Ղազար Հակոբյան. Street Workout–ում Վրաստանն ու Ադրբեջանը մեզ օրինակ են համարում (Տեսանյութ)

12:59 21.09.2014

Վերջին երկու տարիներին Հայաստանում արագ տեմպերով ճանաչվածություն է ստանում «Street Workout» մարզաձևը։ Տարբեր քաղաքներում կազմակերպված միջոցառումների ժամանակ բազմաթիվ պատանիներ հավաքվում են մարզահրապարակներում և ցուցադրում են իրենց կարողությունները։ Հայաստանի համար այդ նոր մարզաձևի, նրա առաջացման, տարածման և հեռանկարների շուրջ armsport.am զրուցեց մեզ հյուրնկալված «Street Workout Armenia» կազմակերպության հիմնադիրներ–ղեկավարներ Ղազար Հակոբյանի եւ Արթուր Հարությունյանի հետ։

–Այս մարզաձևը Հայաստանում կարճ պատմություն ունի. ինչպե՞ս այն հայտնվեց մեր երկրում։

(Արթուր Հարությունյան). –«Street Workout» թարգամանաբար նշանակում է բակային մարզումներ. այսինքն բոլորին հասանելի պարապմունքներ, այդ թվում նաեւ բակային պայմաններում։ «Street Workout»–ը սեփական քաշով կատարվող ուժային վարժությունների համախումբն է, այսինքն դրա համար շատ բան պետք է չէ. բավական կլինի մեկ պտտաձող, որպեսզի կախվես և ձգումներ կատարես։ Դժվար է միանշանակ ասել, բայց այս մարզաձևի սկիզբնավորումը կապված է ամերիկյան երկրների հետ, որտեղ սևամորթ տղաները ֆիտնես ակումբներ հաճախելու համար գումար չունենալով՝ սկսել են մարզվել բակային պայմաններում։ Հետագայում դա իր արդյունքն է տվել ու նրանք այդ հասանելի պայմաններով մարզվելիս լավ կազմվածք են ստացել և դրանից հետո այսպես ասած «մոդան» տարածվել է նաև մյուս երկրներում, ինչին մեծապես նպաստեցին youtube–ում տեղադրված տեսանյութերը։

Հայաստան այն հասել է 2012 թվականին, երբ առաջին անգամ ես կազմակերպեցի հավաք՝ փորձելով համախմբել մի քանի երիտասարդների, ովքեր զբաղվում էին այդ մարզաձևով։ Այն ժամանակ դեռ հստակ պատկերացում չկար սա մարզաձե՞ւ է, առողջ ապրելակերպի միջո՞ց է, թե՞ ինչ։ Առաջին հանդիպումը կայացավ Հրազդանի կիրճում, որտեղ զուգափայտերի վրա ցուցադրեցինք մեր կարողությունները, ապա այդ օրվա լուսանկարները տեղադրեցինք համացանցում։ Մյուս անգամ արդեն հավաքվեցինք ավելի մարդաշատ վայրում, որտեղ անցորդները հետաքրքրվում էին, թե սա ինչ տեսակի մարզաձև է։ Այդպես մարզիկների թիվը 15–ից հասավ արդեն 200–300–ի։ Ներկայում Հայաստանի 16 քաղաքներում կան թիմեր, որոնք զբաղվում են «Street Workout»–ով։

Նշեմ, որ այս մարզաձևը մյուսներից տարբերվում է նրանով, որ այն անվճար է և հասանելի։ Եթե մի մարդ զբաղվածության պատճառով չի կարողանում մարզադպրոցներ հաճախել, ապա կարող է հանգիստ տանը մարզվել։

«Street Workout»–ը սկզբից սկսեց զարգանալ՝ որպես սոցիալական շարժում, այն ավելի շատ առողջ ապրելակերպ քարոզող շարժում էր, որն, ըստ էության, նույն ֆիզկուլտուրան է։ Ավագ սերնդի մարդիկ ավելի լավ կհիշեն, որ խորհրդային տարիներին մեծ տարածում ունեին ամրաձողի  վրա կատարվող ձգումների մրցույթները։ Հետագայում այս ուղղվածությունն այնքան զարգացավ, տղաներն այնքան նոր վարժություններ հնարեցին (ինչպես Ալբերտ Ազարյանը, ով առաջին անգամ «խաչ» վարժությունը կատարեց), որ մի օր հասկացանք. մեր մարզիկներն արդեն նույն պրոֆեսիոնալ մարմնամարզիկների նման կարողանում են վարժություններ կատարել՝ իհարկե բակային ձողերի վրա։ Բնական էր, որ դրանից հետո սկսեց զարգանալ նաև պրոֆեսիոնալ ճյուղը, առաջացավ գնահատման համակարգ, վարժություններն անուններ ստացան և արդեն անցկացվում են աշխարհի առաջնություններ։

–Հայաստանը ե՞ւս մասնակցում է Աշխարհի առաջնությանը։

–Սույն թվականին առաջին անգամ Հայաստանը մասնակցել է Street Workout–ի աշխարհի Գավաթին, որն անցկացվում էր Մոսկվայում։ Մեր ներկայացուցիչ Նարեկ Հովհաննիսյանը հաղթեց նախընտրական մրցումները և մասնակցեց մոսկովյան մրցաշարին։ Արդյունքները գերազանց չէին, բայց Նարեկը կարողացավ ցույց տալ իր մաքսիմալ կարողությունները։

–Ներկայում այդ շարժումը զարգացավածություն ինչպիսի՞ փուլում է։

–2013 թվականից մենք գրանցեցինք «Street Workout Armenia» հասարակական կազմակերպությունը, որպեսզի այդ ամենը նոր մակարդակով առաջ տանենք, քանի որ թե՛ համախոհների և թե հետաքրքրվողների թիվը շատ էր մեծացել և ուղղակի, այսպես ասած, «փողոցային» մակարդակի վրա այլևս հնարավոր չէր զարգանալ։ Հարկավոր էին միջոցառումներ կազմակերպել, մարզահրապարակներ կառուցել: Այդ ամենը սկսեցինք անցկացնել պաշտոնական անվան տակ։ Գրանցումից հետո՝ 2014 թվականի մայիսին կազմակերպել ենք  Հայաստանում առաջին «Mix Battle Fest» առողջ ապրելակերպի փառատոնը, որն իր մեջ միավորել էր փողոցային բոլոր կուլտուրաները, այսինքն այն մարզաձևերը, որոնք առաջացել են փողոցից (պարկուրը, բրեքդանսը, կապոերան)։ Պրոֆեսիոնալ մարզաձևերից մեզ աջակցում էին մարմնամարզությունից, armwrestling-ից և բատուտի ֆեդերացիայից։ Այդ բոլորը միաժամանակ ցուցադրվեց մեկ դահլիճում, որպեսզի երիտասարդները տեսնեն այս մարզաձևերի ամբողջ գեղեցկությունը։

–Այս տարի նախատեսվա՞ծ է «Street Workout» Հայաստանի առաջնությունն անցկացնել. այն ինչո՞վ կտարբերվի նախորդից։

Հաայատսանի անդրանիկ առաջանությունն անցկացվել է 2013 թվականին։ Անցած տարի մենք ունեինք 15 մասնակից, որոնցից հաղթեց Սերգեյ Թևոսյանը, ով միանշանակ բոլորին գերազանցում էր և առանց մրցավարական գնահատականների էլ կարելի էր նրան հաղթող ճանաչել։  Այնուամենայնիվ,  անցած տարիդեռ փորձնական մրցույթ էր, քանի որ, ինչպես նշեցի,  «Street Workout»–ը առողջ ապրելակերպ քարոզող շարժում է և մրցակցային էլիմենտներ չունի։ «Street Workout»–ում կարևորը հաղթելը չէ, քանզի, եթե դու արդեն մասնակցում ես, արդեն հաղթող ես, արդեն քո առողջությանն ես հետևում։ Հետո, երբ առաջացավ սպորտային մասը, գնահատման համակարգը, արդեն կարող ենք Հայաստանի առաջնություն իր բոլոր օրենքներով անցկացնել՝ որպես պաշտոնական մրցույթ:

–Որքա՞ն մասնակիցներ են սպասվում առաջնությունում և ո՞ր անվանակարգերում են մրցելու։

–Հայտերն արդեն մեկ ամիս է ինտերնետով ընդունվում են։ Քանի որ մենք ունենք մրցումներին մանսակցելու համար սահմանված ուժի ցուցադրման նվազագույն սանդղակ, ոչ բոլորը կարող են առաջնությանը մասնակցել։ Ամռանն անցկացրել ենք աշխարի Գավաթի ընտրական փուլը, որի մասնակիցներն ինքնաբերաբար ստացել են առաջնությանը մասնակցելու իրավունք, իսկ մյուս ցանկացողները պետք է երեք րոպեանոց չընդհատվող տեսանյութ ներկայացնեն, որի ժամանակ պետք է ցույց տան իրենց կարողությունները։ Մենք էլ մեր հերթին օնլայն տարբերակով հասկանանք կարող ենք ընդունել այդ մարզիկին, թե ոչ։ Այդ ընթացքում նա պետք է ցուցադրի իր բոլոր էլեմենտները, գնահատվելիք ուժային վարժությունները, տեխնիկական մասը, ելույթի գեղեցկությունը, կատարման հստակությունը և դերասանական մասը. այսինքն միայն ուժը դեռ բավական չէ։ Դա ֆրիսթայլ ոճի մասով, բացի այդ կա նաև 6 անվանակարգ. մեկ ձեռքով ձգումներ, զուգափայտի վրա կատարվող «выход силой» վարժություն, «դրոշակ» վարժություն, 32 կգ քաշով ձգումներ պտտաձողին և 48 կգ քաշով հրումներ զուգաձողերում։ Այս անվանակարգերում նույնպես մրցումներ կլինեն և ցանկացած մարդ կարող է գրանցվել և մասնակցել մրցաշարին։

-Տեղյակ ենք, որ դուք մեծ ծավալի աշխատանք եք կատարում Հայաստանի մարզերում այս մարզաձևը ճանաչելի դարձնելու ուղղությամբ. կմանրամասնե՞ք։

(Ղազար Հակոբյան). –Այդ հարցին պատասխանելիս սկսեմ նրանից, թե ինչպես ստացվեց, որ ես Արթուրը և մեր մյուս գործընկեր Արմինեն 2013 թվականին ծանոթացանք եւ որոշեցինք նման կազմակերպություն հիմնել։ Խնդիրներն ու նպատակները շատ են, բայց մենք առաջնային ենք համարում մարզումային հրապարակներ ստեղծելը, ինչը պետք է հիմնովին փոխի երեխաների վերաբերմունքն առաջին հերթին իրենց հանդեպ։ Այդ ուղղությամբ աշխատում ենք ոչ միայն Երեւանում, այլ նաև մարզերում։ Այս պարագայում հրապարակն ավելի շուտ փիլիսոփայական նշանակությունուն ունի, որովհետև մենք հասարակ մարզահրապարակներ չենք ստեղծում, մենք փորձում ենք մարզումային մթնոլորտ ստեղծող տարածք կառուցել, որը կլինի միջազգային ստանդարտներով, նոր դիզայնով և ծածկով. կարեւորը՝  իր ազդեցությունը կթողնի տվյալ տարածաշրջանի վրա։ Օրինակ, եթե անցորդները տեսնեն նմանատիպ ժամանակակից մարզահրապարակներ, նրանք ինքնըստինքյան կուզենան մարզվել այդտեղ։ Դա «Street Workout»–ի սիարհարների համար է ստեղծված, սակայն չի խանգարում հասարակ մարդկանց գալ և սկսել մարզվել։ Մեր միջոցառումների ժամանակ հաճախ է լինում, որ երեխաները տեսնելում են, թե ինչպես են մեծահասակ աթլետները վարժություններ կատարում, նունպես միանում են այդ գործընթացին. այդ ժամանակ նկատելի է, թե նրանց աչքերն ինչպես են փայլում։

Հարկավոր է այս ուղղությամբ աշխատել, անելիք շատ կա, քանի որ Եվրոպան և Ռուսաստանն այս առումով մեզնից առաջ են։ Նրանք արդեն մարզահրապարակներ են կառուցել, սպորտի նախարարություններից ու մյուս պետական մարմիններից աջակցություն են ստանում։ Հայաստանում կա մի շատ կարևոր հանգամանք. մենք առանձնանում ենք մեր ջանասիրությամբ, և երբ նույնիսկ պայամնները չկան մարզվելու համար, շատերը, միևնույնն է, շարունակում են տանը կամ իրենց բակերում դա անել և կարողանում են այնպիսի վարժություններ պատարստել, որոնցով կարող են մրցակցել աշխարհի մյուս մարզիկների հետ։ Մենք ծրագրել ենք 2015 թվականին յուրաքանչյուր քաղաքում առնվազն 2 մարզահրապարկ կազռուցել:

–Արդեն 2015 թվականի համար ծրագրեր կազմե՞լ եք։

–Նախ նշեմ, թե ինչու եմ սկսել այս գործունեությունը ծավալել։ Մոսկվայում 12 տարի աշխատել եմ ֆիտնես ինդուստրիայում։ Սկսել եմ՝ որպես մարզիչ, հետո եղել եմ կառավարիչ, ապա ընդգրկված եմ եղել մի քանի ծրագրերում, կազմակերպել եմ իմ նախագծերը, իսկ վերջին պրոեկտը եղել է մի կազմակերպությունում, որտեղ ես զարգացման բաժնի ղեկավարն էի և մենք աշխատում էինք մարզական նոր տեխնոլոգիանների կատարելագործման ուղղությամբ։ Մարզական մենեջմենթի բնագավառն ինձ լավ ծանոթ է և ես ցանկացա կուտակված իմ փորձը ներդնել արդեն Հայաստանում։ Հայրենիքը ձգում է, և ուզում էի իմ ուժերը ներդնել Հայաստանին օգնելու համար։ 

2015 թվականի համար նախատեսված մեր ծրագիրը բավականին հզոր է (չեմ վախենա այդ խոսքից)։ Հայաստանում գտնված 4 ամիսների ընթացքում մենք կարողացել ենք 17 միջոցառում կազմակերպել, ինչը շատ կարևոր է: Առաջին անգամ մասնակից ունեցանք աշխարհի առաջնությունում և ներկայացրինք Հայաստանը։ Սա հաջողություն է, ցուցանիշ, որով հպարտանում ենք։ Ընդհանրապես, մենք այժմ Աշխարհ առաջնությունը Հայաստանում անցկացնելու նպատակ ունենք. դրա համար հատուկ հավանություն ենք ստացել։

–Ումի՞ց.

– «Street Workout»–ի միջազգային կազմակերպության ղեկավար Դենիս Մինինից։ Այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք։ Մեզ հարկավոր է խաղահրապարակներ կառուցել, հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել, ուշագրավ մարզումներով գրավել մարդկանց, ինչպես նաև «մասթեր–կլասներ» կազմակերպել և հրավիրել ճանաչված մարզիկների։ Մեր հիմնական նպատակն է երիտասարդների մեջ սպորտի նկատմամբ սեր առաջացնել. արդեն Հայաստանում 17 քաղաքներ միացել են մեզ։  

–Համաշխարհային զարգացվածությամբ հայկական «Street Workout»–ն ինչպիսի՞ դիրք է գրավում։

–Ասեմ, որ մենք արդեն հասցրել ենք լինել Մոսկվայում և Վրաստանում։ Վրացի աթլետները մեզ՝ որպես հատուկ հյուրեր հրավիրել էին իրենց երկրի առաջնությանը։ Մեզ այնտեղ մեծ հարգանքով են վերաբերվում, քանի որ իրենց համար մենք ինչ–որ տեղ օրինակ ենք ծառայում։ Ընդհանրապես, տարածաշրջանում Վրաստանի և Ադրբեջանի համեմատ մենք նկատելիորեն առաջ ենք և նրանք ձգտում են հավասարվել մեզ։

(Արթուր Հարությունյան).– Հայաստանը «Street Workout»–ի համաշխարհային զարգացվածության առումով զիջում է միայն մի քանի երկրների՝ ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան… եվրոպական մի քանի երկրներ այս ասպարեզում առաջատարներ են։ Նրանք մեզնից շուտ ես սկսել, բայց 2012–ից Հայաստանում հաստատվելով՝ այն մեկ տարում այնպիսի տեմպերով զարգացավ, որ կարողացանք շատերին մեզնից ետ թողնել։ Այսօրվա դրությամբ քիչ են այնպիսի երկրները, որտեղ «Street Workout»–ը պաշտոնապես գրանցված կազմակերպություն ունի։ Մեկ այլ հանգամանք. ի տարբերություն մյուսների՝ մեր աթլետները (կրկին մեր ազգի համախմբվելու մենթալիտետի շնոհիվ) կարողացել են միմյանց հետ կապ հաստատել և համագործակցելով՝ էլ ավելի կատարելագործվել, իսկ ահա արտերկրում շատերն իրարից տեղյակ չեն և կարող են հանդիպել միայն առաջնությունների ժամանակ։ Նշեմ, որ «Street Workout»–ի միջազգային կազմակերպությունում 85 երկրների մեջ մենք հինգերորդն ենք գրանցվել։

–Դուք ձեր խոսքում նշեցիք մի քանի երկներ, որտեղ «Street Workout»–ը լավ է զարգացած և որ նրանց աջակցում է նաև երկրի սպորտի նախարարությունը. Դուք համագործակցո՞ւմ եք Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախաարարության հետ կամ պատրաստվո՞ւմ եք դա անել։

(Ղազար Հակոբյան). –Մենք այժմ գտնվում էին հենց նախապատրաստության փուլում և պետությանը դիմելու համար հարկավոր է ներկայացնել որոշակի ծրագիր։ Հասկանալով, թե այդ ամենն ինչպես է զարգանում, մենք որոշակի ժամանակ սպասում էինք, որպեսզի տեսնենք, թե այս ամենն ինչ ուղղությամբ է զարգանում։ Քանի որ հիմքն արդեն դրված է, մենք պետք է աշխատանքը շարունակենք նոր մոտեցումներով, մտահաղացումներով և ծրագրերով։ Այժմ գտնվում ենք այն փուլում, որ ժամանակն է հանդիպել Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի, ինչպես նաև լիազորված այլ մարմինների հետ։ Կարծում եմ՝ որոշ հայացքներում մեր տեսակետները համընկնում են։ Տեսնենք այդ ամենին նախարարությունն ինչպես կարձագանքի, բայց ասեմ, որ հետևելով ներկայիս զարգացման ուղղություններին՝ «Street Workout» մարզաձևի շարժումը պահանջված է, և մյուս երկների փորձը ցույց է տալիս, որ պետությունը մեծ հաճույքով է միանում և աջակցում մարզիկներին։ Հուսով ենք՝ մեր երկրում նույնպես նման կերպ կվերաբերվեն մեր շարժմանը, որովհետև սա ընդհանուր գործ է, որը երկրին օգնում է աթլետներ պատրստել։

–«Street Workout»–ը Հայաստանում հայտնվել է ինտերնետի միջոցով, մասնավորապես՝ youtube–ի տեսանյութերի։ Հայաստանում նրանք, ովքեր տեղյակ չեն այս մարզաձևի մասին, բայց սիրում են մարզվել, ինչպե՞ս կարող են տեղեկանալ ձեր շարժման մասին։

–Սկզբնաական շրջանում, երբ մենք դեռ առաջին քայլերն էինք կատարում, նկարում էինք մեր կատարած վարժությունները և տեղադրում ինտերնետում, ինչը ակնթարթորեն տարածվում էր։ Հարյուրավոր մարդիկ հավանում (like) էին, ինչով ևս նպաստում էին լուսանկարների և տեսանյութերի տարածմանը։ Հայաստանի տարբեր քաղաքների մարզիկների մոտ 90 տոկոսի հետ հենց ինտերնետի միջոցով ենք ծանոթացել, մարդկանց, ովքեր մեր տեսանյութերը դիտելով՝ գրել են մեզ։ Այլ կերպ՝ մեզ միանում են իրենց ծանոթներից մեկի շնորհիվ, օրինակ, երբ ինչ–որ քաղաքում միջոցառում ենք կազմակերպած լինում, մարդիկ իրենց ընկերների հետ գալով՝ հետագայում միանում են մեզ։ Մեր ճանաչվածության ընդարձակմանը նպաստում էնաեւ հեռուստատեսությունով մեր մասին տեղեկություն հաղորդելը։ 

(Ղազար Հակոբյան). –Ես ավելացնեմ, որ այդ տեսանյութերը նաև շատ դիտումներ են ունենում արտասահմանում, քանի որ այդ բնագավառի մարդիկ միշտ հետևում են մյուսների աշխատանքին, որպեսզի բաց չթողեն որևէ նոր հնարք կամ վարժություն։ Դա նպաստում է նրան, որ հայկական անուններ տեսնելով՝ ամբողջ աշխարհում մեր ազգը նաև այդկերպ է ճանաչվում, մեր մասին կարծիք են կազմում նաեւ մեր աթլետներին տեսնելով։ 

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս