Ակումբային ֆուտբոլի պատմություն. "ԵՐԵՎԱՆ" (ԵՐԵՎԱՆ)

10:42 16.03.2012

1997թ. ՀՀ չեմպիոն, 1995/96, 1996/97, 1998թթ. առաջնությունների բրոնզե մրցանակակիր: 1998թ. ՀՀ գավաթի եզրափակիչի մասնակից:

ՀՀ բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցել է 1995/96-1999թթ.: Անցկացրել է 118 խաղ, +70=21-27, 242:128:


Ամենախոշոր հաշվով հաղթանակները' 6:0 ("Արագած", 1995/96թթ., "Զանգեզուր", 1996/97թթ.):


Ամենախոշոր հաշվով պարտությունը' 0:5 ("Շիրակ", 1999թ.):


Թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել Տիգրան Եսայանը' 89:


Լավագույն ռմբարկուն Տիգրան Եսայանն է'  56 գոլ:


Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Տիգրան Եսայանին' 20 գոլ (1995/96թթ.):

Թեև ֆուտբոլային կարճատև կենսագրությանը, "Երևանն" իր արժանի տեղն ունի հայկական ֆուտբոլի տարեգրությունում' հանդիսանալով 90-ականների ՀՀ առաջնությունների ուժեղագույն ակումբներից մեկը: "Երևանը" հիմնադրվեց 1995թ. գարնանային-անցումային մրցաշարի ավարտից հետո' "Կոտայք-2-ի" բազայի վրա: Ակումբի նախագահը Լևոն Հարությունյանն էր, գլխավոր մարզիչը' Վաղարշակ Ասլանյանը: Թիմում հիմնականում ընդգրկված էին երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց հետ հանդես էին գալիս արդեն զգալի ճանաչում ունեցող Երվանդ Կրբաշյանը, Տիգրան Եսայանն ու Կարեն Գրիգորյանը: 2-րդ շրջանում թիմը համալրեցին "Փյունիկի" դարպասապահ Արթուր Ավագյանն ու ՀՄՄ-ում հանդես եկած Արկադի և Կարեն Դոխոյան եղբայրները:

Առաջին անգամ աշուն-գարուն մրցակարգով անցկացված 1995/96թթ. առաջնությունում "Երևանը" հաջողությամբ նշեց նորամուտը' դառնալով բրոնզե մրցանակակիր: "Երևանն" իրեն դրսևորեց որպես մարտունակ կոլեկտիվ: Արդյունավետ խաղով աչքի ընկավ Տիգրան Եսայանը' 22 հանդիպումներում խփելով 20 գնդակ: Ընդ որում Գյումրիի "Արագածի" հետ խաղում նա 5 գոլի հեղինակ էր դարձել: Եսայանը եզրափակեց առաջնության լավագույն ռմբարկուների եռյակը: Նշենք, որ մինչև 1998թ. ներառյալ Եսայանը մշտապես դարձել է "Երևանի" լավագույն ռմբարկուն: Նա թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն է, նաև ռեկորդակիրն է անցկացրած խաղերի ու մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով:

Հարկ է նշել, որ ակումբի ղեկավարությունը բարձր պահանջներ դնելով թիմի առջև, շատ բծախնդիր էր մարզիչների ընտրության հարցում: Նույնիսկ չնչին սխալները չէին ներվում ու հերթական պարտությունը կարող էր ճակատագրական լինել գլխավոր մարզչի համար: Ուստի թիմում հաճախակի էին մարզչական փոփոխությունները:  Երբ 1995/96թթ. առաջնության 2-րդ շրջանի մեկնարկային տուրում 3-րդ տեղում ընթացող "Երևանը" 0:2 հաշվով զիջեց ՀՄՄ-ին, Վաղարշակ Ասլանյանը պաշտոնանկ արվեց, որին փոխարինեց "Արարատից" հեռացած Սամվել Դարբինյանը: Նրա գլխավորությամբ էլ երևանցիներն արժանացան բրոնզե պարգևների: Սակայն Սամվել Դարբինյանն էլ հաջորդ մրցաշրջանում նույն բախտին արժանացավ' 2-րդ շրջանի շեմին տեղը զիջելով "Կոտայքից" տեղափոխված Սամվել Պետրոսյանին: Վերջինիս հետ "Երևան" տեղափոխվեցին "Կոտայքի" նախկին ֆուտբոլիստներ Արմեն Հովհաննիսյանը, Գագիկ Մանուկյանը, Արթուր Աբազյանը, Լևոն Սարգսյանը, Հենրիկ Բերբերյանը և Էդուարդ Վերանյանը: Առաջնության մեկնարկում էլ թիմի կազմը համալրել էր ՀՄՄ-ի նախկին պաշտպան Արմեն Պետիկյանը:

1996/97թթ. առաջնությունում էլ "Երևանը" բրոնզե մրցանակակիր դարձավ: Թիմը կարող էր նաև արծաթե մեդալ նվաճել, սակայն վերջնագծում վճռորոշ խաղում 1:3 հաշվով զիջեց "Արարատին", այնուհետև թանկարժեք միավորներ կորցրեց "Ղարաբաղի" (0:0) և "Փյունիկի" (1:4) հետ հանդիպումներում:


1997թ. առաջնությունում գրվեց "Երևանի" կարճատև կենսագրության ոսկե էջը: Կրկին թիմի ղեկը ստանձնած Սամվել Դարբինյանի գլխավորությամբ "Երևանը" գերազանց ելույթ ունեցավ ու նվաճեց հանրապետության չեմպիոնի տիտղոսը: Այդ տարի առաջին անգամ բարձրագույն խմբում հանդես եկան այլազգի ֆուտբոլիստներ (մինչ այդ Հայաստանում լեգեոնականներ էին հանդես եկել 1996թ. առաջին խմբի մասնակից "Կապան-81" թիմում): Եվ առաջին "ծիծեռնակը" "Երևանն" էր, որի կազմում ընդգրկվեցին ֆրանսիացի դարպասապահ Պասկալ Ռուսոն, կոտդիվուարցի պաշտպան Սերժ Անրի Գոգուան, Մալիի ազգային հավաքականի խաղացողներ, կիսապաշտպան Դեդե Թամբուրան և հարձակվող Նջիայ Մալալը: 35-ամյա Պասկալ Ռուսոն հանդես էր եկել ֆրանսիական մի շարք ակումբներում, 1989, 1990թթ. "Մարսելի" կազմում դարձել էր Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, խաղացել էր երկրի երիտասարդական և ազգային հավաքականներում: 20-ամյա Սերժ Անրի Գոգուան հանդես էր եկել Կոտ դ'Իվուարի "Գանուա" թիմում, երկրի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել էր Մալայզիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը: 22-ամյա Դեդե Թամբուրան և 26-ամյա Նջիայ Մալալը Մալիի "Ջուլուբա" թիմում դարձել էին երկրի բազմակի չեմպիոն ու գավաթակիր:

"Երևանն" այնքան էլ հաջող չխաղաց առաջին շրջանում, որի ավարտից հետո 16 միավորով ընթանում էր 5-րդ տեղում' 9 միավորով հետ մնալով աղյուսակը գլխավորող "Շիրակից", 7 միավորով' 2-րդ տեղը զբաղեցնող "Փյունիկից": Ի դեպ, հենց "Երևանին" հաջողվեց ընդհատել փյունիկցիների անպարտելի խաղերի ռեկորդային շարքը' 6-րդ տուրում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնելով գործող չեմպիոնի նկատմամբ: Մինչ այդ "Փյունիկը" ՀՀ առաջնություններում 59 խաղ անընդմեջ պարտություն չէր կրել: Առաջին շրջանի ավարտական տուրում "Երևանը" թանկարժեք 2 միավոր էր կորցրել "Արարատի" հետ մրցավեճում' վերջին 5 րոպեներին սեփական դարպասը 2 գոլ ընդունելով ու հաղթանակը ձեռքից բաց թողնելով (2:2): Դա առաջնությունում երևանցիների կորցրած վերջին միավորներն էին:

Առաջնության 2-րդ կեսը "Երևանը" պարզապես գերազանց անցկացրեց' հաղթելով բոլոր 9 հանդիպումներում: Հատկապես որոշիչ էր հոկտեմբերի 29-ին "Շիրակի" նկատմամբ Երևանում տոնած խոշոր հաշվով հաղթանակը (3:0): Դա առաջնությունում շիրակցիների առաջին ու միակ պարտությունն էր, ինչը հետագայում ճակատագրական եղավ գյումրեցիների համար:

Միայն առաջնության ավարտից 2 տուր առաջ "Երևանին" վերջապես հաջողվեց գլխավորել աղյուսակը' 2 միավորով առաջ անցնելով "Շիրակից" ու "Փյունիկից": Ոսկե մեդալների համար պայքարի հանգուցալուծումը տեղի ունեցավ ավարտական տուրում, երբ Արմեն Կարապետյանի 11մ հարվածով խփված միակ գոլի շնորհիվ "Երևանը" հաղթեց "Փյունիկին":

Բացի վերը նշված լեգեոնականներից, թիմի հաջողությունում իրենց ներդրումն ունեցան նաև Արմեն Պետիկյանը, Կարեն Դոխոյանը, Գեորգի Եսայանը, Տիգրան Եսայանը, թիմի ավագ Երվանդ Կրբաշյանը, Արմեն Սահակյանը, Արմեն Մարկոսյանը, Արմեն Կարապետյանը, Ալբերտ Աճեմյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը, Գագիկ Ավագյանը, Աբրահամ Խաշմանյանը, Արկադի Դոխոյանը, Հակոբ Տեր-Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Էրիկ Հայրապետյանն ու Արթուր Ավագյանը: Գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի օգնականներն էին Աշոտ Խաչատրյանն ու Վազգեն Հայրապետյանը: 1997թ. մրցաշրջանի արդյունքներով Նջիայ Մալալը եզրափակեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների եռյակը:

Հաջորդ մրցաշրջանում "Երևանին" չհաջողվեց պահպանել չեմպիոնի տիտղոսը: Թիմն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Պատճառներից մեկն էլ մարզչական հերթական փոփոխություններն էին: Փետրվարին "Երևանն" անհաջող հանդես եկավ Թուրքմենբաշիի գավաթի մրցաշարում ("Էսթեղլալ" Իրան' 1:3, "Նիսա" Թուրքմենստան' 2:2, "Խենանզյանե" Չինաստան' 1:2) ու Սամվել Դարբինյանը պաշտոնանկ արվեց: Նրան փոխարինած Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ "Երևանն" անհաջող մեկնարկեց: Անցկացրած 10 խաղում թիմը վաստակել էր 14 միավոր և ընթանում էր 5-րդ տեղում' 14 միավորով հետ մնալով առաջատար "Շիրակից":

Ակումբի ղեկավարությունը ստիպված էր մայիսի կեսերին թիմ վերադարձնել Սամվել Դարբինյանին, որի օրոք հաղթելով "Փյունիկին"' 2:1 (առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի), "Երևանն" առաջին անգամ մտավ ՀՀ գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց "Ցեմենտին" (1:3): Սակայն Դարբինյանին էլ վիճակված չէր մինչև առաջնության վերջնագիծն աշխատելու թիմում: Օգոստոսին նա իր տեղը զիջեց մայիսին ՀՖՖ նախագահի պաշտոնից ազատված Արմեն Սարգսյանին: Թեև զգալի համալրմանը ("Արարատից" տեղափոխվել էին Հարություն Աբրահամյանը, Արա Նիգոյանն ու Արթուր Ս. Մինասյանը, ապրիլին Իրանի "Սիմանից" վերադարձել ու թիմում էին ընդգրկվել նախկին արարատցիներ Արամայիս Տոնոյանն ու Լևոն Ստեփանյանը, ինչպես նաև Հայֆայի "Հապոելում" հանդես եկած Արմեն Շահգելդյանը: Ավելի ուշ նրանց էին միացել փյունիկցիներ Վարդան Մինասյանը, Վարազդատ Ավետիսյանը, Սուրեն Չախալյանն ու Արմեն Գալստյանը), "Երևանն" ի վիճակի չեղավ խառնվելու չեմպիոնի տիտղոսի համար ծավալված մրցավեճին' բավարարվելով բրոնզե մեդալով: Կրկին թիմի լավագույն ռմբարկու ճանաչված Տիգրան Եսայանը 2-րդ տեղը գրավեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների ցանկում' ընդամենը 8 միավորով զիջելով "Ցեմենտի" կիսապաշտպան Արթուր Ոսկանյանին:

1999թ. առաջնությունը վերջինն էր "Երևանի" համար, որն առաջին անգամ մնաց առանց մեդալների' 9 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 5-րդ տեղը: Մրցաշրջանի ավարտից հետո ինքնատիպ այդ կոլեկտիվն էլ ցավոք կազմալուծվեց:

"Երևանի" ցուցանիշները  ՀՀ  առաջնություններում

Թ

Խ

Հ

Ո

Պ

Գ

Մ

Տեղ (Թիմ. քան.)

Ռմբարկուն

Գոլ

1995/96

22

13

5

4

43:24

44

3(12)

Տիգրան Եսայան

20

1996/97

22

16

2

4

58:24

50

3(11)

Տիգրան Եսայան

11

1997

18

13

4

1

41:10

43

1 (10)

Տիգրան Եսայան

10

1998

26

15

3

8

47:30

48

3(9)

Տիգրան Եսայան

10

1999

32

15

6

11

60:43

51

5(9)

Վարազդատ Ավետիսյան

12



Լավագույն տասնյակները

Ֆուտբոլիստներ

Գոլ

1.Տիգրան Եսայան

56

2.Արմեն Կարապետյան

30

3.Ալբերտ Աճեմյան

15

4.Վարազդատ Ավետիսյան

13

5.Կարեն Դոխոյան

12

6.Արմեն Մարկոսյան

9

7.Նջիայ Մալալ

8

8.Դեդե Թամբուրա

7

9.Կախա Գոգոլաձե

7

10.Արմեն Սահակյան

7


Ֆուտբոլիստներ

Խաղ

1. Տիգրան Եսայան

89

2.Արկադի Դոխոյան

86

3. Ալբերտ Աճեմյան

78

4. Կարեն Դոխոյան

78

5.Արմեն Մարկոսյան

74

6.Կարեն Գրիգորյան

74

7.Արմեն Կարապետյան

69

8.Արմեն Պետիկյան

62

9.Երվանդ Կրբաշյան

50

10.Արսեն Այվազյան

47




Share |

Լրահոս