Հրազդանում 9-րդ անգամ կվիճարկվի ՀՀ Գավաթը

10:34 07.05.2013

 

“Փյունիկի”  և “Շիրակի” միջև կայանալիք Գավաթի եզրափակիչ հանդիպումը կլինի պատվավոր մրցանակի խաղարկություններում “Հրազդանում” անցկացված 9-րդ վճռորոշ մրցախաղը: Հենց այս մարզադաշտում են որոշվել Հայաստանի գավաթի 1992-1999թթ. առաջին 8 մրցաշարերի հաղթողները:

“Հրազդանում” հանրապետության գավաթով առաջինը պատվո շրջան կատարելու բախտ են ունեցել “Բանանցի” ֆուտբոլիստները, որոնք Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ 1992թ. մայիսի 28-ին 2:0 հաշվով հաղթել են ՀՄԸՄ-ին, որին մարզում էր Խորեն Հովհաննիսյանը: Գավաթի խաղարկությունների եզրափակիչ հանդիպումների առաջին գոլի հեղինակը “Բանանցի” կիսապաշտպան Արա Նիգոյանն էր, ով 79-րդ րոպեին գրավել էր Արթուր Ավագյանի պաշտպանած դարպասը: Իսկ խաղից հետո ֆեդերացիայի ներկայացուցչից Հայաստանի գավաթը ստացել էր “Բանանցի” ավագ Սամվել Կոստանդյանը:

“Հրազդան” մարզադաշտը շատ հաջողակ է գտնվել “Արարատի” համար, որը ԽՍՀՄ տարիներին սեփական հարկի տակ իր հանդիպումներն անցկացնում էր հենց այդ հոյակերտ մարզակառույցում: “Հրազդանում” 4 անգամ մրցավեճի բռնվելով բյուրեղապակյա գավաթի համար, արարատցիները դարձել են քառակի գավաթակիրներ:

 “Արարատի” ավագ Արամայիս Տոնոյանը “Հրազդանում” 3 տարի անընդմեջ` 1993-1995թթ. ֆեդերացիայի ներկայացուցչից ստացել է Հայաստանի գավաթը: Իսկ հաջորդ մրցաշրջանում պատվավոր մրցանակը նրան է հանձնվել արդեն որպես “Փյունիկի” ավագ: Դա յուրօրինակ ռեկորդ է: Արամայիս Տոնոյանը ևս մեկ ռեկորդի հեղինակ է: “Հրազդանում” նա 6 տարի (1993-1998թթ.) շարունակ “Արարատի”, “Փյունիկի” և “Երևանի” կազմերում մասնակցել է Գավաթի եզրափակիչ հանդիպումներին:

“Հրազդանում” կայացած գավաթի եզրափակիչ 8 հանդիպումներում ընդհանուր առմամբ խփվել է 28 գոլ: Միջին արդյունավետությունը բավական բարձր է` 3,5 գոլ մեկ խաղում: Այդ հանդիպումներում առավել արդյունավետ են գործել Համլետ Մխիթարյանն ու Կարեն Բարսեղյանը` խփելով 3-ական գնդակ: 2-ական գոլի հեղինակ են դարձել Արմեն Շահգելդյանն ու Հայկ Հակոբյանը:

ՀՀ գավաթի 22-րդ խաղարկության եզրափակիչի մասնակիցները “Հրազդանում” 3-ական անգամ են վիճարկել պատվավոր մրցանակը: Առայժմ “Հրազդան” մարզադաշտն անհաջող է եղել շիրակցիների համար, որոնք պարտվել են բոլոր եզրափակիչներում` 1993-1994թթ. զիջելով “Արարատին”, 1999թ.` “Ցեմենտին”: “Փյունիկի” համար էլ “Հրազդանում” պատվո շրջան կատարելու 3 փորձերից միայն մեկն է պսակվել հաջողությամբ: 1996թ. փյունիկցիները հաղթել են “Կոտայքին”: Իսկ 1992 և 1997թթ. պատվավոր մրցանակի համար վճռորոշ խաղում փյունիկցիները գավաթը զիջել են “Բանանցին” ու “Արարատին”:

Հետաքրքիր է, որ Գավաթի՝ այս տարվա եզրափակիչի մասնակից թիմերի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից միայն շիրակցի Կարեն Ալեքսանյանն է “Հրազդանում” հանդես եկել պատվավոր մրցանակի վճռորոշ խաղում: Նա մասնակցել է1999թ. “Ցեմենտի” հետ կայացած եզրափակիչ ողջ հանդիպմանը: Այդ խաղում “Շիրակի” դարպասը պաշտպանում էր Արթուր Հովհաննիսյանը, ով ներկայումս թիմի դարպասապահների մարզիչն է: Հանդիպման մասնակիցների թվում էին “Շիրակի” ներկայիս մարզիչ Հովհաննես Թահմազյանն ու թիմի պետ Արարատ Հարությունյանը:


Ներկայացնում ենք “Հրազդան” մարզադաշտում կայացած ՀՀ գավաթի եզրափակիչ հանդիպումների համառոտ վիճակագրությունը:

28.05.1992   ՀՄԸՄ-“Բանանց”` 0:2(0:0)

Արա Նիգոյան (79), Աշոտ Ավետիսյան (87):

25.05.1993   “Արարատ”-“Շիրակ”` 3:1(1:1)

Համլետ Մխիթարյան (30), Արմեն Շահգելդյան (77, 83) – Հովհաննես Թահմազյան (27):

28.05.1994   “Արարատ”-“Շիրակ”` 1:0(0:0)

Կարեն Բարսեղյան (82):

28.05.1995   “Արարատ”-“Կոտայք”` 4:2(3:0)

Էդիկ Երիցյան (13` ինքնագոլ), Հայկ Հարությունյան (26), Համլետ Մխիթարյան (42), Հակոբ Տեր-Պետրոսյան (77) – Կարեն Բարսեղյան (86` 11մ, 88` 11մ):

28.05.1996   “Փյունիկ”-“Կոտայք”` 3:2(1:0)

Համլետ Մխիթարյան (45), Արսեն Ավետիսյան (52), Վարդան Խաչատրյան (59) – Ռոբերտ Միրզոյան (84), Լևոն Սարգսյան (85):

28.05.1997   “Արարատ”-“Փյունիկ”` 1:0(1:0)

Սեդրակ Բաբայան (6):

31.05.1998   “Երևան”-“Ցեմենտ”` 1:3(0:2)

Արթուր Ս. Մինասյան (89) – Գագիկ Մանուկյան (32), Արմեն Սարգսյան (37), Նորիկ Հոխոյան (64):

29.05.1999   “Ցեմենտ”-“Շիրակ”` 3:2(3:1)

Հայկ Հակոբյան (3, 16), Արա Հակոբյան (43) – Արտյոմ Բեռնեցյան (5), Հակոբ Արտոյան (77):

 

Share |

Լրահոս