Նարեկ Բեգլարյանը Միկայի 500-րդ գոլի հեղինակ

13:35 25.07.2011

Առաջնության 15-րդ տուրում "Շիրակի" հետ հանդիպման 27-րդ րոպեին գրավելով Իգոր Լոգվինովի դարպասը, "Միկայի" հարձակվող Նարեկ Բեգլարյանը ոչ միայն բացեց հանդիպման հաշիվը, այլև դարձավ բարձրագույն խմբի առաջնություններում թիմի խփած հոբելյանական' 500-րդ գոլի հեղինակը:


Այդ ցուցանիշին "Միկայի" ֆուտբոլիստները հասան բարձրագույն խմբում անցկացրած 306-րդ խաղում: Թիմի միջին արդյունավետությունը կազմում է 1,64 գնդակ մեկ խաղում: Առավել արդյունավետ միկացիները գործել են 2009թ.' 28 հանդիպումներում խփելով 59 գնդակ (միջինը' 2,1):


Բարձրագույն խմբի առաջնություններում "Միկան" գոլերի հաշիվը բացել է 2000թ. ապրիլի 4-ին "Զվարթնոցի" հետ խաղում: Դա առաջնության 2-րդ տուրի հանդիպումն էր: Թիմը նորամուտը նշել էր Արարատի "Արաքսից" 0:2 հաշվով կրած պարտությամբ, իսկ ահա 2-րդ տուրում 4:1 հաշվով հաղթեց "Զվարթնոցին": Այդ հանդիպման 19-րդ րոպեին Արմեն Մարկոսյանը դարձավ "Միկայի" անդրանիկ գոլի հեղինակը' գրավելով Էդիկ Երիցյանի պաշտպանած դարպասը:


"Միկայից" 3 մրցաշրջան պահանջվեց 100-րդ գոլի հոբելյանը նշելու համար: Հոբելյանական գնդակն իր օգտին գրանցեց թիմի լեգեոնական Անդրեյ Բուլանովը' 2002թ. հուլիսի 23-ին գրավելով "Արարատի" դարպասապահ Տիգրան Ասլանյանի պաշտպանած դարպասը, ով ներկայումս "Միկայի" դարպասապահների մարզիչն է: Ընդ որում այդ խաղում Բուլանովը 2 գոլ խփեց, որից առաջինն էր հոբելյանական գնդակը: Հետաքրքիր է, որ "Միկայի" 300-րդ և 400-րդ գոլերի հեղինակներ Սկանյոն Ակլեյսոնն ու Արամ Ոսկանյանն էլ հոբելյանական գոլերը խփած խաղերում 2-ական գոլի հեղինակ են դարձել: Ընդ որում հոբելյանական են եղել նրանց խփած 2-րդ գոլերը:


Ահա "Միկայի" հոբելյանական գոլերի հեղինակները:

Գոլ

Հեղինակ

Ամսաթիվ

Մրցակից

Հաշիվ

Դարպասապահ

100-րդ

Անդրեյ Բուլանով

23.07.2002

"Արարատ"

2:2

Տիգրան Ասլանյան

200-րդ

Արտյոմ Ադամյան

23.09.2004

"Դինամո-Զենիթ"

2:1

Էդիկ Երիցյան

300-րդ

Սկանյոն Ակլեյսոն

14.04.2007

"Կիլիկիա"

2:1

Մարտիկ Մկրտումյան

400-րդ

Արամ Ոսկանյան

13.06.2009

"Ուլիս"

2:1

Մանվել Աֆրիկյան

500-րդ

Նարեկ Բեգլարյան

24.07.2011

"Շիրակ"

4:1

Իգոր Լոգվինով                          


Բարձրագույն խմբի առաջնություններում "Միկայի" խփած 503 գոլերի հեղինակներ են դարձել թիմի 77 ֆուտբոլիստներ, ինչպես նաև մրցակիցների 5 խաղացողներ'Տիգրան Գսպեյանը (2002թ., "Դինամո"), Արման Պողոսյանը (2004թ., "Կոտայք"), Արկադի Եփրեմյանը (2006թ., "Արարատ"), Կարեն Զաքարյանը (2007թ., "Գանձասար") և Անդրեյ Բուրդիյանը (2008թ., "Բանանց"), որոնք գրավել են սեփական դարպասը: Ընդ որում Բուրդիյանը 2 անգամ է տհաճություն պատճառել իր թիմի դարպասապահին' "աչքի" ընկնելով 2008թ. առաջնության 3-րդ և 4-րդ շրջանների հանդիպումներում: Հետաքրքիր է, որ գոլի հեղինակ է դարձել նաև "Միկայի" դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը, ով 2006թ. "Կիլիկիայի" հետ խաղում հաջող է իրացրել 11մ հարվածը:

Նարեկ Բեգլարյանն ընթացիկ առաջնությունում 5-րդ գոլը խփեց ու ընդամենը 1 գնդակով է հետ մնում լավագույն ռմբարկուներ Մարկոս Պիզելիից և Էդգար Մանուչարյանից: "Միկայի" կազմում նա արդեն 29 գնդակ է խփել ու այս ցուցանիշով թիմի ներկայիս ֆուտբոլիստներից ամենաարդյունավետն է: Բեգլարյանը թիմի կազմում նորամուտը նշել է 2005թ. հուլիսի 9-ին "Դինամո-Զենիթի" հետ խաղում: 64-րդ րոպեին փոխարինելով Սերգեյ Շևչենկոյին, Նարեկը 88-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը' գրավելով Էդիկ Երիցյանի պաշտպանած դարպասը: Բեգլարյանը "Միկայի" բոլոր տարիների լավագույն ռմբարկուների ցանկում եզրափակում է եռյակը:


Ահա "Միկայի" 10 լավագույն ռմբարկուների ցուցանիշները բարձրագույն խմբում:


Ֆուտբոլիստ

Գոլ

Խաղ

Միջին

Մրցաշրջան

1.Արտյոմ Ադամյան

43

142

0,30

2002-2008թթ.

2.Արմեն Շահգելդյան

42

94

0,44

2001-2002, 2004-2007թթ.

3.Նարեկ Բեգլարյան

29

113

0,25

2005-2011թթ.

4.Դավիթ Գրիգորյան

27

124

0,21

2000-2004, 2006, 2008թթ.

5.Ալեքս Էնրիկե դա Սիլվա

25

131

0,19

2006-2011թթ.

6.Արամ Ոսկանյան

22

51

0,43

2003, 2008-2011թթ.

7.Բոտի Դեմել

22

44

0,50

2008-2010թթ.

8.Անդրեյ Բուլանով

19

26

0,73

2001-2002թթ.

9.էդնեյ դե Օլիվեյրա

19

65

0,29

2009-2011թթ.

10.Սամվել Նիկոլյան

15

29

0,51

2000-2001թթ.





Share |

Լրահոս