Ակումբային ֆուտբոլի պատմություն. ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ (ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ)

10:38 10.02.2012

Շարունակում ենք ներկայացնել հայկական այն ակումբներին, որոնք դադարեցրել են իրենց ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Այսօր կանդրադառնանք «Լեռնային Արցախին», որը 214 խաղ է անցկացրել Հայաստանի առաջնություններում:


ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցել է 1993-1999, 2001-2002, 2005թթ.: 1993-1995թթ. հանդես է եկել "Երազանք", 1995/96-2001թթ.' "Ղարաբաղ", 2002թ.' "Արցախ", 2005թ.' "Լեռնային Արցախ" անվանումով:

Անցկացրել է 214 խաղ, +60=39-115, 244:392:

Ամենախոշոր հաշվով հաղթանակը' 6:0 ("Գյումրի", 1999թ.):

Ամենախոշոր հաշվով պարտությունը' 0:7 ("Արարատ", 1993թ., "Շիրակ", 1999թ., "Զվարթնոց", 2002թ.):

Թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել Սասուն Սարգսյանը' 176:

Լավագույն ռմբարկուն Մհեր Ավանեսյանն է' 39 գոլ:

Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Արթուր Ղահրամանյանին' 12 գոլ (1993թ.):

Արցախը ներկայացրած ֆուտբոլային թիմը թեև ՀՀ առաջնություններում ու գավաթի խաղարկություններում առանձնակի հաջողությունների չի հասել' ցույց տալով համեստ արդյունքներ, սակայն իր մարտունակությամբ, մինչև վերջ պայքարելու ձգտմամբ մշտապես ֆուտբոլասերների հարգանքն է վայելել: Թիմի համար ամենահաջող մրցաշրջանը 1995/96թթ. առաջնությունն էր, որում "Ղարաբաղը" 12 թիմերի մրցավեճում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը:

Ղարաբաղում Ադրբեջանի հրահրած պատերազմի պատճառով Ստեփանակերտի "Երազանքը" չկարողացավ մասնակցել ՀՀ անդրանիկ առաջնությանը: Թիմի ֆուտբոլիստների մեծամասնությունը գնդակը փոխարինելով զենքով, մարտի դաշտ էին դուրս եկել' պաշտպանելու հայրենի հողը: Միայն 1993թ. ակումբը պաշտոնապես դիմեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային' խնդրելով թույլատրել մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը: Վերջինիս հարցով ՀՖՖ-ն դիմել էր ՖԻՖԱ-ին, քանի որ ադրբեջանցիներն այդ առիթով բողոքել էին: Ի վերջո որոշվեց "Երազանքին" թույլատրել մասնակցելու Հայաստանի առաջնությանը, սակայն ներկայացնելով ոչ թե Ստեփանակերտը, այլ Երևանը: Սեփական հարկի տակ նախատեսված հանդիպումներն էլ թիմը պետք է անցկացներ Էջմիածնում:

"Երազանքը" հաղթանակով սկսեց առաջնությունը' ապրիլի 11-ին սեփական հարկի տակ 5:4 հաշվով պարտության մատնելով Երևանի "Կանազին": Ընդ որում առաջին խաղակեսից հետո թիմը պարտվում էր 0:2 հաշվով: "Երազանքի" առաջին գոլի հեղինակ դարձավ Համլետ Հարությունյանը: Թիմի նորամուտը հաջող կարելի է համարել: 15 թիմերի մրցավեճում "Երազանքը" գրավեց 8-րդ տեղը: Արդյունավետ խաղով աչքի ընկավ Արթուր Ղահրամանյանը' խփելով 12 գնդակ: Այդ ցուցանիշը հետագա տարիներին էլ մնաց լավագույնը:

Արցախյան ակումբի տարեգրության տխուր էջը գրվեց 1999թ. մրցաշրջանում, երբ ֆինանսական դժվարությունների պատճառով "Ղարաբաղը" ստիպված էր 15-րդ տուրից հետո դուրս գալ առաջնությունից: 2001թ. "Ղարաբաղը" կրկին իրավունք ստացավ հանդես գալու բարձրագույն խմբում, իսկ հաջորդ տարի վերանվանվեց "Արցախ": Այդ ժամանակ ակումբին ֆինանսական օգնություն էին ցուցաբերում "Արարատի" արտասահմանցի հովանավորները: Եվ երբ 2003թ. "Արարատին" զրկեցին ՀՀ առաջնությանը մասնակցելու իրավունքից, "Արցախն" էլ հրաժարվեց բարձրագույն խմբի մրցաշարից ու ստիպված էր հաջորդ տարի խաղալ առաջին խմբում: Իսկ 2005թ. մրցաշրջանն իսկական մղձավանջ էր "Լեռնային Արցախի" ֆուտբոլիստների համար:

"Արարատի" առջև բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հարցում կրկին խոչընդոտներ էին հայտնվել: Թիմը պետք է "Արարատ-2" անվամբ հանդես գար առաջին խմբում: Իսկ "Լեռնային Արցախը" ուժեղագույնն էր ճանաչվել առաջին խմբում ու պետք է մասնակցեր բարձրագույն խմբի մրցաշարին: Սակայն վերջին պահին "Արարատի" հովանավորները որոշեցին ֆուտբոլիստների յուրօրինակ փոխատեղություն կատարել: "Լեռնային Արցախում" ընդգրկվեցին "Արարատի" ֆուտբոլիստները, որոնք Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ պետք է խաղային բարձրագույն խմբում, իսկ արցախցի ֆուտբոլիստները տեղափոխվեցին "Արարատ-2"' Սլավա Գաբրիելյանի ղեկավարությամբ հանդես գալով առաջին խմբում: Արցախցի ֆուտբոլիստներից "Լեռնային Արցախում" ընդգրկվել էին միայն դարպասապահ Արթուր Ավագյանը, Արսեն Սարգսյանը, Արթուր Գաբրիելյանը, Լևոն Մկրտչյանն ու Արարատ Ղազարյանը:

"Լեռնային Արցախը" "Շիրակի" նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակով (4:1) մեկնարկեց, որից հետո 5 անընդմեջ պարտություն կրեց: 7-րդ տուրում հաղթելով "Լեռնագործի" հետ կայացած սկզբունքային խաղում, հաջորդ տուրերում "Լեռնային Արցախը" պարտվեց "Էսթեղլալ-Կոտայքին" (1:4) ու "Փյունիկին" (1:3), առավելության հասավ "Դինամո-Զենիթի" նկատմամբ (1:0):

Հունիսի 28-ին Ոսկեհատում "Միկայի" հետ կայացած հանդիպումը դարձավ վերջինը "Լեռնային Արցախի" կենսագրությունում: 28-րդ րոպեին, երբ  "Միկան" հաղթում էր 1:0 հաշվով, տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Հանդիպման մրցավար Արարատ Ճաղարյանը վեճի բռնվեց "Լեռնային Արցախի" գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի և նրա օգնական Գեորգի Անդրեասյանի հետ ու փոխադարձ վիրավորանքներից հետո երկուսին էլ հեռացրեց պահեստայինների նստարանից: Նյարդային մթնոլորտում անցած հանդիպումը 2:0 հաշվով շահեց "Միկան": Իսկ "Լեռնային Արցախը", որ 11 խաղից հետո 9 միավորով ընթանում էր 6-րդ տեղում և լավ հնարավորություններ ուներ առաջին փուլից հետո պահպանել տեղը լավագույն վեցնյակում, հաջորդ օրը հրաժարվեց առաջնությունից: ՀՖՖ-ին ուղղված նամակում ակումբի նախագահ Հայկ Ջավադյանը տեղեկացրել էր, որ Լեռնային Ղարաբաղում հիմնվել է ֆուտբոլի ֆեդերացիա և որոշվել է առաջնություն անցկացնել, ուստի "Լեռնային Արցախը" դուրս է գալիս ՀՀ առաջնությունից:

Նաև նշել էր, որ այդ քայլը նպատակահարմար է այն պատճառով, որ այսուհետ թիմը հանդես կգա սեփական հարկի տակ' Ստեփանակերտի մարզադաշտում: "Լեռնային Արցախում" ընդգրկված արարատցիները վերադարձան "Արարատ-2" ու շարունակեցին ելույթները նորանշանակ գլխավոր մարզիչ Սամվել Ղասաբօղլյանի գլխավորությամբ' նվաճելով բարձրագույն խմբի ուղեգիր: Իսկ արցախցի ֆուտբոլիստներն անգործության մատնվեցին, "Լեռնային Արցախն" էլ փաստորեն կազմալուծվեց:

«Լեռնային Արցախի» լավագույն ռմբարկու Մհեր Ավանեսյանը


Արցախցի ֆուտբոլիստներից առաջին հերթին պետք է առանձնացնել ռմբարկուի հատկանիշներով օժտված Մհեր Ավանեսյանին, ով "100-ի ակումբի" անդամ է: 39 գնդակով թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն արդյունավետ խաղով աչքի է ընկել նաև "Զվարթնոցում" խաղալիս: Կայուն ելույթներով աչքի էր ընկնում Սասուն Սարգսյանը, ով յուրօրինակ ռեկորդի հեղինակ է: Նա անընդմեջ մասնակցել է թիմի անցկացրած առաջնության բոլոր 154 հանդիպումներին: Մինչև անցած մրցաշրջանը նրան էր պատկանում նաև առաջնությունում առանց փոխարինման, անընդմեջ անցկացրած խաղերի քանակով (57) ռեկորդային ցուցանիշը, որը 2011թ. գերազանցեց փյունիկցի Արթուր Յուզբաշյանը' 58 խաղ: Թիմի առանցքային ֆուտբոլիստներից էին նաև դարպասապահ Սպարտակ Գաբրիելյանը, Արթուր և Գրիգոր Ղահրամանյանները, Արարատ Ղազարյանը, Լևոն Մկրտչյանը, Մարատ Հովհաննիսյանը, Նաիրի Պետրոսյանը, Սարգիս Աղաջանյանը, Արկադի Հակոբյանը: 1999թ. "Ղարաբաղում" հանդես է եկել "Ուլիսի" ներկայիս գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը: Երկար տարիներ ղարաբաղյան թիմը գլխավորել է Սլավա Գաբրիելյանը:

 "Լեռնային Արցախի" ցուցանիշները  ՀՀ  առաջնություններում

Թ

Խ

Հ

Ո

Պ

Գ

Մ

Տեղ (Թիմ. քան.)

Ռմբարկուն

Գ

1993

28

11

3

14

44:55

25

8(15)

Արթուր Ղահրամանյան

12

1994

28

9

5

14

29:50

23

9(15)

Արթուր Ղահրամանյան

8

1995

10

0

4

6

6:16

4

6 (6, 1-ին ենթ.)

 Արկադի Հակոբյան

3

1995/96

22

8

5

9

29:28

29

7(12)

Արկադի Հակոբյան

8

1996/97

22

7

4

11

23:29

25

8(11)

Վահրամ Լոբյան

5

1997

18

5

3

10

13:28

18

8 (10)

Մհեր Ավանեսյան

5

1998

20

4

5

11

24:37

17

8 (9)

Արարատ Ղազարյան

6

1999

15

7

2

6

27:21

23

-

Մհեր Ավանեսյան

10

2001

22

2

6

14

19:63

12

11(12)

Արարատ Ղազարյան

5

2002

22

5

2

15

21:52

17

9(12)

Մարատ Հովհաննիսյան

9

2005

11

3

0

8

14:22

9

-

Ռենատո դե Մորայես

4


Լավագույն տասնյակները

Ֆուտբոլիստներ

Գոլ

1.Մհեր Ավանեսյան

39

2.Արարատ Ղազարյան

24

3.Արթուր Ղահրամանյան

21

4.Արկադի Հակոբյան

16

5.Մարատ Հովհաննիսյան

15

6.Լևոն Մկրտչյան

15

7.Սասուն Սարգսյան

15

8.Գրիգոր Ղահրամանյան

14

9.Սարգիս Աղաջանյան

11

10.Գրիգոր Առաքելյան

10


Ֆուտբոլիստներ

Խաղ

1.Սասուն Սարգսյան

176

2.Լևոն Մկրտչյան

156

3.Գրիգոր Ղահրամանյան

147

4.Արարատ Ղազարյան

128

5.Մհեր Ավանեսյան

115

6.Համլետ Հարությունյան

114

7.Սերգեյ Գաբրիելյան

101

8.Գարիկ Դավթյան

96

9.Նաիրի Պետրոսյան

95

10. Մարատ Հովհաննիսյան

91


Հ.Գ. Հակոբ Բերբերյանն իր արխիվից տրամադրել է 10 տարվա վաղեմության «Լեռնային Արցախի» մասնակցությամբ հանդիպման լուսանկարներ, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:


Share |

Լրահոս