Ժան-Ժակ Բուգուհի. Աստծո շնորհիվ կարողանում եմ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել

17:27 10.03.2015

 Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկից «Շիրակում» հանդես է գալիս իվուարցի լեգիոներ Ժան-Ժակ Բուգուհին: Ընթացիկ առաջնությունում Գյումրու թիմի լավագույն ռմբարկուն armsport.am-ի հետ զրույցում խոսեց ակումբին, քաղաքին հարմարվելու եւ առաջնությունում իր նպատակների մասին:

- Ժան-Ժակ, արդեն 6 ամսից ավել է հանդես եք գալիս «Շիրակում». ինչպիսի՞ն էր ակումբին եւ քաղաքին հարմարվելու գործընթացը:

 - Թե՛ ակումբին, թե՛ քաղաքին լավ եմ հարմարվել, քանի որ թիմակիցներս ու Գյումրու բնակիչներն ինձ լավ են ընդունել: Այստեղ հիանալի մթնոլորտ է, եւ ամեն ինչ ինձ գոհացնում է:

- Նախքան «Շիրակ» տեղափոխվելը, այսպիսի՞ն էիք պատկերացնում Հայաստանը:

- Որոշակի մտավախություններ ունեի, քանի որ երիտասարդ տարիքում պետք է փորձեի հարմարվել նոր երկրի, նոր մայրցամաքի, սակայն տեղյակ էի, որ «Շիրակում» խաղացել են բազմաթիվ աֆրիկացիներ եւ նրանք գոհ են եղել ամեն ինչից: «Շիրակը» լավ իմիջ ունի Աֆրիկայում եւ դա ինձ հույս էր ներշնչում, որ Հայաստանում խնդիրներ չեն լինի:

- Ինչպե՞ս է դասավորվում Հայաստանի առաջնությունը թիմի համար. արդյո՞ք խաղն ու արդյունքը hամապատասխանում են:

 - Ներկա դրությամբ մեր գործերը վատ չեն ընթանում եւ մեր խաղն ու արդյունքը, կարելի է ասել, համապատասխանում են: Ցանկանում եմ ընդգծել, որ հնարավոր է նաեւ ավելի բարձր դիրքում լինեինք եւ ավելի շատ միավորներ ունենայինք, քանի որ ունենք դրա պոտենցիալը: Առջեւում դեռ կա 11 խաղ, որոնցում մենք երկուական անգամ հանդիպելու ենք նաեւ առաջին երկու տեղերում գտնվող թիմերին: Այնպես որ, ամեն ինչ մեր ձեռքերում է:

 - Վերսկսումից հետո 2 խաղերում «Շիրակը» հաղթել է, իսկ Դուք էլ հասցրել եք 2 դուբլի հեղինակ դառնալ. ինչո՞վ է պայմանավորված նման արդյունավետությունը:

 - Այդ գոլերը կապված են թիմային աշխատանքի հետ. ներդրում ունի նաեւ Դրիսայի գործոնը: Իմ գոլերը նաեւ մարզումների եւ հավաքների արդյունքն է:

- Այդ գոլերի շնորհիվ ռմբարկուական մրցավազքում բարձրացած 2 տեղ. որքանո՞վ եք կարեւորում լավագույն ռմբարկու դառնալը:

 - Ինձ համար դա շատ կարեւոր է, քանի որ ռմբարկու դառնալն ընթացիկ առաջնությունում գլխավոր նպատակս է: Բայց կցանկանամ, որ լավագույն ռմբարկու դառնամ թիմս մեծ օգուտ տալով, այսինքն այդ գոլերը «Շիրակին» հաղթանակներ պարգեւեն, ինչպես որ դա եղավ վերջին երկու խաղերում:

- Ընթացիկ մրցաշրջանում Դուք խփել եք «Շիրակի» գոլերի կեսը. դա թույլ է տալիս ենթադրել, որ Ձեզ վրա է դրված գոլեր խփելու հիմնական պարտականությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան եւ չի ճնշո՞ւմ արդյոք այդ պարտականությունը:

  - Շատ չեմ կենտրոնանում գոլեր խփելու վրա: Աստծո շնորհիվ կարողանում եմ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել ու խփել իմ գոլը:

- «Շիրակում» ո՞ր ֆուտբոլիստների հետ է ավելի լավ ստացվում Ձեր համագործակցությունը:

 - Եթե հաշվի առնենք լեզվական գործոնը, ապա միանշանակ Դիարասուբայի հետ, եթե հաշվի չառնենք, ապա Դավիթ Հակոբյանի հետ:

- 5 օրից «Շիրակը» հանդիպելու է մրցաշարային աղյուսակում հարեւան «Փյունիկի» հետ. ի՞նչ կարեւորություն ունի այս խաղն անձամբ Ձեզ համար:

 - Շատ լավ եմ տրամադրված «Փյունիկի» հետ խաղից առաջ եւ գիտակցում եմ, թե որքան կարեւոր հանդիպում է սպասվում: «Շիրակի» առջեւ չեմպիոն դառնալու խնդիր է դրված, իսկ մենք խաղալու ենք մեր հիմնական մրցակցիցներից մեկի հետ ու պետք է ամեն ինչ ներդնենք հաղթանակի հասնելու համար: Չեմպիոնության համար պայքարում այս խաղը բեկումնային կարող է դառնալ երկու թիմերի համար էլ:

Share |

Լրահոս

Loading...