Ալյոշա Աբրահամյան. Հայաստանում դարպասապահների դպրոցի անհրաժեշտություն կա

09:55 26.09.2014

Հայկական ֆուտբոլում դարպասապահներ պատրաստելու, խաղերում նրանց դերի, Հայաստանում դարպասապահների դպրոց ունենալու անհրաժեշտության վերաբերյալ armsport.am-ը զրուցեց «Արարատ-73»-ի դարպասապահ, «Արարատ-2»-ի դարպասապահների մարզիչ Ալյոշա Աբրահամյանի հետ: Նշենք, որ հարցազրույցի սկզբում լեգենդար դարպասապահը խնդրեց այս պահին չանդրադառնալ ներկայիս «Արարատին» եւ նրա ելույթներին….

-Պրն Աբրահամյան, վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի հավաքականում չունենք Ռոման Բերեզովսկուն արժանի փոխարինող. ինչպիսի՞ն է Ձեր դիտարկումն այս հարցի վերաբերյալ:

-Նախ նշեմ, որ ինձ համար Բերեզովսկին անփոխարինելի է: Դեռևս չկա այն դարպասապահն, ով իրապես կարող է փոխարինել նրան: Կան դարպասապահներ, ովքեր 50-60 տոկոսով կարող են, սակայն չեմ կարծում, թե դա բավական է հավաքականին:

Բերեզովսկին հավաքականում խաղալու առաջին իսկ օրվանից մինչև այժմ իսկական փրկիչ է: Շատ փայլուն հանդիպումներ ենք տեսել, շատ հերոսություններ. իհարկե, եղել են նաև սխալներ, որոնք յուրաքանչյուր բարձրակարգ դարպասապահ էլ գործում է:

Խաղային այդ դիրքում առկա խնդիրը միմիայն կապված է դարպասապաների դպրոցի բացակայության հետ. Հայաստանին դարպասապահների դպրոց է անհրաժեշտ. առանց դպրոցի անհնարինին մոտ է հուսալի դարպասապահներ պատրաստել:

-Որո՞նք են առաջնային խորհուրդները, որոնք Դուք տալիս եք դարպասապահներին:

-Անհրաժեշտ է դարպասապահին ուղորդել, թե ինչպես խաղալ պաշտպանների հետ:  Խաղից առաջ դարպասապահներին մի կարևորագույն առաջադրանք է տրվում, այն է՝ վերահսկել պաշտպանական գծի խաղը:  Դարպասապահը պետք է տեսնի դաշտը. հնարավոր է ձախ եզրից գրոհ ընթանա, սակայն կտրուկ փոխանցում հետևի դեպի աջ. դարպասապահը պետք է տեսնի այս ամենը, ուշադիր լինի և պատրաստ լինի յուրաքանչյուր զարգացման:

 Դարպասապահի գործում բազում նրբություններ կան, որոնց ուշադրություն չեն դարձվում. օրինակ երբ թիմն արագ գործողությունների է անցել, դարպասապահը պետք է ներգրավված լինի և նույնպես արագ գործի: Եթե նա հապաղի, ապա թիմի «կրակը» կարող է մարել: Բացի այդ, պետք է հաշվարկել փոխանցման ուղղությունը, այնպես, որ խաղընկերոջը հարմար լինի կասեցնելն ու պտտվելը:

-Պրն Աբրահամյան, ինչո՞վ է պայմանավորված, որ Ձեր պես փորձառու մասնագետն աշխատում է «Արարատի» 2-րդ թիմում:

-Թիմի ղեկավարությունը որոշեց, որ ես աշխատեմ 2-րդ թիմում: Ես համաձայնեցի նրանց որոշմանը և աշխատանքի անցա դուստր թիմում: Ինձ համար էական չէ. որտեղ էլ նշանակեն, այնտեղ կաշխատեմ: Դարպասպահներ մարզելու աշխատանքն, առհասարակ, շատ բարդ է. պետք է մանրակրկտորեն բացատրել, հասկացնել…

-Խոսենք հայ դարպասապահների մասին

-Դարպասապահը նախևառաջ պետք է ֆիզիկապես պատրաստված լինի: Խաղային մյուս դիրքերի համեմատ դարպասապահի դիրքում ֆիզիկականը շատ ավելի կարևոր է ու անհրաժեշտ:

Զարմանալ կարելի է, երբ մարզման ժամանակ դարպասապահն ասում է՝ «ուժեղ խփեց», «մոտ տարածությունից խփեց» և այլն. դարպասապահի գործն այդ ամենին պատրաստ լինելն է: Որևէ հանդիպման ժամանակ հարձակվողը չի ասելու, թե ինչպես է խփելու և որտեղից:

Նախ նշեմ, որ անհրաժեշտ է 1 մետր 85 սանտիմետրից բարձր հասակ: Ես կողմ եմ, որ դարպասապահը թիմի հետ մարզվի, կարողանա ոտքով խաղալ, զարգացնի իր ֆիզիկական պատրաստվածությունը:

Հիշեցի Մյունխենի «Բավարիայի» հետ արտագնա հանդիպումը, երբ մրցակցի ճնշումն այնքան մեծ էր, որ ամբողջ խաղի ընթացքում մի քանի անգամ դուրս եկանք մեր կիսադաշտից: Ես պաշտպանների հետ միասին անընդհատ թոհուբոհի կենտրոնում էինք: Ֆիզիկական պատրաստվածությունը բավականացրեց, սակայն ընդունած 2-րդ գոլում ինձ մոտ արդեն տեղի տվեց, որովհետև ճնշումը մեծ էր: Ես անընդհատ խաղի մեջ էի և այլևս ուժ չէր մնացել այդ գնդակը ետ մղելու համար:

Ֆիզիկականին հաջորդում են դարպասապահի տակտիկական հմտությունների անհրաժեշտությունը: Դարպասապահները միշտ պետք է գիտակցեն, որ իրենց վրա ահռելի պատասխանատվություն կա, իրենց հետ մեծ հույս կա:

Նա պետք է բազմաֆունցիոնալիզմով օժտված լինի, որպեսզի կարողանա հեշտացնել պաշտպանների խաղը: Այժմ հիմնականում 4 պաշտպաններ մեկ գծի վրա են խաղում, իսկ առաջ պատկերն այլ էր, ուստի հիմա պետք է ժամանակ առ ժամանակ դարպասապահը վերածվի 5-րդ պաշտպանի:

Հայաստանում երիտասարդ դարպասապահների կամ մյուս ֆուտբոլիստների մոտ ավելորդ ինքնավստահության նման ինչ-որ բան է նկատվում… աշխատասիրության փոխարեն այլ զբաղմունքներ են մեջտեղ եկել՝ հեռախոսներ, նոթբուքեր, արտաքինին հետևել… մեր ժամանակ կարճ անդրավարտիքներ էին, երբեք առաջնային չէր, թե ինչ տեսք ունենեք. կարևորը խաղն էր՝ ուշադիր, համակարգված և վստահ:

Ես նկատել եմ, որ հայ դարպասապահները կաղում են դարպասից դուրս գալիս: Իմ կանխատեսմամբ դարպասը «կորցնելու» վախ կա: Հենց դա վստահության բացակայությունն է, մի քիչ էլ տակտիտական գիտելիքների. դարպասից դուրս գալը պետք է լինի վստահ, հաշվարկված և հետագա զարգացումներին պատրաստ:

Հայաստանում շատ է հանդիպում, երբ դարպասապահին ետ փոխանցումից հետո վերջինս փորձում է խաբս տալ մրցակցի հարձակվողին. դա սխալ է… ի՞նչ խաբքի մասին է խոսքը, եթե դարպասապահի խաղի «մեխը» հստակությունն է:

Խոսելով տակտիկական խնդիրների վերաբերյալ՝ պետք է անդրադառնալ նաև պաշտպանների խաղին. նրանք պետք է մաքսիմալ արագ և ուշադիր լինեն. ոչ մի դեպքում դարպասի ուղղությամբ դարպասապահին փոխանցում չկատարեն, քանի որ կարող է խոտածածկի խնդիր լինել, կամ դարպասապահը սխալվի. դա  ոսկե կանոնի պես պետք է հիշել և կիրառել:

-2 տարի առաջ որոշում կայացվեց, որ Հայաստանի Բարձրագույն խմբում լեգիոներ դարպասապահների արգելք լինի. դա ինչ-որ կերպ նպաստե՞ց տեղացի դարպասապահների առաջխաղացմանը:

-Ըստ իս՝ դա շատ լավ և նպաստող որոշում էր: Մեր ֆուտբոլին հարկավոր են որակյալ դարպասապահներ, ուստի պետք է մեծ ուշադրություն դարձվի այդ դիրքին:

-Համաշխարհային ֆուտբոլում ընդունված է, որ դարպասապաներն իրենց կարիերայի գագաթնակետին են հասնում ավելի մեծ տարիքում, քան ֆուտբոլիստները. գուցե Հայաստանում էլ է այդպես և որոշակի ժամանակ է անհրաժեշտ…

-Առհասարակ, դարպասապահները լավագույնս սկսում են խաղալ 25 տարեկանից հետո, որովհետև նրանց ավելի շատ փորձ և վստահություն է անհրաժեշտ, քան խաղային մյուս դիրքերի ֆուտբոլիստներին: Յուրաքանչյուր դիրքում սխալն այդքան անուղղելի չէ, ինչքան դարպասապահի սխալը:

Հայաստանում, մանավանդ, պետք է մինչ կարիերայի պիկը տանող ժամանակահատվածը արդյունավետ կերպով օգտագործել. զարգացնել ոտքով խաղի ունակությունները, խաղադաշտը տեսնելու կարողությունը, վստահություն հաղորդել…

-Կնշե՞ք այն առանձահատկությունները, որոնք Դուք «ոսկե 70-ականներից» բերել եք մեր օրեր և փոխանցում եք դարպասապահներին:

-Դա առաջին հերթին աշխատասիրությունն է, որը սերմանում եմ նոր սերնդի մեջ: Ես անդադար աշխատում էի… միշտ աշխատում էի թիմի հետ և ունեի դարպասապահին բնորոշ ագրեսիվություն: Միշտ ասում եմ, որ դարպասապահը կյանքում կարող է հանգիստ անձնավորություն լինել, բայց ֆուտբոլում պետք է անասելի աշխույժ լինի, վստահ, համարձակ: Ես չգիտեի՝ ինչ ասել է զիջել… մարզումներին ձայնս այնպես էի գցում, որ ամբողջ «Կիլիկիա» համալիրով մեկ լսվում էր, էլ ո՞ր հարձակվողն ընդառաջ կգար (ժպտում է,- խմբ.:): 

Share |

Լրահոս