լեռնային Արցախում", իսկ հաջորդ մրցաշրջանից մինչև 2008թ. ներառյալ խաղաց "Արարատում": Հաջորդ տուրում 100-րդ խաղի հոբելյանը կարող է նշել "Միկայի" լեգեոնական Ալեքս Էնրիկե դա Սիլվան:

Ահա ՀՀ առաջնություններում 50-ից ավելի խաղեր անցկացրած լեգեոնականների ցանկը:


Ֆուտբոլիստ

Ակումբ

Խ

Թվական

1.Գագա Թբիլաշվիլի

"Դինամո-Զենիթ", "Գանձասար"

139

2005-2010

2.Ռենատո դե Մորայես

"Արարատ", "Լեռ. Արցախ"

103

2004-2008

3.Մարկոս Պիզելի

"Արարատ", "Փյունիկ"

100

2006-2010

4.Ալեքս

"Միկա"

99

2006-2010

5.Նենադ Ռադաջա

"Արարատ", "Բանանց"

91

2002, 2004-2007

6.Թենգիզ Ուգրեկելիձե

"Ուլիս"

67

2007-2009

7.Մամադու Դիավարա

"Փյունիկ"

66

2001-2005

8.Անդրեյ Չերևկո

"Բանանց",  "Իմպուլս"

66

2006-2008, 2010

9.Կառլ Լոմբե

"Փյունիկ"

64

2002-2005

10.Էմիլիո Պալուչի

"Արարատ"

63

2006-2008

11.Նոա Կասուլե

"Բանանց"

62

2007-2010

12.Խոսե Բիլիբիո

"Արարատ", "Փյունիկ"

60

1999, 2002-2003

13.Լևան Բուբուտեիշվիլի

"Գանձասար"

60

2007-2010

13.Ապուլա Բետե

"Փյունիկ"

58

2002-2005

14.Անդրեյ Բուրդիյան

"Բանանց"

57

2006-2008

15.Դավիթ Խանիշվիլի

"Գանձասար"

55

2008-2010

16.Նիկիտա Ֆուրսին

"Միկա"

54

2006-2007, 2009

17.Վիրգին Մարշավելա

"Գանձասար"

54

2007-2009

18.Լևան Ակոբիա

"Ուլիս"

51

2008-2009




Share |

Լրահոս

Loading...