Գորիկ Խաչատրյան. Արարատը շատ ամուր պաշտպանություն է ունենալու

11:24 02.02.2015

Երեւանի «Արարատը» վերադարձել է Սոչիից, որտեղ հունվարի 18-ից ուսումնամարզական հավաք էր անցկացնում: Armsport.am-ի հետ զրույցում «Արարատ» վերադարձած Գորիկ Խաչատրյանը խոսել է հավաքի եւ թիմի առաջիկա ծրագրերի մասին:

- Գորիկ, օգոստոսին Դուք լքել եք «Արարատը», իսկ վերադարձել եք դեկտեմբերին.  այդ դադարն ինչ-որ կերպ ազդե՞լ է Ձեր մարզավիճակի վրա:

 - Բնականաբար դադարը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ: Դրականն այն էր, որ ընդմիջումից անմիջապես հետո միացա թիմին եւ մարզումների գործընթացին շուտ միացա:

 - Ինչպե՞ս անցավ Սոչիի հավաքը, մի փոքր պատմեք մարզումների եւ ընկերական հանդիպումների մասին:

 - Հավաքը շատ բարձր մակարդակով անցավ, մարզումները հետաքրքիր էին ընթանում: 1-ին հավաքն էր, եւ հիմնական շեշտը դրված էր ֆիզիկական պատրաստության վրա: Ինչ վերաբերում է ընկերական խաղերին, ապա նշեմ, որ «Սախալինը» խաղամակարդակով շատ ավելի բարձր թիմ էր, քան «Սոչին», սակայն կարծում եմ՝ ոչ պարտադիր գոլեր բաց թողեցինք: Այդքան էլ չեմ կարեւորում այդ պարտությունը, կարեւորն այն է, որ մարզիչները բոլոր ֆուտբոլիստներին տեսնում էին գործի մեջ:

- Թիմում բավականին շատ են լեգիոներները. որպես «Արարատի» հնաբնակ՝ կասե՞ք, թե ինչպես է ստացվում նրանց հետ համագործակցությունը:

 - Բոլորի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանք հարմարվեն թիմին: Ինչքան էլ նրանք որակյալ լինեն, միեւնույնն է, ժամանակ է անհրաժեշտ թիմին հարմարվելու համար:

 - Բազմաթիվ կարծիքներ կային, որ լեգիոներները չէին համապատասխանում առաջնության մակարդակին. այժմ շատերը եկել են, որոշներն էլ՝ հեռացել: Նոր լեգիոներների վերաբերյալ ի՞նչ կասեք, ինչքանո՞վ են նրանք համապատասխան:

- Ներկա բոլոր լեգիոներները լավ տպավորություն են թողնում եւ միայն ժամանակը ցույց կտա իրենց վերաբերյալ կարծիքները ճիշտ են, թե ոչ:

 - Պաշտպանության գծում «Արարատում» որպես ավելի վաղ հանդես եկած ֆուտբոլիստ՝ ի՞նչ եք կարծում՝ այդ դիրքի ուժեղացումն ամբողջովին ստացվե՞լ է:

 - Կարեւոր է, որ թիմում է նաեւ Վահե Մարտիրոսյանը, ով նույնպես հնաբնակներից է եւ նրա շնորհիվ անպայման գիծն ավելի ուժեղ կլինի: Ինձ թվում է «Արարատը» շատ ամուր պաշտպանություն է ունենալու. ժամանակն ամեն ինչ ցույց կտա:

- Սոչիում ընկերական հանդիպումների ժամանակ թիմի ի՞նչ բացեր նկատվեցին եւ ո՞ր դիրքերի հետ էին կապված դրանք:

 - Դժվարանում եմ հարցին պատասխանել, քանի որ իմ դիտարկման հարցը չէ: Ես վստահ եմ, որ մարզիչներն ամեն ինչ շատ լավ տեսնում են եւ բացեր լինելու դեպքում անպայման կլրացնեն դրանք:

 - Ներկա դրությամբ Ձեր կարծիքով թիմն ինչպիսի՞ ֆունկցիոնալ վիճակում է:

 - Դեռ շատ աշխատանք ունենք անելու: Կարծում եմ՝ առաջնության 2-րդ կեսի 1-ին խաղին արդեն թիմն ամբողջովին պատրաստ կլինի:

- Թիմի նպատակները ներկա դրությամբ ինչպիսի՞ն են. կազմը մեծապես փոփոխությունների է ենթարկվել, դա ինչքանո՞վ է ազդել նպատակների վրա:

 - Մեր նպատակն է հաղթել յուրաքանչյուր խաղում. կարեւորություն չենք տալիս՝ խաղը կլինի ընկերական, թե ոչ:

Share |

Լրահոս