Հպարտ ենք, որ հանդես ենք գալու Հայաստանի եռագույնի ներքո. հավաքականի անդամները հանդիպեցին լրագրողներին

13:12 08.08.2013

Այսօր, «Ուրբաթ» ակումբում մամուլի ասուլիս տվեցին բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամները: Լրագրողների հարցերին պատասխանեցին գլխավոր մարզիչ Կարլ Բարդակյանը, մարզիչ Զորիկ Իսաջանին, խաղացողներ Մայք Դանիելյանը, Զարեհ Զարգարյանը և հավաքականին կազմակերպչական հարցերում աջակցող Տոմիկ Ալեքսանյանը:

Հայաստանի հավաքականը նախորդ շաբաթ է ժամանել Հայաստան: Կարլ Բարդակյանի սաները մարզվում են «Գրանդ Սպորտում»` անցկացնելով առաջին ուսումնամարզական հավաքը Հայաստանում: Ազգային թիմում ընդգրկված են հիմնականում ԱՄՆ-ում ելույթ ունեցող հայ բասկետբոլիստներ:

Կարլ Բարդակյան (գլխավոր մարզիչ). Մենք փորձել ենք հավաքագրել բոլոր ուժեղագույն հայ բասկետբոլիստներին, որ կարողանանք Հայաստանի անունը բարձր պահել Եվրոպայի առաջնությունում: Պատրաստվում ենք մասնակցել 2014թ. Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Հավանականությունը շատ մեծ է, որ այն տեղի է ունենալու Երևանում: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել, որ առաջնությունը անցկացվի մեր հայրենիքում: Ցանկանում ենք ուրախություն պարգևել հայ ժողովրդին: Մեր հավաքականում ընդգրկված են հայ բասկետբոլիստներ ԱՄՆ-ի և աշխարհի տարբեր երկրներից: Հայաստանում փորձարկել են նաև խաղացողների Երևանից, Արթիկից: Վաղը մեկնում ենք Արցախ, որտեղ կունենանք մի շարք հանդիպումներ: Հույս ունենք կտեսնենք Արցախի նախագահին, Պարգև Սրբազանին, ով բասկետբոլի մեծ սիրահար է: 

Հավաքականի կազմավորման հարցում իրենց ներդրումներ են ունեցել տարբեր անձինք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԲՖ-ի նախագահ Հրաչյա Ռոստոմյանին: Մեզ հետ այստեղ է Տոմիկ Ալեքսանյանը, ով ևս մեծ աջակցություն է ցուցաբերել:

Զորիկ Իսաջանի (մարզիչ). Հավաքականի խաղացողները միասին իրենց շատ լավ են զգում: Նրանք անհամբեր սպասում են Եվրոպայի առաջնությանը: Հույս ունենք, որ առաջնությունը կանցկացվի Մարզահամերգային համալիրում, որտեղ մեծ թվով հայ երկրպագուներ կարող են դիտել հանդիպումները:

Զարեհ Զարգարյան (հավաքականի խաղացող: Ծնվել է Գյումրիում: 1989 թվականից բնակվում է ԱՄՆ-ում). Մենք վստահ ենք մեր ուժերին, հպարտ ենք, որ ներկայացնում ենք Հայաստանի եռագույնը: Արդեն 5 տարի է քննարկվում է Հայաստանի հավաքականում հանդես գալու հնարավորությունը: Հենց սկզբից էլ ես մեծ ուրախությամբ եմ ընդունել առաջարկը: Մենք մշտապես հետևում ենք բասկետբոլային իրադարձություններին, ուսումնասիրում ենք մեր հնարավոր մրցակիցներին: Վստահ եմ, որ կարող ենք հաղթել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: Մենք հենց այնպես չէինք նախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը: Եթե այստեղ ենք, ապա գիտենք, որ կարող ենք հասնել հաջողության:

Մայք Դանիելյան (հավաքականի ավագը). Ինձ համար մեծ պատիվ է, որ ներկայացնելու եմ Հայաստանը: Յուրաքանչյուր հայ ցանկանում է օգտակար լինել իր հայրենիքին: Ես հույս ունեմ, որ մեզ հաջողվելու հասնել լավ արդյունքների: 

Տոմիկ Ալեքսանյան. Տղաների մոտ մեծ խանդավառություն կա: Նրանց մարզում է շատ լավ մարզիչ, որ ԱՄՆ-ում հաջողությամբ աշխատելու մեծ փորձ ունի: Այս հավաքականը նաև Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու հիանալի միջոց է:


Ասուլիսի լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share |

Լրահոս