Արցախում հիմնադրվեց FAF-ի մասնաճյուղը (Լուսանկարներ)

17:54 06.10.2013

Հոկտեմբերի 4-ի առավոտյան, FAF-ի (ՖԱՖ) մի խումբ անդամներ ուղևորվեցին Արցախ ` մայրաքաղաք Ստեփանակերտում շարժման մասնաճյուղ ` երկրպագուների օջախ հիմնելու նպատակով: Նրանց հետ ուղևորությանը մասնակցեց նաև armsport.am–ի թղթակիցը:

Այն հարցին, թե ինչու՞ որոշվեց մասնաճյուղ բացել հենց հեռավոր Արցախում ` FAF-ի հիմնադիր անդամներից Սերգեյ Ջանջոյանը պատասխանեց հետևյալ կերպ. «Մենք շատ ենք լսել այն մասին, որ Արցախում ժողովուրդը ֆուտբոլ շատ է սիրում, երևանյան և արտագնա խաղերին մասնակցելու ցանկություն են հայտնում բազմաթիվ երկրպագուներ հենց Արցախից և շատերը պարտադիր գալիս, մասնակցում են խաղերին:

Սակայն բոլոր ցանկացողները չէ, որ կարող են իրենց թույլ տալ 1 կամ 2 օրով ուղևորվել Երևան, աջակցել հավաքականին և վերադառնալ: Այժմ, մենք մշակել ենք մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի, որպեսզի Արցախում բնակվող երկրպագուները տարվա մեջ մասնակցեն երևանյան, գոնե, մի քանի առանցքային հանդիպումների»:

ՖԱՖ-ի պատվիրակության արցախյան այցի հաջորդ օրը` հոկտեմբերի 5-ին նախատեված էին մի շարք հանդիպումներ և միջոցառումներ: Վաղ առավոտյան, շարժման անդամները նռան գինի և ժինգյալով հաց ճաշակելուց հետո այցելեցին Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող եղբայրական գերեզման, այնուհետև ուղևորվեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի:

Մարզադաշտում նախանշված բուն միջոցառումներից առաջ, եղավ ծանոթություն և հանդիպում Ստեփանակերտի ակտիվիստ երկրպագուների հետ , ովքեր պետք է լինեն ՖԱՖ-ի Արցախյան մասնաճյուղի պատասխանատուներն ու զբաղվեն կազմակերպչական աշխատանքներով: Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտի տրիբունաներից մեկում տեղի ունեցավ հանդիպում Արցախում բնակվող մի քանի տասնյակ երկրպագուների և ՖԱՖ-ի անդամների միջև:

Արցախաբնակ երկրպագուներին ներկայացվեցին ՖԱՖ-ի կանոնակարգն ու մարզադաշտում երկրպագելու մշակույթի և Արցախյան մասնաճյուղի գործունեության հետ կապված մանրամասներ: Բացի այդ, խոսվեց խաղերին՝ Արցախի տարբեր շրջաններից Երևան ժամանելու և նախապես տոմսեր ձեռք բերելու խնդիրների մասին: Բոլոր ներկա երկրպագուներին ներկայացվեց, որ այսուհետև խաղերի ներկա գտնվել ցանկացողները հնարավորություն կունենան նախապես տոմսեր ձեռք բերել` կապվելով մասնաճյուղի պատասխանատուների հետ, իսկ հավաքագրված անդամավճարների և տարբեր հանգանակություների շնորհիվ՝ տարվա մեջ մի քանի առանցքային խաղերին հնարավոր կլինի արցախյան մասնաճյուղի անդամների համար ապահովել փոխադրամիջոցներ և Երևանում հյուրանոցում գիշեր անցկացնելու պայմաններ:

Միջանկյալ տեղեկացնենք, որ Արցախից ՖԱՖ-ին անդամագրվել ցանկացողները կարող են կապվել հետևյալ հեռախոսահամարներով ` 097 226688 , 097246116:

Հավելենք, որ արցախյան մասնաճյուղի առաջին միասնական այցելությունը երևանյան հանդիպմանը՝ կլինի հոկտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Բուլղարիա մրցավեճի շրջանակում:

Այնուհետև, Ստեփանակերտի մարզադաշտում տեղի ունեցած միջոցառումից հետո, ՖԱՖ-ականները շտապեցին ուղևորվել Տիգրանակերտի և Մարտակերտի զորամասեր` զինվորական ծառայության մեջ գտնվող ֆան-շարժման ընկերներին տեսության և ուշ երեկոյան ճամփա ընկան Երևան:

 

Լուսանկարների շարքը պատրաստել է Միքայել Կուրղինյանը (FAF)



 

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս