Գորիկ Խաչատրյան. Ինձ Արարատից Միյիչն է հեռացրել

18:20 25.08.2014

Հայաստանի Բարձրագույն խմբի 4-րդ տուրի «Ուլիս»-«Արարատ» (2:0) խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Դուշան Միյիչը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչու այլեւս թիմում չէ փորձառու խաղացող Գորիկ Խաչատրյանը. Միյիչը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ակումբին: Armsport.am-ը «Արարատ» ակումբից եւս պաշտոնական որեւէ տեղեկություն ստանալ չկարողացավ:

Դիմեցինք անձամբ ֆուտբոլիստին՝ Գորիկ Խաչատրյանին:

- Ձեր վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ կան. ի վերջո, Դուք հեռացե՞լ եք «Արարատից»:

- Այո, ես «Արարատում» չեմ:

- Դուք ներկայիս «Արարատի» խաղացողների շարքում թիմի կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն էիք: Ի՞նչն է պատճառը, որ ակումբը հրաժարվեց Ձեր ծառայություններից եւ դա արեց այն ժամանակ, երբ տրանսֆերային պատուհանը Հայաստանում փակվել է:

- Պատճառն այն է, որ 3-րդ տուրի՝ «Բանանցի» հետ խաղում ձեռքով խաղացի սեփական տուգանայինում եւ մրցակիցը 11 մետրանոց վաստակեց: Այդ սխալի համար Դուշան Միյիչը որոշել է հեռացնել ինձ: Նշեմ, որ ես «Արարատ» ակումբի հետ որեւէ խնդիր չունեմ, Միյիչը վերջին ասուլիսի ժամանակ այնպես է փորձել ներկայացնել, թե իբր ինքը կապ չունի իմ հետ եւ ակումբից պետք է հետաքրքրվել: Իրականում հենց նա է հեռացրել ինձ թիմից:

- Իսկ նրա հետ զրուցե՞լ եք այս թեմայի վերաբերյալ:

- Ոչ, չեմ զրուցել եւ իմաստ էլ չեմ գտնում զրուցել նման անձնավորության հետ:

 

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս