«Բարսելոնան» դեմ չէ, որ Լիոնել Մեսսիին տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հայտնում է The Mirror-ը:
Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները պատրաստ են բաժանվել արգենտինացուց 280 միլիոն եվրոյի դիմաց: Կատալոնացիները պատրաստ են նաև դիտարկել 33-ամյա ֆուտբոլիստին «Սիթիի» խաղացողների հետ փոխանակելու տարբերակը՝ հավելավճարով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «քաղաքաբնակները» պատրաստ են գործարքի մեջ ներառել պաշտպան Էրիկ Գարսիային, կիսապաշտպան Բերնարդո Սիլվային և հարձակվող Գաբրիել Ժեզուսին:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Մեսսին տեղեկացրել էր «Բարսելոնայի» ղեկավարությանը ակումբից հեռանալու մտադրության մասին: Հարձակվողին, բացի «Մանչեսթեր Սիթիից», հավակնում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը», «Յուվենտուսը» եւ ՊՍԺ-ն:
Մեսսին Բարսելոնայի սան է, ով թիմում խաղում է 2004 թվականից: Արգենտինացի հարձակվողը «Ոսկե գնդակի» վեցակի մրցանակակիր է: