Լիլիթ Մկրտչյան. Շատ ուրախ եմ, որ Եվրոպայում մրցանակակիր դարձա և նվաճեցի աշխարհի ուղեգիրը

14:50 08.08.2013

Օրերս, օգոստոսի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձավ և միաժամանակ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: 

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի երկրորդ համարը կայուն խաղ ցուցադրեց համաեվրոպական ստուգատեսի առաջին տուրից մինչև եզրափակիչ պարտիան՝ չկրելով և ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակելով 8 միավոր։ 
 
Հայաստանը ներկայացրած շախմատիստուհիներից (այդ թվում` գրոսմայստերներ ԼիլիթԳալոյան ու ՄարիաԿուրսովա, ինչպես նաև միջազգային վարպետ ԱննաՀայրապետյան) ամենահաջողակ մարզուհին, Եվրոպայի նորընծա բրոնզե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանն այս անգամ ևս սիրով համաձայնեց պատասխանել  armsport.am-ի հարցերին։
 
-Լիլիթ, շնորհավորում ենք՝ Եվրոպայի երրորդ ուժեղագույն շախմատիստուհի հռչակվելու կապակցությամբ։ Հին աշխարհամասի մրցաշարից ի՞նչ նոր բան կպատմեք։ Կամփոփե՞ք Ձեր մրցելույթները։
 
-Շնորհակալ եմ`շնորհավորանքների համար: Շատ ուրախ եմ, որ հաջողվեց մրցանակակիր դառնալ այդքան կարևոր և ուժեղ մրցաշարում: Մրցաշարին մասնակցում էին Եվրոպայի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստուհիները: Բացի բրոնզե մեդալից, նվաճեցի աշխարհի առաջնության ուղեգիր, որի համար նույնպես շատ երջանիկ եմ:

-Մի տեսակ, շախմատին բնորոշ, մաթեմատիկական սիմետրիա գրանցվեց.14-րդ առաջնություն, 11 տուր, 3-րդ տեղ: Շարունակելով խոսել թվերի լեզվով, վերհիշենք, որ ամբողջ մրցաշարում չկրեցիք ոչ մի պարտություն, տոնելով 5 հաղթանակ, ևս 6 հանդիպում ավարտեցիք խաղաղ ելքով: Ընդ որում, 6-8-րդ պարտիաններում երեք անընդմեջ ոչ-ոքի խաղացիք: Դրանցում ինչը չհերիքե՞ց` հաղթելու համար…

- Այո, հաջող ստացվեց, չկրեցի ոչ մի պարտություն և կարելի է ասել, կայուն անցավ մրցաշարն ինձ համար, առանց ուժգին տատանումների: Բոլոր պարտիաներում աշխատում էի անել իմ ուժերի առավելագույնը, բայցև` չանցնել անթույլատրելիի սահմանը:
Մրցաշարի միջնամասում երեք ոչ-ոքի գրանցեցի, բայց պարտիաները հետաքրքիր էին և պայքարով լեցուն: Պարզապես խաղաղ ավարտվեցին, հակառակորդներով արժանի էինք մեկս մյուսին, մեզնից ամեն մեկն անզիջում էր ու լուրջ էր տրամադրված:

-Իսկ 11 մրցակիցներից, հատկապես ո՞վ էր ամենաանհարմարը, միգուցև նա, որի նկատմամբ հաջողեցիք առավելության հասնել: Կամ, գուցե, հիշատակեք որևէ ճակատագրական պարտիա:
 
-Ամենալարվածն ու ամենադժվարը, թերևս, վերջին պարտիան էր: Խաղարկվում էր մեդալ և ուղեգիր, նման կարևոր խնդիր էր դրված, ուստի շատ ուրախ եմ, որ հաջողությունն իմ կողմը թեքվեց: Ուրախ եմ, որ հաջողվեց այդքան կարևոր հաղթանակ տոնել:
 
-Հետաքրքիր է, որ առաջինև երկրորդ մրցանակակիրների հետ ձեր ուղիները չհատվեցին: Եվրոպայի նորընծա չեմպիոնուհին, իսկապե՞ս, անգերազանցելի էր թե առկա էր հանգամանքների հաջող դասավորությունն ու բախտի գործոնը:
 
-Այո, հետաքրքիր ստացվեց, բայց չհանդիպեցի ոչ ապագա չեմպիոնի, ոչ էլ` երկրորդ մրցանակակրի հետ: Ի դեպ, նշեմ, որ Եվրոպայի` այս երեք մրցանակակիրներս երկու տարի առաջ, Եվրոպայի արագ շախմատի կանանց առաջնությունում գրավե էինք նույն տեղերը համապատասխանաբար: Իրոք, հետաքրքիր զուգադիպություն է, երկու տարի անց պատվանդանին կանգնած էինք, բայց արդեն Եվրոպայի առաջնության արդյունքներով: Նորընծա չեմպիոնուհին այս մրցաշարը գերազանց անցկացրեց և արժանիորեն նվաճեց ոսկե մեդալը:
 


-Հայ շախմատիստուհիներից` ակնկալիքները եթե չասենք մեծ, ապա, գոնե, այնպիսին չէին, որ արտացոլեին գրանցված վերջին արդյունքները. Մեր երեք ներկայացուցիչներն էլ հանգրվանեցին 6-րդ տասնյակի միջին հորիզոնականներում: Խաղընկերների ոչ այնքան հաջող մրցելույթների պատճառները Ձեզ հայտնի՞են:
 
-Անկեղծ ասած, կարծում եմ, հարցադրումն այնքան էլ միարժեք չէ և նույնպիսի պատասխան չունի: Եվրոպայի առաջնությունները միշտ էլ ուժեղ և մեծ քանակով մասնակիցներ են ապահովում, որտեղ նույնիսկ կես միավորի տարբերությունը տասնյակ տեղեր առաջ և ետ է գցում: Իհարկե, իմ խաղընկերները կարող էին ավելի բարձր տեղեր գրավել և պայքարում էին ուղեգրերի համար, պարզապես չստացվեց: Նրանք` բոլորն էլ բարձրացրեցին իրենց անհատական վարկանիշները, որը վկայում է ընդհանուր դրական ելույթի մասին:

-Հերթական բարձունքը հաղթահարված է`այն էլ պատվով: Հոգնածություն, ուժերի վատնում, բայցև` հաղթանակի բերկրանք…Ինչպե՞ս է նշում, սովորաբար, Լիլիթ Մկրտչյանն իր հաջողությունները, մարզական ընդունված ծիսակարգից զատ: Ասենք, ընկերների, հարազատների հետ ֆեյսբուքով, կապի այլ միջոցներով հաղորդակցվելով, մի գավաթ շամպայն խմելով, երաժշտություն լսելով…
 
-Կրկնելու եմ ձեր դիպուկ բնորոշումը. այո, հոգնածություն, բայց և` հաղթանակի բերկրանք…Իսկ հետո, շնորհավորանքներ, հեռախոսազանգեր, այո, շամպայն` մտերիմ ընկերների շրջապատում:
 
-Ավանդական մեկ հարց. ո՞րն է առաջիկա ստուգատեսը, որի հետ են արդեն կապված Եվրոպայի նորընծա բրոնզե մեդալակրի բոլոր մտքերը:
 
-Առաջիկա ստուգատեսն արդեն աչքի առջև է, օգոստոսի 9-ին, ծննդյանս տարեդարձին մեկնում եմ Չինաստան` մասնակցելու ակումբային առաջնությանը: Այնուհետև մրցաշար է սպասում Լեհաստանում: Եվրոպայի թիմային առաջնությունն է աստիճանաբար մոտենում նաև, այնպես որ, բուռն մարզական աշուն է սպասում:
Share |

Լրահոս