Բեռնար Շալանդը հրաժարական տվեց

18:17 30.03.2015

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, ով ժամեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակության հետ հատուկ չվերթով Ալբանիայից վերադարձավ Երևան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն ընդունվել է:

Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, որում երախտագիտության խոսք է ասել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ազգային հավաքականի մարզչական կազմի և Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների հասցեին: Նրանում մասնավորապես ասված է.

«Ես Հայաստան եկա մոտ մեկ տարի առաջ՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Սա մեծ մարտահրավեր էր ինձ համար: Իմ պայմանագրում հստակ նշված էր, որ մենք պետք է հավաքենք որակավորման փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ միավորներ, հակառակ դեպքում ես պետք է լքեմ իմ պաշտոնը: Հենց այդ պատճառով ինձ համար հիմա ամեն ինչ պարզ է:

Բնականաբար, 4 խաղից 1 միավորը բավարար արդյունք չէ՝ նույնիսկ հաշվի առնելով, որ մենք այս մրցափուլի գրեթե բոլոր խաղերի ժամանակ ունեցել ենք կորուստներ: Բացի այդ, յուրաքանչյուր խաղի ժամանակ մեզ ինչ-որ բան խանգարել է: Մխիթարյանի և Արզումանյանի վնասվածքները՝ Դանիայի հետ հանդիպման ժամանակ, Մարկոսի չիրացրած 11-մետրանոցը՝ Սերբիայի դեմ խաղում, Համբարձումյանի կարմիր քարտը՝ Ալբանիայի դեմ խաղում: Եթե ցանկացած խաղ տևեր 70 րոպե, մենք կունենայինք 10 միավոր: Դա նշանակում է, որ մեր ընտրած կազմը կամ մարտավարությունը խաղերի համար այնքան էլ վատը չէր, ուղղակի մեզ ինչ-որ բան չէր հերիքում վերջում: Անկախ ամեն ինչից՝ ես արդարացումներ չեմ փնտրում: Խնդիրը կատարված չէ:

Իհարկե, մենք չկարողացանք ազգային հավաքականի հետ հասնել ցանկալի արդյունքի, բայց իրականացրեցինք շատ լուրջ ծրագիր ֆուտբոլի զարգացման համար՝ ձևավորելով Հայաստանի մինչև 14 և 15 տարեկանների հավաքականները: Միգուցե, հենց այդ տղաները հետագայում կազմեն Հայաստանի ապագա հավաքականի կորիզը: Բայց ես հասկանում եմ, որ իմ հիմնական գործը Հայաստանի ազգային հավաքականի հաջող խաղն էր և լավ արդյունքը:

Այո, ես հիասթափված եմ արդյունքից, բայց ոչ ֆեդերացիայից, նախագահից կամ որևէ մեկից: Ընդհակառակը, ես երախտապարտ եմ ինչպես ՀՖՖ նախագահին՝ ինձ ընձեռված այս հնարավորության համար, այնպես էլ ՀՖՖ բոլոր բաժինների աշխատակիցներին, մարզչական և բժշկական անձնակազմին, բոլոր նրանց, ում հետ ես աշխատել եմ այս ամիսների ընթացքում: Շնորհակալ եմ նաև մեր հրաշալի երկրպագուներին, ովքեր մեզ հետ էին ինչպես տնային, այնպես էլ արտագնա հանդիպումների ժամանակ: Բնականաբար, ես տխուր եմ այս հրաշալի երկիրը լքելու կապակցությամբ, որովհետև այստեղ աշխատելն, իրոք, շատ հաճելի էր ինձ համար: 

Հետագա հաջողություններ եմ մաղթում Հայաստանի ազգային հավաքականին: Ես տեսնում եմ այն ներուժը, որ ունի Հայաստանի ազգային հավաքականը: Միշտ կհետևեմ Հայաստանի հավաքականի ելույթներին: Հույս ունեմ, որ մի օր Հայաստանի հավաքականը հանդես կգա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունում»: 

Աղբյուր` ՀՖՖ
Share |

Լրահոս