Մահացել է Շիրակի և Արարատի նախկին հարձակվողը

12:48 08.11.2011

71 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է սպորտի վարպետ, Գյումրիի "Շիրակի", Երևանի "Արարատի" և Մոսկվայի "Սպարտակի" նախկին հարձակվող Ժակ Սուփրիկյանը:

Նախկինում հայտնի ֆուտբոլիստի մասին ArmSport.am-ի հետ զրույցում պատմեց ԽՍՀՄ տարիներին երկար ժամանակ Երևանի "Արարատը" ղեկավարած Օնիկ Աբրահամյանը.


"Ժակ Սուփրիկյանը շատ լավ մարդ էր, շատ լավ ընկեր: Նա Բեյրութում էր սկսել ֆուտբոլով զբաղվել ապա տեղափոխվել էր Հայաստան: Սկզբում հանդես էր գալիս Գյումրիի "Շիրակում": Շատ արագաշարժ և ուժեղ աջ եզրային հարձակվող էր: "Շիրակից" տեղափոխվեց "Արարատ", իսկ որոշ ժամանակ անց նրան հրավիրեցին Մոսկվայի "Սպարտակ", որտեղ մեկ տարի անց հանդես գալուց հետո վերադարձավ "Արարատ":

 

Միասին մենք թե՛ ֆուտբոլ ենք խաղացել, թե՛ մարզչական գործունեությամբ ենք զբաղվել: Երբ ես դարձա "Արարատ" թիմի պետը, նա դեռ մարզչական ասպարեզում էր: 1983 թվականին, երբ Նիկիտա Սիմոնյանը կրկին գլխավորեց "Արարատը", Ժակ Սուփրիկյանն էր Նիկիտա Պավլովիչի օգնականը:

Երկար տարիներ աշխատել է նաև "Մալաթիայի" մարզադպրոցում, ունեցել է լավ սաներ, որոնք հետագայում հայտնի ֆուտբոլիստներ են դարձել":


Օնիկ Աբրահամյանը հայտնեց, որ Ժակ Սուփրիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, Երևանի Սարյան փողոցի 10 շենքի 15-րդ բնակարանում: Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը:

Share |

Լրահոս

Loading...