Սուսաննա Գաբոյան. Որոշել էի տարվա փոխվելու հետ ինքս էլ փոխվել

23:46 05.02.2015

 

Հայաստանի 2015 թվականի շախմատի առաջնության բարձրագույն խմբի չեմպիոն է դարձել Սուսաննա Գաբոյանը: Նա համալրելու է շախմատի Հայաստանի կանանց հավաքականը:

«Շախմատային Հայաստան»-ը զրուցել է Գաբոյանի հետ: Հարցազրույցը վարել է Ժաննա Պողոսյանը:

 

- Սուսաննա, ընդունիր շնորհավորանքներս: Ինչպե՞ս ընթացավ առաջնությունը քեզ համար, սպասո՞ւմ էիր նման արդյունքի:

- Շնորհակալ եմ: Ե´վ սպասում էի, ե´ւ չէի սպասում (ժպտում է` Ժ.Պ.): Յոթերորդ տուրից հետո արդեն մտքովս անցավ, որ շատ հնարավոր է չեմպիոնուհի դառնալս: Այսօր շատ լարված էի եկել խաղին, բայց քանի որ հակառակորդս` Սվետլանա Միրզաբեկյանը, ութերորդ տուրից հետո վերջին տեղում էր ընթանում, մեջս հանգստություն կար: Հետեւում էի պարտիաներին, տեսա, որ Մարիան շահած դիրք ունի, սակայն դա վրաս չազդեց, քանի որ իմ դիրքն էլ էր լավը: Ես գիտեի, որ եթե հաղթեմ, ինձ համար կարեւոր չեն լինի մյուսների պարտիաները, ու այդպիսով կենտրոնացել էի միայն իմ պարտիայի վրա:

 

- Մրցակիցներիդ մասին ի՞նչ կասես:

- Ես համարում էի, որ չորս ուժեղ հակառակորդ ունեի ինձ համար` Աննա Հայրապետյան, Շուշաննա Սարգսյան, Մարիա Գեւորգյան եւ Արմինե Բաբայան: Աննան երեւի լավ խաղավիճակում չէր եւ, կարծես թե, պատրաստ չէր մրցաշարին, շատ անհաջող խաղաց ինձ հետ: 

 

- Այս առաջնությունում ամենալավ պարտիադ ո՞րն էր:

- Բոլոր շահած պարտիաներս էլ լավն էին, երեւի առանձնահատուկ նշեմ Աննայի եւ Շուշաննայի հետ պարտիաները, որոնք իմ ամբողջ կյանքի ընթացքում խաղացած պարտիաների մեջ էլ լավագույններից են: Անակնկալ հաղթանակ չեմ ունեցել, այսինքն պարտված դիրքում հաղթանակ չեմ տարել: Բայց հակառակը եղել է` Մարիայի հետ շահած դիրքում պարտություն կրեցի, ինձ թվում էր այդ պարտությունից հետո չեմ կարողանա հավաքվել եւ լավ խաղալ...

 

- Իսկ քո կարծիքով ի՞նչը նպաստեց, որ դու չեմպիոնուհու տիտղոսը նվաճես:

- Ես որոշել էի, որ տարվա փոխվելու հետ ինքս էլ եմ փոխվելու: 2014-ը շախմատային առումով շատ անհաջող տարի էր ինձ համար: Այն սկսվեց Հայաստանի առաջնությամբ, որում  ես  վատ հանդես եկա, հիշում եմ` առաջին երեք տուրերում էլ պարտվել էի: 2014-ին շատ այլ մրցաշարերում էլ լավ չխաղացի: Բայց նոր տարում որոշել էի փոխվել: Ինձ թվում է` ինձ օգնեց տրամադրվածությունս, հավատը ուժերիս նկատմամբ, հաղթելու հստակ նպատակ ունենալը: Եվ ահա ստացվեց (ժպտում է` Ժ.Պ.):

 

- Ինչպե՞ս էիր պատրաստվել մրցաշարից առաջ:

- Անկեղծ ասած` այս մրցաշարից առաջ շատ չեմ պարապել, չեմ կարող ասել, որ ինձ լիովին շախմատին եմ տվել: Իմ դեպքում ավելի կարեոր էր ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստությունը: Մինչեւ բոլորովին վերջերս ես չէի հասկանում ֆիզիկապես պատրաստված լինելու կարեւորությունը, հետո զգացի, որ մրցաշարերի ընթացքում պարտիայի երկրորդ-երրորդ ժամից հոգնածություն եմ զգում: Սկսեցի հաճախել մարզասրահ: Կոնկրետ այս մրցաշարի ընթացքում երեկոյան վազում էի:

 

- Քեզ համար բա՞րդ էր մրցաշարը:

- Բավականին: Ես ընդհանրապես շատ ծանր եմ տանում պարտություններս, հիասթափվում եմ: Ինձ համար ամենացավոտ բանը շահած դիրքում պարտվելն է, դա ոչ մի կերպ չեմ կարողանում տանել: Այս մրցաշարում առաջին պարտությունս չորրորդ տուրում եղավ եւ վրաս շատ ազդեց, բայց կարողացա հավաքվել եւ խաղալ:

 

- Ապրիլին Հայաստանի կանանց հավաքականի կազմում մասնակցելու ես աշխարհի թիմային առաջնությանը, ինչպե՞ս ես տեսնում քեզ այդ դերում:

- Իմ հաղթանակներն ինձ համար ամենալավ նվերներն են (ժպտում է` Ժ.Պ.): Ես կաշխատեմ որքան հնարավոր է պարապել, անել ամեն ինչ, որ լավ հանդես գամ: Մինչեւ աշխարհի առաջնությունը, հունվարի 29-ից մասնակցելու եմ մրցաշարի Մոսկվայում: Ծնողներս Մոսկվայում են այժմ, հայրիկս ինձ շատ է օգնում, ամեն անգամ իր խորհուրդները վրաս մեծ ազդեցություն են թողնում:

 

- Մինչեւ Հայաստանի չեմպիոնուհի դառնալը հստակ որոշե՞լ էիր, որ լրջորեն շախմատով ես զբաղվելու:

- Այո: Ես վեց տարեկանից շախմատ եմ պարապում, եւ երբ Հայաստանի 10 տարեկան աղջիկների առաջնությունում գրավեցի երկրորդ տեղը, հասկացա, որ շախմատիստ եմ դառնալու... 

Աղբյուր` armchess.am

Կարդացեք նաև

Share |

Լրահոս