Արամ Ոսկանյան. Ուրալում շատ գոհ էին մեր ֆուտբոլիստների խաղից

17:06 26.02.2015

Երևանի «Միկան» մրցաշրջանի երկրորդ կեսին նախապատրաստվում էր Կիպրոսում։ Armsport.am–ը զրուցեց «Միկայի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի հետ, ով ամփոփեց կիպրոսյան հավաքը և խոսեց թիմի համալրումների ու առաջնությանը վերսկսման մասին։

- Պարոն Ոսկանյան, ինչպե՞ս ընթացավ կիպրոսյան հավաքը եւ ներկա դրությամբ ինչքանո՞վ է թիմը պատրաստ առաջնության վերսկսմանը:

–Նորմալ հավաք էր, մի քանի ստուգողական խաղեր անցկացրինք։ Մրրցակիցներն էլ արժանի էին՝ ուժեղ առաջնություններից։ Բոլորին հնարավորություն տվեցինք հիմնական կազմում խաղալ, որպեսզի այդ հանդիպումների հիման վրա ավելի հստակ պատկերացնենք, թե ովքեր են լինելու մեկնարկային կազմի ֆուտբոլսիտները։

- Ինչքանո՞վ արդարացրին Ձեր սպասումները ընկերական հանդիպումները:

–Ամեն խաղում էլ տարբեր խնդիրներ ենք ունեցել։ Կային բացթողումներ, տեսանք մեր լավ ու վատ կողմերը։ Ոչ պարտադիր գոլեր բաց թողեցինք. դա խնդիրներից մեկն է։ Շարունակում ենք ստանդարտներից գոլեր բաց թողնել և մեր պահերը չիրացնել։ Պետք է շարունակենք այդ ուղղությամբ աշխատել

- Թիմի համալրման գործընթացն ի՞նչ փուլում է եւ մինչեւ մարտի 1-ը նոր ֆուտբոլիստների սպասելո՞ւ եք:

–Արդեն երկու ֆուտբոլիստների հետ պայմանագրեր ենք կնքել։ Հնարավոր է ևս մեկ համալրում ունենանք։ Ֆուտբոլիստներից մեկը հարձակվող է, իսկ մյուսը՝ կիսապաշտպան։ Մինչ ակումբն այդ կապակցությամբ հանդես չգա պաշտոնական հայտարարությամբ, չեմ կարող ասել ֆուտբոլիստների անունները։

- Իսկ թիմից հեռացողների մասո՞վ։ Ուսումնամարզական հավաքի ընթացքում մի քանի ֆուտբոլիստներ փորձաշրջան անցան «Ուրալում». իրենց հարցում հստակություն կա՞:

–Բարեկամական կապեր ունենք «Ուրալի» հետ։ Հաջողությամբ կիառում ենք փորձի և ֆուտբոլիստների փոխանակումը։ Ռուսական թիմում շատ գոհ էին մեր ֆուտբոլիստների խաղից, հատկապես Տիգրան Բարսեղյանից։ Մեր խաղացողների համար էլ դա մեծ փորձ է։ Նրանք էլ հասկացան, որ հեռու չեն Ռուսաստանի առաջնությունում խաղալու հնարավորությունից։ Չի բացառվում, որ մեր ֆուտբոլիստները հետագայում համալրեն «Ուրալը»։ Մենք շահագրգրված ենք, որ «Միկայի» խաղացողները հայտնվեն Ռուսաստանի նման ուժեղ առաջնություններում։

- Վարդգես Սաթումյանը չմասնակցեց հավաքին. ինքը միանալո՞ւ է «Միկային»:

–Այո՛, Սաթումյանը մնալու է «Միկայում»։ Նա հիմա արդեն թիմի հետ է մարզվում։ 

- Մինչեւ մարտի մեկը ինչպիսի՞ նախապատրաստություն է լինելու. հանգիստ տրվե՞լ է: 

–Կիպրոսից վերադառնալուց հետո տղաներին երկօրյա հանգիստ էր տրվել։ Այժմ արդեն ամեն օր մեկական մարզում անցկացնելով պատրաստվում ենք առաջիկա խաղին։

- Ամսի 1-ին «Միկան» մրցելու է «Ալաշկերտի» դեմ. ինչպիսի՞ տրամադրվածություն է եւ թիմը ինչքանո՞վ է պատրաստ այդ հանդիպմանը:

–Բոլոր ֆուտբոլիստներն անհամբեր սպասում են առաջնության վերսկսմանը։ Մարզումները մարզումներով, բայց խաղերը միշտ ավելի հետաքրքիր են։ Շատ մեծ է հաղթելու ցանկությունը։ Առաջիկա խաղերը ցույց կտան, թե որքան լավ ենք պատրաստվել մրցաշրջանի երկրորդ կեսին։

Share |

Լրահոս

Loading...