Արմեն Մաթևոսյան. Առաջիկա 10 տարիների համար նախագծեր ունենք

16:29 12.08.2013

Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտը վերջին տարիներին ծանրաբեռնված է գործում: Այստեղ տեղի են ունենում առաջին խմբի հանդիպումներ, նախապատրաստական փուլի բազմաթիվ խաղեր: Մարզադաշտի ներկայիս վիճակին, գործող պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև՝ առաջիկա նախագծերի մասին տեղեկանալու համար armsport.am-ը հանդիպեց կառույցի տնօրեն Արմեն Մաթևոսյանի հետ: 
 
-Պարոն Մաթևոսյան մարզադաշտն ի՞նչ պատմություն ունի: 
 
-«Քասախի մարզիկ» մարզադաշտը կառուցվել է 1971 թվականին: 1979 թվականից մարզադաշտի տնօրեն է նշանակվել հայրս` Հրաչ Մաթևոսյանը, ով իր գործի նվիրյալն էր: Առաջիկայում, նախատեսվում է մարզադաշտն անվանակոչել նրա պատվին և այն կկոչվի Հրաչ Մաթևոսյանի անվան «Քասախի մարզիկ» մարզադաշտ: Արդեն առաջիկա նոյեմբեր ամսին, ծրագրում ենք ի պատիվ հորս առաջին հուշամրցաշարն անցկացնել: 

-Այժմ մարզադաշտն ի՞նչ վիճակում է գտնվում: 

-Վերջին երկու տասնամյակների ընթացքում, այստեղ 3 անգամ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Վերջինը՝ 2012 թվականին դեկտեմբերին էր, երբ ամբողջությամբ փոխվեցին խոտածածկն ու սանհանգույցային պայմանները: Նոյեմբերին, երբ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնություններում ընդմիջում հայտարարվի, մենք կշարունակենք վերանորոգման աշխատանքները: Մեզ աջակցում է նաև Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան, որն այստեղ մարզվող երեխաների համար գնդակներ է տրամադրել, ինչպես նաև՝ խոտածածկի բարենպաստ պայմաններն ապահովելու համար մեզ խոտհնձիչ է նվիրել: Մարզադաշտն ունի 3600 նստատեղ ունեցող մեկ տրիբունա, սակայն առաջիկայում նախատեսվում է նոր նստատեղեր տեղադրել, ինչից հետո կկարողանանք հյուրնկալել մոտ 2000 հանդիսական: Այդ հարցով ևս դիմել ենք ֆեդերացիային, որտեղից մեզ պատասխանել են, որ առայժմ իրենց տրամադրության տակ չունեն համապատասխան աթոռներ, սակայն հետագայում լինելու դեպքում՝ պատրաստ են աջակցել: 

-Մարզադաշտում, արդյո՞ք, գործում է մանկապատանեկան դպրոց և խաղադաշտում մարզումներ կամ հանդիպումներ անցկացնու՞մ են Բարձրագույն կամ Առաջին խմբի թիմերը: 

-Մեր մարզադպրոցում գործում են 10-16 տարեկանների տարիքային խմբեր: Բացի այդ, մենք պայմանագիր ունենք կնքած Բարձրագույն խմբի «Ուլիս» և «Ալաշկերտ» ակումբների հետ, ինչի համաձայն՝ այդ թիմերը կարող են սեփական հարկի տակ հանդիպումներն այստեղ` «Քասախի մարզիկ» մարզադաշտում անցկացնել: Իսկ, ահա, Առաջին խումբը ներկայացնող «Ալաշկերտ-2», «Ուլիս-2» և «Արարատ-2» թիմերն արդեն իսկ սեփական հարկի տակ հանդիպումներն այստեղ են անցկացնում: 

- Առաջիկայում ինչպիսի՞ աշխատանքներ են սպասվում և մոտակա տարիների համար ի՞նչ նախագծեր ունեք: 

-Մենք արդեն առաջիկա 10 տարիների համար նախագծեր ունենք: Խաղադաշտին կից գործող տարածքը, որտեղ երեխաները, ճիշտ է, մարզվում են, սակայն այն ներկայիս վիճակում այդքան էլ հարմարավետ չէ, ցանկանում ենք այն բաժանել երկու՝ համեմատաբար փոքր խաղադաշտերի և դրանով հնարավորություն տալ լավագույնս օգտագործել տարածքը: Հաջորդ նախագիծը՝ կապված է մարզադաշտի տարածքում համալիր կառուցելու հետ, որտեղ կլինեն բոլոր ժամանակակից պայմանները, և այն կկարողանա ամենաբարձր մակարդակով ընդունել մոտ 35-40 հոգանոց անձնակազմ: Մարզադաշտի տնօրինությունը ջանք ու եռանդ չի խնայի այստեղ բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, և հաշվի առնելով, որ ֆուտբոլի զարգացման գլխավոր պայմաններից մեկը հենց որակյալ խաղադաշտերն են, մենք փորձելու ենք հենց այդ նշակետին հասնելու միջոցով՝ ինչ-որ չափով օգնել հայկական ֆուտբոլի զարգացմանը: 
 
Կարծում եմ` նախատեսված աշխատանքների բարեհաջող կատարումից հետո, այստեղ կարելի կլինի անցկացնել ոչ միայն Հայաստանի առաջնության հանդիպումներ, այլ նաև՝ Երիտասարդական և պատանեկան հավաքականների մասնակցությամբ միջազգային հանդիպումներ:

Հ.Գ. Ավելի ուշ կներկայացնենք Հակոբ Բերբերյանի պատրաստած լուսանկարների շարքը:

«Քասախի մարզիկ» մարզադաշտն այսպիսի տեսք է ստանալու վերակառուցումից հետո.
 
Share |

Լրահոս