Բեռնար Շալանդի առանց հաղթանակների 8 խաղերի շարքը

12:24 30.03.2015

Ալբանիայի հավաքականի հետ մրցավեճում շարունակվեց Բեռնար Շալանդի օրոք Հայաստանի հավաքականի առանց հաղթանակների տխուր շարքը՝ հասնելով 8-ի: Այն սկսվել էր անցյալ տարվա մայիսի 31-ին կայացած ընկերական խաղում Ալժիրի հավաքականից 1:3 հաշվով կրած պարտությամբ:

 Ապա հետևեց խոշոր հաշվով ջախջախիչ պարտությունն (1:6) աշխարհի ապագա չեմպիոն Գերմանիայի ընտրանուց, որին հաջորդեցին անհաջողությունները Լատվիայի (0:2) և Դանիայի (1:2) հավաքականների հետ մրցախաղերում:

Սերբերի հետ ընտրական մրցախաղում գրանցված միակ ոչ-ոքիից (1:1) հետո մեր հավաքականը 3 անընդմեջ պարտություն կրեց ֆրանսիացիների (0:3), պորտուգալացիների (0:1) և ալբանացիների (1:2) հետ հանդիպումներում:

Այսպիսով, վերջին 8 հանդիպումներում մեր հավաքականն ընդամենը 5 գոլ է խփել՝ սեփական դարպասը բաց թողնելով 20 գնդակ:

ՀՀ հավաքականի առանց հաղթանակների ամենաերկար շարքը գրանցվել է 1996-1997 և 2008-2009թթ.՝ 11-ական խաղ: Առաջին նման տխուր շարքը գրանցվել է Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: 1996թ. հունիսի 30-ից մինչև 1997թ. օգոստոսի 20-ը կայացած 11 հանդիպումներում ՀՀ հավաքականը կրել էր 6 պարտություն, 5-ն ավարտել էր ոչ-ոքի (Էկվադոր՝ 0:3, Պորտուգալիա՝ 0:0, Հս. Իռլանդիա՝ 1:1, Գերմանիա՝ 1:5, Ալբանիա՝ 1:1, Չիլի՝ 0:7, Պարագվայ՝ 0:2, Վրաստան՝ 0:7, Հս. Իռլանդիա՝ 0:0, Ուկրաինա՝ 1:1, Պորտուգալիա՝ 1:3):

Հետաքրքիր է, որ այդ շարքն ընդհատվել էր Ալբանիայի հավաքականի նկատմամբ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 3:0 խոշոր հաշվով տոնած հաղթանակով:

Առանց հաղթանակների 11 խաղերի 2-րդ շարքը սկսվել էր 2008թ. մայիսի 28-ին ու տևել մինչև 2009թ. սեպտեմբերի 5-ը, որից միայն 4 հանդիպում է ոչ-ոքի ավարտվել: Առաջին 8 հանդիպումները (Մոլդովա՝ 2:2, Հունաստան՝ 0:0, Թուրքիա՝ 0:2, Իսպանիա՝ 0:4, Բելգիա՝ 0:2, Բոսնիա՝ 1:4, Լատվիա՝ 0:0, Էստոնիա՝ 2:2) հավաքականն անցկացրել է Յան Պոուլսենի գլխավորությամբ, հաջորդ 3 խաղերը (Էստոնիա՝ 0:1, Մոլդովա՝ 1:4, Բոսնիա՝ 0:2)՝ Վարդան Մինասյանի օրոք:

 

Share |

Լրահոս