Ս. Աղաջանյան. Արցախի հավաքականը կմասնակցի չճանաչված հանրապետությունների աշխարհի առաջնությանը

19:30 03.02.2014

Արցախի ֆուտբոլի հավաքականը 2012 թվականին իր պատմության առաջին հանդիպումն է անցկացրել՝ արտագնա ընկերական խաղում հանդիպելով Աբխազիայի ընտրանուն (1:1): Մեկ ամիս անց, Ստեփանակերտում կայացած խաղում արցախցիները հաղթել են Աբխազիայի հավաքականին 3:0 հաշվով:

Այժմ, Արցախի հավաքականը նախապատրաստվում է իր նորամուտը նշել միջազգային առաջնությունում: «ConIFA»-ի կազմակերպած «A world football cup with no borders 2014» (ֆուտբոլի աշխարհի Գավաթն առանց սահմանների – խմբ.) մրցաշարին մասնակցելու են չճանաչված հանրապետությունների հավաքականները: Այդ մասին, armsport.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հավաքականի մարզիչ Սարգիս Աղաջանյանը:


- Պարոն Աղաջանյան, ինչպե՞ս ստացվեց, որ Արցախի հավաքականը մասնակցելու է չճանաչված հանրապետությունների աշխարհի առաջնությանը:

- Երբ մենք 2012 թվականին ընկերական հանդիպում էինք անցկացնում Աբխազիայի հավաքականի հետ՝ դեռ ճանաչված չէինք «ConIFA»-ի կողմից: Սակայն, հետո հայտ ուղարկեցինք և անդամակցեցինք այդ կազմակերպությանը, ինչի շնորհիվ կարող ենք մասնակցել միջազգային մրցաշարերին: Վերջերս՝ չճանաչված հանրապետությունների աշխարհի առաջնությանը մասնակցելու հրավեր ստացանք և տվեցինք մեր համաձայնությունը: Արդեն ուղարկել ենք համապատասխան փաստաթղթերը և մինչև ամսվա վերջ հայտնի կդառնան մրցաշարի անցկացման վայրը և ժամյետները: Մրցաշարին մասնակցելու են 12 թիմեր: Ըստ նախնական տեղեկության, առաջնությունը կայանալու է ամռանը՝ Շվեյցարիայում:

- Ի՞նչպես է Արցախի հավաքականը պատրաստվելու այդ մրցաշարին:

- Մհեր Ավանեսյանի, ում հետ մենք մարզչական զույգ ենք կազմում հավաքականում, հունվարից անցկացնում ենք թիմի ամենօրյա մարզումներ Ստեփանակերտում, իսկ ապրիլին 5-7 օրով կգանք Երևան, որտեղ հավաք կանցկացնենք Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Մենք նաև ծրագրում ենք անցկացնել մի քանի ստուգողական հանդիպումներ Հայաստանի Բարձրագույն խմբի թիմերի հետ: Քանի որ այդ ժամանակ Հայաստանի առաջնությունը լինելու է ընթացքի մեջ, մենք փորձելու ենք այնպիսի պահ ընտրել, որ չխանգարենք թիմերին:

- Ի՞նչ կարող եք ասել այն ֆուտբոլիստների մասին, ովքեր այժմ ելույթ են ունենում Արցախի հավաքականում:

- Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, ամենատարեց ֆուտբոլիստը 24 տարեկան է: Մեր երկու խաղացողներն այժմ փորձաշրջան են անցնում «Գանձասարում»: Նաև ունենք մի քանի հեռանկարային խաղացողներ: Նրանցից մեկը գրավել է «Փյունիկի» ուշադրությունը և վերջին երկու տարիներին նրան հրավիրում են երևանյան թիմից, սակայն ընտանեկան պատճառներով նա որոշել է մնալ Արցախում:

- Այս պահին քա՞նի թիմ կա Արցախում:

- Արցախն ունի 8 շրջան և բոլորն ունեն մինչև 16 տարեկաններով համալրված թիմեր: Արցախի առաջնությունում մասնակցում են վերոհիշյալ թիմերը, ինչպես նաև Ստեփանակերտը ներկայացնող 2 թիմերը: Բացի այդ, կա «Արցախ» ակումբը, որը ես եմ մարզում: Ակումբն ունի 5 թիմ, որոնցից երկուսը մասնակցում են ընդհանուր առաջնությանը: 1997-98թթ. ծնվածներով համալրված թիմը, առաջնության առաջին շրջանից հետո զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Բանանցին»: Ընդհանուր առաջնությանը մասնակցում է նաև 2000-2001 թվականներին ծնված խաղացողներով համալրված թիմը:

- Ի՞նչ միջոցներով է Արցախի հավաքականը մեկնելու միջազգային մրցաշարի: Թիմը հովանավորներ ո՞ւնի:

- Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան ունի բյուջե և հիմնականում դրա շնորհիվ ծրագրում ենք մասնակցել այդ մրցաշարին: Կարծում եմ՝ աջակցություն կստանանք նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից, ով մշտապես օգնում է մեզ:
 

 

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս