Շարունաս Մարչյուլյոնիսը այցելել է UWC Dilijan միջազգային դպրոց

10:53 06.06.2014

Արդեն հայտնել ենք, որ այս օրերին հատուկ այցով Հայաստանում է լիտվացի լեգենդար բասկետբոլիստ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Շարունաս Մարչյուլյոնիսը։

«Մեդիամաքս»-ի փոխանցմամբ, հանրահայտ մարզիկը երեկ՝ հունիսի 5-ին այցելել է UWC Dilijan միջազգային դպրոց, որը սեպտեմբերին կհյուրընկալի առաջին 100 աշակերտներին 50 երկրներից:

UWC Dilijan-ի տնօրենների խորհրդի նախագահ, դպրոցի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը եւ դպրոցի տնօրեն Ջոն Փադեֆութն անվանի հյուրին ցույց են տվել հիմնական ուսումնական շենքը եւ մարզական համալիրը:

UWC Dilijan-ի մարզական համալիրը ներառում է ֆուտբոլային դաշտ, փակ դահլիճ բասկետբոլի, վոլեյբոլի եւ այլ մարզաձեւերի համար, փակ լողավազան, բացօթյա խաղահրապարակներ թենիսի եւ բասկետբոլի համար:

Դպրոցն ակտիվորեն պատրաստվում է ուսումնական տարվա մեկնարկին. Շարունաս Մարչյուլյոնիսի այցի պահին շինհրապարակում միաժամանակ աշխատում էին 1158 մասնագետներ եւ բանվորներ:


Շարունաս Մարչյուլյոնիսը հանդիպել է նաեւ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ, որը կարեւորել է UWC Dilijan-ի դերը քաղաքի զարգացման գործում:

Շարունաս Մարչյուլյոնիսը Հայաստան է այցելել Մեդիամաքսի «Մեծ չեմպիոններ» նախագծի շրջանակում, որի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

 

Share |

Լրահոս