Բագրատ Նավոյան. Ալաշկերտի 50 տոկոսը պետք է Սևանի ավազանի տղաներ լինեն

10:25 22.12.2011

Հայաստանում ներկայումս գործող ընդամենը 8 ֆուտբոլային ակումբների թիվն ավելացավ ևս մեկով։ Վերածնվեց «Մարտունի-Ալաշկերտ» թիմը, որը հաջորդ տարի կմասնակցի Հայաստանի առաջին խմբի առաջնությանը։ Ակումբի հիմնադիր Բագրատ Նավոյանը պատասխանել է Armsport.am-ի հարցերին։


–Ես ծնունդով Ալաշկերտցի եմ: Գիտեի, որ «Ալաշկերտ» անունով թիմ ենք ունեցել, որոշեցի նոր թիմ ստեղծել, անունն էլ դրեցի «Մարտունի-Ալաշկերտ»։


-Պարոն Նավոյան, փաստորեն զրոյից նոր ակումբ եք հիմնում: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել և ինչպե՞ս եք պատկերացնում «Մարտունի-Ալաշկերտի» ապագան:

 

- Իսկապես ակումբը զրոյից եմ հիմնել: Այլ ակումբ գնելու տարբերակ ունեի, սակայն նախընտրեցի նորը հիմնել: Ինչպես գիտեք, գլխավոր մարզիչը Ալբերտ Սարգսյանն է, ով այս պահին զբաղվում է ֆուտբոլիստների ընտրությամբ: Թիմի բոլոր գործերը Ալբերտին եմ վստահել: Ապագայի մասին դեռ շուտ է խոսել:


-Ո՞վքեր են ընդգրկված թիմի կազմում:

 

-Նախապես նշեմ, որ լեգեոներներ չկան և առաջիկայում չեն լինելու: Գիտեմ, որ Ալբերտը մի քանի լավ երիտասարդներ է ընգրկել մեր տեղական ակումբների մարզադպրոցներից, մասնավորապես' «Փյունիկի» և «Միկայի» դպրոցներից: Աշխատելու ենք այնպես անել, որ թիմի գոնե 50 տոկոսը լինեն Սևանի ավազանի տղաներ:


-Ի՞նչ հիմքերի վրա է ֆուտբոլն այսօր Մարտունիում, և կա՞ն արդյոք համապատասխան կադրեր, ովքեր կարող են խաղալ «Ալաշկերտում»:

 

-Մարտունիում մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց կա և այնտեղ խոստումնալից երեխաներ կան, ովքեր հետագայում կարող են համալրել թիմը:


-Դպրոցը  Ձե՞զ է պատկանում:

 

-Ոչ, քաղաքապետարանին է պատկանում:


-Որտե՞ղ է «Ալաշկերտն» անցկացնելու տնային հանդիպումները: 

 

-Մարտունիում մարզադաշտ կա, որը վերանորոգելու և խոտածածկը փոխելու կարիք ունի, մինչև այն կարգի բերելը հանդես կգանք Երևանում՝ «Նաիրի» մարզադաշտում:



-Մարտունու մարզադաշտը նույնպես քաղքապետարանի՞ն է պատկանում:

 

-Չգիտեմ, գուցե սեփականատեր ունի, դեռ չեմ ճշտել: Շուտով կճշտեմ, բայց, կարծում եմ, եթե տեր էլ ունենա խնդիրներ չեն առաջանա:


-Դուք հաջողված գործարարի համբավ ունեք, բայց որքան գիտեմ ֆուտբոլում առաջին անգամ եք ներդրում կատարում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

 

-Ֆուտբոլում առաջին անգամ եմ ներդրում կատարում: Շատ մոտ եմ կանգնած եղել «Միկա» ակումբին և միշտ աջակցել եմ նրանց, բայց որոշեցի սեփական ակումբ հիմնել: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ասեմ, որ շատերն այսօր ֆուտբոլում ներդրում կատարելը խելամիտ չեն համարում, բայց ես այդպես չեմ կարծում: Սա ինձ համար բացի բիզնեսից նաև հայրենասիրություն ու ազգանվեր գործ է: Մարդիկ ցանկանում եմ ներդրում կատարել և 1-2 տարում եկամուտ ստանալ: Մոսկվան մեկ օրում չի կառուցվել: Առաջիկա 5 տարիներին ոչինչ չեմ ակնկալում: Այդ ընթացքում փորձելու ենք ակումբը կառուցել և կայացնել:


-Մարտունիում ի՞նչ արձագանքներ եղան:

 

-Դեռ այդքան մեծ չէ արձագանքը, բայց նրանք ովքեր տեղյակ են շատ են ուրախացել. Կարծում եմ' բոլոր մարզերն էլ ցանկանում են իրենց ակումբն ունենալ, շատերը կքաջալերվեն ու կաջակցեն իրենց թիմին: «Այսօր» ամենաշատ երկրպագուները հավաքվում են հենց մարզերի թիմերի խաղերին' «Գանձասարն» ու «Շիրակը» ձեզ օրինակ:


-Ռուբեն Հայրապետյանի հետ խոսե՞լ եք այս թեմայի շուրջ: ՀՖՖ-ից աջակցություն ակնկալո՞ւմ եք:

 

-Զրուցել ենք և հուսով եմ՝ ՀՖՖ-ն կաջակցի. ակումբը ոչ միայն նորաստեղծ է, այլև՝ մարզային, ինչը շատ է նպաստում երկրում ֆուտբոլի զարգացմանը: Համենայն դեպս կարծում եմ, որ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում ինտրիգը կմեծացնենք: Արդեն թիմերը հանգիստ չեն լինի և կպայքարեն բարձրագույն խմբում տեղը չկորցնելու համար:


Share |

Լրահոս