Ավետիք Գրիգորյան. Չեմ պատրաստվում զրկել ինձ կյանքի մյուս գույներից

10:22 11.12.2010

Նրա անունը շախմատային հանրությունն իմացավ այն բանից հետո, երբ Ավետիքը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Խանտի-Մանսիյսկի շախմատի համաշխարհային օլիմպիադային։ Հայաստանի գործող չեմպիոն Ավետիք Գրիգորյանն իր նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կազմում։ Մի քանի օրից Ավետիքը կսկսի պայքարը բուլղարական Բանսկո քաղաքի խոշոր օփենում։ Մինչ նրա՝ Բուլղարիա մեկնելը 21-ամյա գրոսմայստերի հետ զրուցեց Chess-news.ru կայքի արտահաստիքային լրագրող Հրաչյա Ջանիկյանը։

ՇԱԽՄԱՏ, ԲԻԼԻԱՐԴ ՈՒ ՁԵՌՆԱՄԱՐՏ

- Ավի՛կ
, մի փոքր պատմիր քո մասին, ի՞նչը բերեց քեզ շախմատ, ինչպե՞ս  սկսեցիր առաջին քայլերդ։

- Ասում են՝ շախմատ խաղալ ինձ սովորեցրել է տատս, երբ փոքր եմ եղել։ Լավ չեմ հիշում, երբ սովորեցի։ Ղարաբաղում պատերազմ էր, հայրս բժիշկ էր, կամավորական, ես դեռ փոքր էի, անելու շատ բան չունեի,  հաճախ տատիկի հետ շախմատ էինք խաղում։ Շատ արագ սովորեցի  ու սկսեցի տատիկին հաղթել։ Եկավ մի պահ, որ նույնիսկ անհետաքրքիր էր նրա  հետ խաղալը։ Հետո հայրս վերադարձավ Ղարաբաղից, պարզվեց՝ նա սիրողական շախմատի համար շատ ուժեղ է խաղում, սկզբում, թագուհին և երկու նավակները հանելով, ինձ հաղթում էր, հետո կամաց-կամաց սկսեց հանել  միայն թագուհին և հետո միայն նավակը։ Նա ինձ խոստացել էր սեղանի բիլիարդ գնել, եթե նա խաղար հետս առանց նավակի և ես նրան երեք անգամ հաղթեի։  Հաղթեցի և լավ հիշում եմ իմ առաջին վաստակը շախմատում'սեղանի բիլիարդը:

Հետո արդեն սկսեցի հաճախել  շախմատի դպրոց, իմ առաջին մարզիչը եղավ Սարգսյան Գագիկը, մեկ տարում լրացրեցի բոլոր մարզական կարգերը, 7.5 տարեկանում՝ 1-ին կարգային դարձա:

Որոշ ժամանակ անց  խաղում էի Հայաստանի պատանիների առաջնություններում և, կարելի է ասել, անհաջող էի հանդես գալիս,  զբաղեցնում էի 3-րդ, 4-րդ տեղերը, մինչդեռ  1-ին կամ 2-րդ տեղերը պետք է զբաղեցնեի, որպեսզի իրավունք ստանայի մասնակցելու Եվրոպայի և աշխարհի պատանիների առաջնությանը։ Ոչ մի կերպ չէր ստացվում:

Անհաջողությունները շատ էին, ես մի պահ թողեցի շախմատը և մոտ մեկ տարի սկսեցի զբաղվել ձեռնամարտով։ Երբ 12 տարեկան էի կրկին վերադարձա շախմատ և նոր մարզիչս եղավ Արսեն Եղիազարյանը, որը լավ մասնագետ է։  Նա  շատ գիտելիքներ տվեց, սկսեցինք միասին պարապել, և ես  սկսեցի ավելի պրոֆեսիոնալ հայացքով նայել շախմատին։ 13 տարեկանում վերջապես Հայաստանի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցրի 2-րդ տեղը ու առաջին անգամ մասնակցեցի Եվրոպայի պատանիների առաջնությանը։ Առաջինը լինելու ցանկությունն ինձ ավելի կապեց շախմատին:

2002 թվականից` հենց բացվեց շախմատի ակադեմիան, սկսեցի հաճախել այնտեղ, 2006 թվականից պարապում ենք Զավեն Անդրեասյանի  հետ, համարյա ամեն օր, լինում էր նույնիսկ օրը երկու անգամ: 2004-ին, 2006-ին և 2007-ին  դարձա Հայաստանի մինչև 18 տարեկան  պատանիների չեմպիոն:

2007թ-ից, երբ արդեն միջազգային վարպետ էի, ինձ սկսեց օգնել Չիբուխչյան Արթուրը։ Նա դեռ միջազգային վարպետ չէր, բայց ես տեսնում էի, թե որքան գիտելիք ունի։  Արթուրը  ինձ շատ օգնեց,  հատկապես դիրքային խաղում:

ԷՄՈՑԻՈՆԱԼ ՇԱԽՄԱՏԻՍՏ

Միջազգային վարպետից գրոսմայստեր տանող ուղին  դու շատ արագ անցար, ի՞նչը նպաստեց։

- Այո՛, այդ ժամանակահատվածում շատ արագ եղավ իմ աճը, որովհետև համարյա օր չէր լինում, որ չպարապեինք։ Գրոսմայստերի միավորները լրացնելուն ինձ շատ  օգնեց իմ նախկին ընկերուհին։ Ես էմոցիոնալ շախմատիստ եմ, ու ինձ համար շատ կարևոր է տրամադրությունը և աջակցությունը, իսկ նա ինձ շատ էր օգնում այդ ու մնացած հարցերում:

- Ճիշտ
է, դու դարձել էիր պատանիների առաջնության տարբեր տարիքային խմբերի չեմպիոնբայց, կարելի է ասելայդ ժամանակ ոչ ոք չէր սպասում քո այդ հաղթանակին, քանի որ մրցաշարում գործակցով 6-րդն էիր, քեզնից առաջ էին Հայաստանի վեցակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, աշխարհի պատանիների չեմպիոն Զավեն Անդրեասյանը և էլի ուրիշ գրոսմայստերներ, որոնք քեզ գերազանցում էին գործակցով։ Ինչպե՞ս քեզ հաջողվեց դիմակայել այդպիսի շախմատիստների։

– Հայաստանի առաջնությունից մի քանի ամիս առաջ ես մասնակցեցի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությանը։ Այդ մրցաշարին ես մոտ մեկ տարի շատ երկար, շատ լուրջ պատրաստվել էի,  ցավոք  չհասա այն նպատակին,  որ դրել էի իմ առջև։  Բայց իմ արած լուրջ աշխատանքն ինձ օգնեց Հայաստանի առաջնությունում։ 2009-ը թվականից սկսեցի պարապել նաև Վլադիմիր Հակոբյանի հետ, որի դերը նույնպես մեծ է իմ հաջողություններում։ Նախ ես իրավունք չունեի մասնակցելու Հայաստանի առաջնությանը, սակայն մրցաշարից երեք օր առաջ անձնական պատճառներով մասնակցելուց հրաժարվել էր Աշոտ Անաստասյանը։ Ես տանը նստած էի ընկերներիս հետ, զանգեցին, ասացին՝ շատ հնարավոր է   մասնակցեմ Հայաստանի առաջնությանը։ Դա անսպասելի էր, որովհետև ընդհանրապես չէի պատրաստվել մրցաշարին՝ ո՛չ խաղային առումով, ո՛չ էլ հոգեպես ու ֆիզիկապես։ Այս պարագայում  շատ մեծ էր իմ ընտանիքի և ընկերների դերը, հայրս,  ընկերներս ինձ հետ ամեն օր գալիս էին խաղասրահ, դա մեծ աջակցություն էր ինծ համար, քանի որ, ինչպես արդեն նշեցի, ես զգացմունաքային շախմատիստ եմ։ Իմ տրամադրությունը շատ բարձր էր ամբողջ մրցաշարի ընթացքում, այսինքն` մինչև մրցաշարը իմ պատրաստավածությունը և նման աջակցությունն ինձ օգնեցին դառնալ չեմպիոն: Հետո բարձրագույն խումբն այնպիսի մրցաշար է, որտեղ շատ ուժեղ շախմատիստներ են հավաքված, ու ցանկացածն էլ կարող է հաղթող դառնալ, տվյալ դեպքում իմ խաղը ստացվեց:

- Ավի՛կ
, դու վերջին մրցախաղից  առաջ դարձար Հայաստանի չեմպիոն, սովորաբար երբ վերջին մրցախաղը որոշիչ չի լինում, շախմատիստները ձգտում են գրոսմայստերական ոչ-ոքիի կամ ուղղակի ավելի հանգիստ են խաղում։ Բայց դու վերջին մրցախաղում, առավել ևս սև խաղաքարերով, նույնպես հաղթեցիր, ի՞նչը քեզ ստիպեց  այդքան   վճռական հանդես գալ։

-
Շատ էի ցանկանում մրցաշարն անցկացնել առանց պարտության, այդ պահին նպատակը ոչ թե չեմպիոն դառնալն էր, այլ մարցաշարն ավարտել առանց պարտության, իսկ հաղթանակը  նշել միայն մրցաշարի ավարտից հետո։ Ես  պատրաստված գնացի մրցախաղի, ճիշտն ասած, ոչ-ոքիի մասին չէի էլ մտածել, եթե մրցակիցն առաջարկեր, միգուցե խաղատախտակի առջև մտածեի։ Ոչ-ոքիի մասին նույնիսկ խոսք էլ չգնաց:

- Ավի՛կ
, Հայաստանի առաջնությունից հետո դու մասնակցեցիր Եվրոպայի անհատական առաջնությանը, մի փոքր պատմիր այդ մրցաշարի մասին։

-
Եվրոպայի անհատական առաջնությունը շատ ուժեղ մրցաշար է, ես մասնակցում էի առաջին անգամ, սկիզբը շատ հաջող սկսվեց, միջնամասն այնքան էլ հաջող չանցավ, իսկ վերջում նորից կարողացա իրար ետևից մի քանի հաղթանակներ տանել։ Այնպես ստացվեց, որ վերջին տուրից առաջ հաղթանակի դեպքում ես կմասնակցեցի թայ բրեքներին, սակայն Լամիի հետ խաղում, երբ երկուսիս էլ հաղթանակ էր պետք, խաղն ավարտվեց ոչ-ոքի, և երկուսս էլ կորցրինք թայ բրեքներին մասնակցելու հնարավորությունը։ Ես հավաքեցի +3։

ՄԵԶ ՉԷԻՆ ՆԵՂԱՑՆԻ...

- Ավի՛կ
, դու գիտես, որ Հայաստանի առաջնության չեմպիոնը միաժամանակ ազգային հավաքականի ուղեգիր է նվաճում։ Որոշ շախմատիստների կարծիքով, դա հավաքականում ընդգրկվելու փոքր-ինչ դաժան տարբերակ էի՞նչ ես կարծում։

-
Դե՛, քանի որ հավաքականում 1-4-րդ տեղերը զբաղեցնում են գործակցով, կարծում եմ 5-րդ ուղեգրի ձևն անաչառ է։

- Այս
տարի դու Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեցիր Խանտի-Մանսիյսկում կայացած համաշխարհային օլիմպիադային, որտեղ վերջին երկու  օլիմպիադաների չեմպիոն Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Ի՞նչն էր  այդ  անհաջող ելույթի պատճառը։

- Կարծում եմ՝ ինչպես շախմատիստն,  այնպես էլ հավաքականը չեն կարող լավ խաղալ բոլոր մրցաշարերում։ Ըստ իս, մեր հավաքականն այս տարի այնքան էլ լավ մարզավիճակում չէր։

- Կազմակերպչական
առումով քեզ դուր եկա՞վ օլիմպիադան։

-
Շատ լավ էր կազմակերպված, լավ պայմաններ էին ստեղծված։ Ես այն կարող եմ համեմատել միայն ուրիշ մրցաշարերի հետ, օլիմպիադաների հետ չեմ կարող համեմատել, քանի որ իմ առաջին օլիմպիադան էր։ Քաղաքն ինձ դուր եկավ, ակտիվ հայություն կար, գալիս էին մեզ աջակցելուցավոք մեր թիմի խաղը չստացվեց։

- Օլիմպիադայից
առաջ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան խոստացել էր 1-ին տեղը զբաղեցնելու դեպքում  հավաքականի անդամներին պարգևատրել 50-հազարական դոլարով, 2-րդ տեղի դեպքում ՝ 25-հազարական դոլարով, 3-րդի դեպքում  ՝ 12-հազարական դոլարով։ Հայաստանի ֆեդերացիայի կողմից նմանատիպ խոստումներ եղե՞լ էին։

-
Ասենք այսպես. մեզ չէին նեղացնի։

ԿԱՐՈՂ ԷԻ ԽԱՂԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹՈՒՄ, ԲԱՅՑ ԻՆՁ ՉԷԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ...

- Վերջերս
Զավենը նվաճեց Ռուսաստանի գավաթը։ Չնայած նրա հոգնածությանը և լարված մրցաշարային գրաֆիկին, դու սպասո՞ւմ էիր այդպիսի արդյունքի։

-
Քանի որ ես ու Զավենը միասին շատ ենք պարապում, ես նրան  լավ գիտեմ՝ նա  շատ ուժեղ շախմատիստ է,ու չնայած որ նրա գործակիցը 2600-ից իջել էր մի պահ, սակայն դա ոչինչ չէր նշանակում։ Եթե ամեն մրցամարտից  առաջ շատերը մտածում էին, որ Զավենի մրցակցի հնարավորություններն ավելի մեծ են գործակցի տարբերության պատճառով,  բայց ես,իմանալով Զավենի իրական ուժը, այդպես չէի մտածում։ Զավենը շատ տաղանդավոր է և լուրջ պարապում է, և  միանշանակ այս  հաջողությունն ամենևին էլ  պատահական չէր։

- Ավի՛կ
իմացա, որ դու էլ ես իրավունք ունեցել մասնակցելու այդ գավաթի խաղարկությանը, բայց տեղյակ չես եղել։ Ինչո՞ւ։

– Ռուսաստանի գավաթի առաջին խաղամարտի  ավարտից հետո, երբ Զավենը հեռախոսազրույցի ժամանակ  ինձ ասաց այդ մասին,  ես շատ զարմացա, համակարգչային կայքում գրված է եղել, սակայն կազմակերպիչներից ոչ ոք ինձ ոչինչ չի  ասել։ Սկզբում, իհարկե,  տխրեցի, հետո մտածեցի, որ ամեն վատ բանի մեջ մի լավ բան կա, գուցե լավն էլ հենց դա էր։ Փոխարենը ընկերս հաղթեց այդ մրցաշարում:

- Ինչպե՞ս
  է որոշվում, թե ո՞վ իրավունք ունի մասնակցելու, ասենք, այն մրցաշարին, որի մասին դու չես իմացել։

-
Վորոնեժի մրցաշարից առաջ մեզ ասել էին, որ առաջին երեք տեղերը զբաղեցնողներն իրավունք ունեն մասնակցելու Ռուսաստանի գավաթին, իսկ 4-րդ տեղը գուցե՝ այո, գուցե՝ ոչ, ես գրավեցի հենց 4-րդ տեղը և մտածեցի՝ եթե  մասնակցելու իրավունք ստանամ, կազմակերպիչներն ինձ տեղյակ կպահեն։ Քանի որ չասացին, մտքովս  չանցավ։

ԳՈՒՇԱԿՈՒՄ ԷԻ ԿՈՐՉՆՈՅԻ ՔԱՅԼԵՐԸ

Ինչպե՞ս ես վերաբերվում բլից պարտիաներին։

-
Կարծում եմ՝ չափավոր բլից խաղալը շատ օգտակար է, քանի որ արագ ես մտածում, զարգացնում է ինտուիցիան, սովորում ես արագ որոշումներ ընդունել։ Ինքս հաճախ խաղում եմ բլից ու սիրում եմ, բայց գտնում եմ, որ չարաշահելը վնասակար է։

- Վերջերս
շատ են սկսել խոսել շախմատի խաղի ժամանակը կրճատելու մասին, գուցե այդպես հնարավորություն լինի շախմատը մտցնել հեռուստատեսություն, դու ի՞նչ ես կարծում։  

- Կարծում եմ՝ շախմատը հեռուստատեսություն երբեք էլ չի մտնի, եթե այն չկրճատեն մինչև բլից դառնալը։  Այդ ժամանակ,  իհարկե, խաղը կդառնա ավելի դրամատիկ, բայց մյուս կողմից էլ խաղի որակը շատ կընկնի։ Չգիտեմ, այդքան շատ չեմ մտածել  այդ մասին։

- Ո՞րն
է քո ամենահիշարժան պարտիան։

- Ինչպես բոլոր շախմատիստները, այնպես  էլ  ես, ունեմ զոհաբերություններով, գեղեցիկ գրոհով հաղթած պարտիաներ,սակայն ինձ համար ամենահիշարժանը  և  շատ տպավորիչը է եղել 2007 թվականին Եվրոպայի պատանիների առաջնությունում գերմանացի շախմատիստ Բեք Ֆեդերիկի հետ խաղացած պարտիան։ Մրցաշարը ես սկսել էի անհաջող, սակայն պարտիայի ընթացքում   մտածում էի ոչ այնքան հաղթելու, որքան  գեղեցիկ հաղթելու մասին: Այնպես ստացվեց, որ  սկզբնախաղից հետո, երբ ես խաղում էի սպիտակներով, կիրառեցի նորույթ և արքայով հասա Ֆ4 դաշտ, երբ հակառակորդս դեռ ուներ թագուհի, երկու նավակ, փիղ։ Նավակի,  երեք զինվորի դիմաց ես ունեի երկու թեթև խաղաքար, իմ արքան, ինչպես ասացի,  գտնվում էր Ֆ4 դաշտում և երկուսիս խաղաքարերն էլ դեռ ամբողջությամբ զարգացած չէին։ Հիշում եմ՝ խաղաքարերն այնքան էլ հաջող տեսք չունեին, արքան թագուհուց շատ դժվար էր տարբերվում:  Հանդիսատեսները հավաքվել էին մեր խաղատախտակի շուրջը, շատերը տեսնում էին, որ  արքան չկա, որը կենտրոնում էր գտնվում,  շատերը երևի չէին էլ հասկանում,  թե  որն է արքան, որը՝ թագուհին։ Չնայած իմ արքայի վտանգավոր դիրքին, շատ բարդ ու հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել,  ես մտածում էի, որ  եթե ինձ հաջողվի գեղեցիկ կերպով հաղթել,  պարտիան կմտնի շախմատի պատմության մեջ։ Մի  քանի քայլ հետո իմ արքան հայտնվեց Ժ6 դաշտում, հակառակորդս կատարեց կարճ տեղափոխություն, ու պարզ չէր՝ իմ արքան է ավելի վտանգավոր դիրքում, թե` իրենը։  Այնպես ստացվեց, որ  մենք հայտնվեցիք ցեյտնոտում, փոխադարձաբար սխալներ թույլ տվեցինք։ Ի  վերջո հակառակորդս վրիպեց թագուհին և պարտան արագ ավարտվեց, այսինքն՝ այնպիսի հետաքրքրությամբ սկսված պարտիան, նույնքան հետաքրքիր չավարտվեց, որի  համար  շատ էի ցավում։

- Քո
խաղաոճը դասականներից ո՞ւմ խաղաոճին ես նմանեցնում։

-
Դժվարանում եմ պատասխանել... հիշում եմ, որ դասականների պարտիաներն ուսումնասիրելիս ամենաշատը Կորչնոյի քայլերն էի գուշակում, սկզբնախաղերի նմանություն էլ կա նրա հետ:

- Աշխարհի
չեմպիոններից ո՞ւմ խաղն է քեզ ավելի դուր եկել։

- Երևի ամենամեծ տպավորությունը ստացել եմ Կարպովի գրքից, հիշում եմ այնքան մեծ հաճույքով էի ուսումնասիրում, որ նույնիսկ գիրքն ավարտելուց հետո տխրել էի:

- Պատմիր
քո հետագա անելիքների մասին, ի՞նչ մրցաշարերի ես պատրաստվում մասնակցել։

- Դեկտեմբերի 13-ից կմասնակցեմ Բուլղարիայում անցկացվելիք օփենին, դա ավելի շատ Հայաստանի առաջնությունից առաջ կլինի նախապատրաստական մրցաշար, դրանից հետո, ճիշտն ասած, դեռ չեմ որոշել որտեղ կխաղամ, հետագան պարզ կլինի Հայաստանի առաջնությունից հետո։

-
Հիմա ո՞վ է քո մարզիչը, ովքե՞ր են քեզ օգնում։

- Ցավոք սրտի, հիմա Արթուր Չիբուխչյանը Պարսկաստանում է, մարզչությամբ է զբաղվում, հիմնականում աշխատում եմ Վլադիմիր Հակոբյանի և Զավեն Անդրեասյանի հետ։

- Ի՞նչը
  կարող է շախմատին խանգարել։

- Շատ բաներ... օրինակ քաղաքից դուրս լինելը, հյուրեր ընդունելը և այլն։

- Այսինքն՝
հանուն շախմատի զոհողության չես գնում։

- Լինում է, որ գնում եմ, բայց ոչ միշտ, ինչ   բնականոն է ... Իհարկե ամեն ինչ կախված իմ տրամադրությունից... Եթե տրամադրություն չեմ ունենում, չեմ պարապում,  իսկ սովորաբար օրը  երկուսից երեք պարապմունք եմ անցկացնում՝ ամեն մեկը մոտավորապես երեք ժամ տևողությամբ։

- Որտե՞ղ
եք անցկացնում ձեր մարզումները:

- Մարզումները հիմնականում անցկացնում  ենք Երևանում, տարվա մեջ մի քանի անգամ ֆեդերացիան Եվրոպայի առաջնություններից, հավաքականի մրցելույթներից առաջ կազմակերպում է հավաքներ,  բնության գրկում մարզվելն ավելի հաճելի է:

Ազատ ժամանակ ինչո՞վ ես զբաղվում։

-
Քանի որ շախմատը նստակյաց սպորտաձև է, ազատ ժամանակս հիմնականում ակտիվ եմ անցկացնում,հաճախում եմ լողավազան, ֆուտբոլ, թենիս եմ խաղում, կինո եմ նայում, ընկերներիս հետ եմ հանդիպում:

ՅՈԳԱՆ՝ ՈՐՊԵՍ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼՈՒ ՄԻՋՈՑ

- Ես
երբևիցե չէի տեսել գրոսմայստերի, ով քեզ նման  թեժ երթևեկության ժամերին   հեծանիվով զբոսնի քաղաքում։  

- Հեծանիվ ես սիրել եմ մանկուց ու քանի որ փոքր տարիքում  չեմ ունեցել, վերջերս իրականացրի իմ երազանքը՝ հեծանիվ գնեցի։ Երբ մրցաշարերի մասնակցելու համար գտնվում եմ արտերկրում, միշտ օգտվում եմ վարձույթով հեծանիվից, մանավանդ որ այնտեղ փողոցներում հեծանիվի համար կան հատուկ ուղիներ։ Ցավոք, մեզ մոտ ստիպված պետք է սլանաս մեքենաների արանքով։

- Վերջերս
քո հարցազրույցներից մեկից իմացա, որ  ընկերոջդ՝ Զավենի խորհրդով  պատրաստվում ես Ագաթա Քրիստի կարդալ։ Ի՞նչ բախտի արժանացավ այդ  որոշումը։

- Առաջին
գիրքը, որ կարդացի("Ռոջեր Աքրոյդի սպանությունը"), հետաքրքիր էրշատ դուր եկավ ինձ, իսկ ահա երկրորդը("Ջենթլմենական սպանություն")՝ ոչ այնքան, ու այդպես էլ կիսատ թողեցի։ Գրքեր կարդալ այդքան էլ շատ չի ստացվում, ավելի նախընտրում եմ վավերագրական կինոնկարներչնայած հասկանում եմ, որ գիրքն ունի իր տեղն ու դերը։

-
Գիտեմ, որ զբաղվում ես նաև յոգայով, ի
՞նչ է տալիս քեզ այն։

-
Նախ միշտ ինձ դա հետաքրքրել է, հետո ես կարդացի Անանդի հարցազրույցներից մեկում, որ նա զբաղվել է յոգայով, և դա նրան շատ է օգնել։ Իմ մեջ միշտ կար այդ ցանկությունը, զբաղվել յոգայով,ես սովորեցի արագ հանգստանալ, արագ   վերականգնել ուժերս, կենտրոնանալ: Յոգայով զբաղվելուց հետո դեռ որևէ մրցաշարի չեմ մասնակցել, Բուլղարիայինը ցույց կտա, թե ինչ է ինձ տվել յոգան:

-
Ի՞նչ ես անում պարտությունից հետո, զբաղվո՞ւմ ես ինքնաքննադատությամբ, կարողանո՞ւմ  ես քնել, հանգստանալ։

- Պարտությունից հետո սկզբում շատ տհաճ զգացողություն  եմ ունենում, փորձում եմ տիրապետել ինձ, հանկարծ ոչ կոռեկտ բան չանել, որովհետև լարված, նյարդայնացած եմ լինում առաջին պահին։ Առաջ ավելի ծանր էի տանում, հիմա արդեն սովորել եմ, հասկանում եմ, որ առանց պարտությունների հնարավոր չէ։ Փորձում եմ տանը վերլուծել, հասկանալ սխալներս ու ինչքան հնարավոր է շուտ մոռանալ պարտության դառնությունը: Հիմնականում այդ ժամանակ հետս լինում են ընկերներս, իրենց հետ շփվում եմ, քայլում եմ, երաժշտություն լսում։

ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԽԱՌՆՎԵԼ ՈՒՐԻՇԻ ԳՈՐԾԵՐԻՆ

- Շախմատային հանրության ուշադրության կենտրոնում է 2011 թվականի ամենամեծ շախմատային իրադարձությունը՝ հավակնորդների մրցաշարը, որին մասնակցելու է նաև Լևոն Արոնյանը, ինչպե՞ս ես գնահատում նրա հնարավորությունները:

-
Լևոնն անկասկած աշխարհի ուժեղագույն շախմատիստներից է, նա հիմա շատ լավ մարզավիճակում է։ Կարծում եմ՝ ամենալուրջ հավակնորդներից է և փայլուն հնարավորություններ ունի: Հուսով եմ, որ հենց հավակնորդների մրցարշարով կշարունակվի իր հաղթարշավը:

- Մեծ
աղմուկ բարձրացրեց նորվեգացի Մագնուս Կառլսենի՝ հավակնորդների մրցաշարին մասնակցելուց հրաժարվելը, ըստ քեզ, նա ճի՞շտ վարվեց:

-
Ես չեմ սիրում խառնվել ուրիշների որոշումներին, մանավանդ տվյալ դեպքում շատ քիչ բան գիտեմ, դա իր որոշումն է ու վերաբերում է իրեն:

-
Ինչպե՞ս անցավ տարին հայ շախմատիստների համար:

-
Հավաքականի համար տարին հաջող չէր, սակայն, կարծում եմ, առանձին շախմատիստներ ունեցան մեծ հաջողություններ:

-
Ի՞նչ նպատակներ ունես, որոշել  ես մինչև կյանքիդ վերջն զբաղվե՞լ շախմատով, թե՞ հասնել ինչ-որ կետի և դադարեցնել շախմատը, զբաղվել ուրիշ բանով:

-
Իհարկե շախմատը իմ մասնագիտությունն է և դրանով եմ զբաղվելուբայց դա չի նաշանակում,որ ես ինձ պետք է զրկեմ կյանքի մյուս գույներից:

Share |

Լրահոս