ՀՀ առաջնությունների թիմային ռեկորդները

10:29 28.01.2014

Ըստ ավանդույթի, armsport.am-ը յուրաքանչյուր տարեսկզբին ներկայացնում է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի ընդհանուր վիճակագրական տվյալներ: Այս անգամ, հրապարակում ենք առ այսօր գրանցված թիմային ռեկորդները:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունների ամենատիտղոսակիր թիմը “Փյունիկն” է: Մասնակցելով բարձրագույն խմբի 19 առաջնության, “Փյունիկը” 15 անգամ դարձել է մրցանակակիր` 13 անգամ հռչակվելով չեմպիոն, 2 անգամ արժանանալով արծաթե մեդալների: Միայն 1993, 1997, 1998 և 2012/13թթ. առաջնություններում են փյունիկցիները մնացել առանց մեդալների: 2001-2010թթ. փյունիկցիները 10 տարի անընդմեջ նվաճել են ՀՀ չեմպիոնի տիտղոսը, ինչը ևս յուրօրինակ ռեկորդ է:

“Փյունիկը” նաև ամենաարդյունավետ թիմն է, որը ՀՀ առաջնություններում անցկացրած 534 հանդիպումներում 1365 գոլ է խփել: Միջին արդյունավետությամբ էլ (2,55 գոլ) լավագույնը “Փյունիկի” ցուցանիշն է:

Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է “Արարատին”, որը 1992թ. առաջնության 34 հանդիպումներում 145 գնդակ է խփել: Այդ տարի արարատցիները նաև միջին արդյունավետության ռեկորդ սահմանեցին` մեկ խաղում  միջինը խփելով 4,26 գոլ: “Արարատին” է պատկանում նաև մեկ մրցաշրջանի խփած ու բաց թողած գնդակների լավագույն տարբերության ռեկորդը` 122 (1992թ.):

Մեկ մրցաշրջանում սեփական դարպասը բոլորից քիչ գնդակ է ընդունել “Փյունիկը”: 1996/97թթ. առաջնության 21 հանդիպումներում փյունիկցիներն ընդամենը 7 գոլ են բաց թողել:

Ամենահուսալի պաշտպանությամբ աչքի է ընկել “Արարատը”, որը 1993թ. առաջնության 28 խաղում բաց է թողել ընդամենը 9 գոլ կամ միջինը մեկ խաղում 0,32 գնդակ ՀՀ բարձրագույն խմբի բոլոր 22 առաջնությունների միակ անփոփոխ մասնակիցը “Շիրակն” է, որը բոլորից շատ` 580 խաղ է անցկացրել:

Բարձրագույն խմբում տարած հաղթանակների թվով (358) ռեկորդակիրը “Փյունիկն” է:

Մեկ մրցաշրջանում առավելագույն թվով հաղթանակներ է տոնել  “Բանանցը”, որը 1992թ. առաջնության 34 հանդիպումներից 28-ում պարտության է մատնել մրցակիցներին:

“Փյունիկը” 1995/96 և 2002թթ. առաջնություններում խաղերի 86 տոկոսն ավարտել է հաղթանակով  (19 հաղթանակ 22 խաղում):
1994թ. “Շիրակը” վաստակել է հնարավոր միավորների 92,85 տոկոսը: Իսկ ահա “Շիրակ-2-ը” 1998թ. վաստակել է հնարավոր միավորների ընդամենը 1,6 տոկոսը (1 միավոր 20 խաղում):

Միայն 3 թիմի` “Արարատին” (1993թ., 28 խաղ), “Շիրակին” (1994թ., 28 խաղ, 1995թ., 10 խաղ) և “Փյունիկին” է (1995/96թթ., 22 խաղ, 1996/97թթ., 21 խաղ, 2003թ., 28 խաղ) հաջողվել առաջնությունն անցկացնել առանց պարտության:

Իսկ ահա “Ղարաբաղը” (1995թ. 10 խաղում 4 ոչ-ոքի), “Ազնավուրը” (1995/96թթ. 22 խաղում 2 ոչ-ոքի), “Լոռին” (1997թ. 18 խաղում 1 ոչ-ոքի) և “Շիրակ-2-ը” (1998թ. 20 խաղում 1 ոչ-ոքի) առաջնությունում հաղթանակ չեն տոնել:

ՀՀ առաջնություններում “Շիրակն” ու “Փյունիկը” 59 խաղ անընդմեջ անպարտելի են մնացել: “Շիրակը” 1993թ. օգոստոսի 12-ին “Արարատին” 0:1 հաշվով զիջելուց հետո մինչև 1995թ. հոկտեմբերի 14-ը “Ղարաբաղի” հետ կայացած հանդիպումը (0:1) չէր պարտվել: “Փյունիկը” 2002թ. հոկտեմբերի 9-ին “Շիրակին” պարտվելուց (0:1) հետո անհաջողության չէր մատնվել մինչև 2004թ. նոյեմբերի 11-ը` զիջելով “Կիլիկիային” (0:1):

“Փյունիկին” է պատկանում ամենահաջող մեկնարկի ռեկորդը` 14 անընդմեջ հաղթանակ Օսկար Լոպեսի գլխավորությամբ (2002թ.):

1992թ. “Շիրակը” մեկնարկային 8 խաղերում դարպասն անառիկ է պահել: Այդ տարի շիրակցիներն անցկացրած 33 խաղերից 21-ում գոլ բաց չեն թողել, ինչը ևս ռեկորդ է:

2004թ. “Փյունիկը” Վարդան Մինասյանի օրոք 16 անընդմեջ հաղթանակ է տոնել:
Մեկ մրցաշրջանում առավելագույն թվով խոշոր հաշվով հաղթանակներ է տոնել “Արարատը”` 20 (1992թ. 34 խաղում):

1993թ. “Բանանցը” Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ խոշոր հաշվով 6 անընդմեջ հաղթանակ է տոնել:

Մեկ մրցաշրջանում առավել հաճախ` 18-ական անգամ խոշոր հաշվով պարտվել են Ալավերդու “Դեբեդը” (1992թ. 34 խաղում) և “Գյումրին” (1999թ. 32 խաղում):

Մեկ այլ տխուր ռեկորդ է սահմանել “Կիլիկիան” 1992թ.` առաջնության ավարտական 8 խաղերում էլ պարտվելով խոշոր հաշվով` գնդակների 1:69 ընդհանուր  տարբերությամբ:

ՀՀ առաջնությունների ամենախոշոր հաշիվը գրանցվել է 1992թ. հունիսի 11-ին “Հրազդանում” կայացած “Արարատ”-“Աղթամար” խաղում` 18:0:
Ամենաարտասովոր հաշիվը գրանցվել է 1992թ. հուլիսի 26-ին Մարտունիում կայացած “Ալաշկերտ”-“Սյունիք” խաղում` 8:9:

1997թ. “Լոռին” մեկնարկից 17 խաղ անընդմեջ պարտվել է և միայն վերջին տուրում է անդրանիկ միավորը վաստակել: 2007թ. էլ “Կիլիկիան” վերջնագծում է 17 անընդմեջ պարտություն կրել:

1998թ. “Շիրակ-2-ը” մեկնարկային 10 խաղերում չի կարողացել գեթ մեկ գնդակ խփել:

1999թ. “Գյումրին” 32 հանդիպումներից 18-ում (խաղերի 56,2 տոկոսը) չի կարողացել գրավել մրցակիցների դարպասները: 2011թ. “Արարատն” անցկացրած հանդիպումների 57,1 տոկոսն (28 հանդիպումներից 16-ը) անցկացրել է առանց գոլ խփելու: 2012/13թթ. առաջնությունում էլ արարատցիները 42 հանդիպումներից 21-ում չեն գտել մրցակցի դարպասի բանալին:

“Ազնավուրը” (1995/96թթ. 22 խաղում), “Լոռին” (1997թ. 18 խաղում), “Դվինը” (1999թ. 28 խաղում) և “Գյումրին” (1999թ. 32 խաղում) առաջնության և ոչ մի խաղում սեփական դարպասն անառիկ չեն պահել:

Առավելագույն թվով ֆուտբոլիստներ (46) հանդես են եկել Կապանի “Լեռնագործում” 2000թ. առաջնությունում:

Առավել կայուն կազմով աչքի են ընկել “Արարատը”, ՀՄԸՄ-ն, “Շիրակը” (բոլորն էլ` 1994թ.), “Փյունիկը” (1997թ.) և “Դվինը” (1998թ.), որոնք ասպարեզ են դուրս բերել 18-ական ֆուտբոլիստի:

Մեկ մրցաշրջանում առավելագույն քանակի 11մ հարվածներ են նշանակվել Կապանի “Սյունիքի” մասնակցությամբ հանդիպումներում` 23 (1992թ.), որից իրացվել են 18-ը:

Առավել հաճախ` 17 անգամ 11մ հարվածի իրավունք է ստացել “Բանանցը” (1992թ.), որից իրացվել է 14-ը:

11մ հարվածով առավել հաճախ` 13 անգամ պատժվել է Մարտունու “Ալաշկերտը” (1992թ.): Այդ հարվածներից 12-ն անվրեպ են իրացվել:

Մեկ մրցաշրջանում առավել հաճախ և հաջող 11մ հարվածներն իրացրել է “Արարատը”` 1999թ. նպատակին հասցնելով բոլոր 12 հարվածները:

Առաջնության հանդիպումներում բոլորից կոռեկտ են գործել “Շիրակ-2-ի” ֆուտբոլիստները, որոնք 1998թ. ընդամենը 3 զգուշացում են ստացել: Իսկ ահա “Արարատը” 2007թ. առաջնությունում տխուր ռեկորդ սահմանեց: 28 հանդիպումներում արարատցիներից 8-ը հեռացվեցին խաղադաշտից, 63 անգամ զգուշացվեցին: 2012/13թթ. առաջնությունում էլ “Արարատի” ֆուտբոլիստները 42 հանդիպումներում 2 անգամ հեռացվել են խաղադաշտից, 86 անգամ դեղին քարտի են արժանացել:


 

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...