Ֆյոդր Շչերբաչենկո. Հայաստանում տեխնիկապես հագեցած եւ որակյալ ֆուտբոլ չցուցադրելը «հանցագործություն» է

10:30 03.04.2015

Հայաստանի առաջնության երկրորդ կեսի մեկնարկից առաջ Երեւանի «Ուլիսը» գլխավորեց ռուս մասնագետ Ֆյոդր Շչերբաչենկոն, ով վերջին տարիներին աշխատել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում՝ գլխավորելով «Մորդովիան» եւ «Ռոստովը»: Շչերբաչենկոյի գլխավորությամբ «Ուլիսը» սկսել է զիջել դիրքերը եւ արդեն առաջին տեղում չէ: Armsport.am-ի հետ զրույցում ռուս մասնագետը խոսել է թիմում առկա խնդիրների եւ Հայաստանի առաջնության մասին:

- Պարոն Շչերբաչենկո, Հայաստանի հավաքականի ընտրական ելույթի պատճառով առաջնությունում դադար էր: Ինչպե՞ս այն անցկացրեց «Ուլիսը»:

- Մենք թիմին հանգստանալու մի քանի օր տվեցինք, իսկ հետո հավաքվեցինք եւ թիմին նախապատրաստեցինք համապատասխան մարզումային ծրագրով: Ցավոք սրտի, Աղվան Պապիկյանը վնասվածք ստացավ երիտասարդական հավաքականում, բայց այժմ արդեն շարք է վերադարձել: Ավելի ուշ պարզ կդառնա, թե արդյոք նա պատրաստ է «Միկայի»  դեմ խաղին:

- Թիմը անվստահ է սկսել առաջնության երկրորդ կեսը՝ երեք խաղերում վաստակելով ընդամենը չորս միավոր: Ինչպիսի՞ եզրակացություններ են արվել նման արդյունքից հետո:

- Երբ թիմ են գալիս մի շարք նոր խաղացողներ, միշտ էլ բարդ է լինում: Սկզբունքորեն, ես եւս նոր մարդ եմ եւ ժամանել եմ հավաքներին, երբ արդեն ծրագրավորված էին լուրջ հանդիպումներ «Սպարտակի», «Ռոստովի» եւ «Ուֆայի» հետ: 

Ես հայտնվեցի աշխատանքի այն պահին, երբ մարզումները քիչ էին եւ հիմնականում նախապատրաստվում էինք կամ վերականգնվում խաղերին: Այդ պահին ես զգացի, որ մենք այդքան էլ պատրաստ չենք առաջնությանը, հարկ եղավ արագացնել գործընթացը: Միգուցե դա էլ եղավ պատճառը, որ մեզ մոտ կար խաղակցվածության խնդիր: Բացի այդ, մենք հավաքների ընթացքում փորձարկեցինք մարդկանց, բայց նրանք չհայտնվեցին հայտացուցակում եւ մենք առաջնությունը սկսեցինք այլ խաղացողներով: Դրա համար էլ, հավանաբար, որոշ ժամանակ կորցրինք նախապատրաստության լիարժեք փուլ անցնելու համար: Հավելեմ, որ ես մի փոքր ավելի բարձր պահանջներ ունեմ խաղացողներից, որոնց համար դժվար է միանգամից կատարել, քանի որ դրա համար հարկավոր է բավականին լավ ֆիզիկական պատրաստվածություն: Ես, առաջին հերթին, նկատի ունեմ առաջին համարով խաղալը եւ պրեսինգը:

Գիտեք, ես դիտել եմ Հայաստանի առաջնության բազմաթիվ հանդիպումների տեսագրություններ եւ այդ խաղերից շատերն ինձ դուր չեկան եւ ես երբեք իմ թիմով նման ֆուտբոլ չեմ խաղա, որը հետաքրքիր չէ հանդիսականներին, ինձ՝ ինչպես մարզչի, խաղացողներին:

Ես միշտ ցանկացել եմ այնպիսի խաղի հասնել, որ այդ թիմի հանդիպումներին այցելեն ոչ միայն նրա երկրպագուները, այլ նաեւ չեզոք հանդիսականները: Ես զարմացած եմ, որ այսօր Հայաստանում մեծ քանակությամբ թիմեր խաղում են այն ֆուտբոլը, որը այդքան հայտնի «Արարատը» սովետական տարիներին երբեք չի խաղացել:

Ես գտնում եմ, որ այսօր դա ամենամեծ խնդիրն է հավաքականի խաղացողներ պատրաստելու հարցում, քանի որ ես տեսնում եմ, որ «Ուլիսի» դեմ խաղում են ավելի խաղակցված եւ ավելի ստաբիլ կազմով թիմեր եւ գործում են պաշտպանությունից, օգտագործում են հինգ պաշտպաններ, խաղում են հակագրոհների վրա:

Այդ ամենը ուղղված է մրցակցի խաղը քանդելուն եւ ստանդարտները օգտագործելուն, որ հնարավոր լինի հասնել արդյունքի: Նման մարտավարությամբ խաղալով՝ շատ դժվար է աստղեր եւ բարձր վարպետությամբ խաղացողներ աճեցնել: Ես ցանկանում եմ, որ մեր թիմը դիտարժան  եւ հարձակվողական ֆուտբոլ ցուցադրի:

Այսօր Հայաստանի առաջնությունում թիմերը բավականին հավասար են: Ամեն թիմ ունի 1-2 առաջատար՝ բացառությամբ «Փյունիկի», որտեղ առաջատարները շատ են: Այստեղ աշխատում են որակավորված մասնագետներ, ովքեր ամեն խաղում փնտրում են օպտիմալ տարբերակներ:

- Որքանո՞վ Հայաստանի առաջնության մակարդակն արդարացրեց Ձեր սպասելիքները:

- Առաջինը, ինչին ես ուշադրություն եմ դարձրել, դա հիանալի խաղադաշտերի առկայությունն է: Դրա համար, այստեղ տեխնիկապես հագեցած եւ որակյալ ֆուտբոլ չցուցադրելը «հանցագործություն» է: Մենք Ռուսաստանում միշտ տառապում ենք նրանից, որ ցրտի ժամանակ հարկ է լինում խաղալ արհեստական կամ վատ որակի խաղադաշտերում:

Նկատելի է նաեւ, որ Հայաստանում քիչ չեն լավ պատրաստված խաղացողները, ովքեր ունակ են շփվել գնդակի հետ եւ լավ են կողմնորոշվում խաղադաշտում: Այս ամենը մեծ պլյուս է: Բայց կա ոչ բավարար ֆիզիկական պատրաստվածություն, ուստի խաղերն անցնում են ոչ բարձր տեմպով: Իհարհե, Հայաստանի հավաքականում քիչ են խաղացողները ներքին առաջնությունից, բայց նկատելի էր, որ Ալբանիայի հետ խաղի երկրորդ խաղակեսում տանտերերը ֆիզիկապես մի գլուխ բարձր էին: Գտնում եմ, որ դա պարտության հիմնական պատճառներից էր: Բնականաբար, շատ խաղացողներ, ովքեր հայտնվում են հավաքականում, նրանք աճում են Հայաստանում, ուստի  ես գտնում եմ, որ կարեւոր է խաղացողներին ֆիզիկապես լավ պատրաստել:



Ինձ նաեւ շատ է դուր եկել, թե ինչպես է կազմակերպած Հայաստանի առաջնությունը: Գոյություն ունեն շատ բաներ, որոնք բավական լավ են մտածված: Օրինակ, դեղին քարտերի մասով, երբ կիրառվում է որակազրկման աճողական համակարգը: Կնշեմ նաեւ արտասահմանցի դարպասապահների ինքնատիպ արգելքը: Հավանաբար դա ճիշտ է, քանի որ, երբ կա խնդիր, ապա հարկավոր է երբեմն էլ այն արհեստական կերպով լուծել:

Ամենակարեւորը, որ այստեղ կա ջերմ մթնոլորտ եւ բարություն: Երբ ժամանում ես խաղերին, նկատում ես, թե ինչպես են ֆուտբոլիստները, մարզիչները եւ պաշտոնական անձինք ջերմորեն շփվում միմյանց հետ, չկա ոչ մի չարություն: Դա շատ գրավիչ է:

- «Ուլիսը» ներկայումսշ շատ քիչ է գոլ խփում եւ գաղտնիք չէ, որ թիմի հիմնական կենտրոնական հարձակվողը՝ Հովհաննես Գոհարյանը քաշի հետ լուրջ խնդիրներ ունի: Դուք նրանից պահանջո՞ւմ եք, որ նա ազատվի ավելորդ կիլոգրամներից:

- Իհարկե, հնարավոր չէ ցուցադրել ներուժը, երբ քեզ որեւէ բան խանգարում է: Չէ՞ որ ավելորդ քաշի դեպքում հնարավոր չէ նաեւ ծանրաբեռնված մարզվել, քանի որ մկանները եւ մեջքը չեն դիմանում եւ սկսում են ցավել: Դա բնական գործընթաց է:

Հնարավոր է, որ հոկեյում նրան հարկ չլիներ քաշ քցել, թեեւ այստեղ եւս եթե կա մկանային մեծ զանգված, ապա մեծ քաշի դեպքում սարսափելի ոչինչ չկա, քանի որ հարձակվողը կարող է լինել ճայթքող, բայց ոչ երկար դիմացող: Ես ծանոթ եմ նրա պատմությանը եւ գիտեմ, որ նա տաղանդավոր խաղացող է, այդպիսնները շատ քիչ են: Նա բավականին խիզախ խաղացող է, ով մեծ ծավալի աշխատանք է կատարում ոչ միայն մարզասրահում, այլեւ խաղադաշտում:

Վալերի Հովհաննիսյանը («Ուլիսի» սեփականատերերից մեկը – խմբ.) լավ կողմ ունի. հնարավորություն է ստեղծում տաղանդավոր մարդկանց համար, ովքեր ինչ-որ պատճառով ինչ-որ պահի չեն կարողացել արժանի կերպով շարունակել կարիերան: Խոսքը ոչ միայն Գոհարյանի, այլեւ Ռուստեմ Կալիմուլինի, Իրակլի Գեպերիձեի մասին է, ովքեր մի պահ նույնիսկ մտածել են ավարտել կարիերան: Ոմանց մոտ էլ վնասվածքներ են եղել, ինչպես Սոսլան Գատագովի, ով 8 ամիս է բաց թողել:

Եւ ահա հավաքված են այդ մարդիկ եւ նրանք այսօր ցույց են տալիս իրենց առավելագույն հնարավորությունները: Բայց մենք հույս ունենք, որ Գոհարյանը եւ Կալիմուլինը օպտիմալ մարզավիճակ կհավաքեն եւ կսկսեն ավելի լավ օգտագործել իրենց պահերը, քանի որ մեզ հաճախ չի բավականացնում մեկ կամ երկու դիպուկ հարված:

- Հետաքրքիր կլինի իմանալ Ձեր կարծիքը Իվան Մամախանովի մասին, ով վերջերս հրավիրվեց Հայաստանի երիտասարդական հավաքական:

- Երբ ես նրան տեսա առաջին անգամ, նա ինձ վրա կատարյալ առողջ մարդու տպավորություն թողեց: Հետո ես նկատեցի, որ նա որոշակի խնդիրներ ունի տեխնիկայի եւ տակտիկայի հետ, բայց երիտասարդ տարիքում դա բնական է: Հետո ես նրան տեսա ստուգողական խաղերում եւ հասկացա, որ նա շատ վստահելի եւ հեռանկարային խաղացող է: Նա նման է իմ նախկին սան Մաքսիմ Տիշկինին, ով եւս ուներ այդպիսի խնդիրների եւ առավելությունների հավաքածու եւ նրան եւս հարկավոր էր պարզապես ավելի շատ խաղային ժամանակ ստանալ: Եւ այսօր Տիշկինն անփոխարինելի ֆուտբոլիստ է «Ուֆայում», եւ Պրեմիեր լիգայի շատ թիմեր ցանկանում են ձեռք բերել նրան:

Ինչ վերաբերում է Մամախանովին, ապա նա դեռ գնդակի հետ այդքան լավ չի աշխատում, բայց Իվանը հենց այնպես չի հրավիրվել երիտասարդական հավաքական, քանի որ ի զորու է «փակել» իր դիրքի ամբողջ եզրը, բացի այդ կարող է խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում եւ մարզվել 24 ժամ:

- Շատ է խոսվել այն մասին, որ «Ուլիսը» պայքարում է չեմպիոնության մասին: Եթե թիմին չհաջողվի հասնել այդ նպատակին, Դուք կհեռանա՞ք:

- Գիտեք, եթե անկեղծ, ապա որոշակի պայմանավորվածություն կար նույնիսկ, որ ես կարող եմ հեռանալ մրցաշրջանի միջնամասում: Մենք Հովհաննիսյանի հետ պայմանավորվել ենք համագործակցության մասին, բայց ոչ այնպես, թե Հովհաննիսյանը նախագան է կամ գլխավոր մարզիչը, իսկ ես ինչ-որ օգնական: «Ուլիսում» ես այժմ հանդես եմ գալիս որպես խորհրդատու, զբաղվում եմ սպորտային մասով: Տղաները խնդրեցին գալ եւ գլխավորել թիմը, բայց ես նրանց խոստացա, որ հեշտ չի լինելու:  Դրա համար էլ իմ ժամանումը մի փոքր հանկարծակի եղավ, բայց այժմ ես հասկանում եմ, որ չի կարելի միանգամից արդյունքի հասնել: «Մորդովիայի» շատ խաղացողներ, ովքեր երկու տարի առաջ իմ գլխավորությամբ էին խաղում, այժմ ելույթ են ունենում բավականին բարձր մակարդակում: «Ուլիսին» եւս պետք է տանել այդ ամենին, որից հետո ամեն ինչ դուրս է գալիս նոր մակարդակ:

Ես այժմ կատարում եմ իմ գործը, որը լավ գիտեմ: Ներկա պահին ես հեռանալու ցանկություն ընդհանրապես չունեմ, քանի որ ես խաղացողներին, թիմին նվիրված մարդ եմ եւ ցանկանում եմ գործը հասցնել որոշակի մակարդակի: Ես տեսնում եմ, որ «Ուլիսին» հարկավոր է ժամանակ, բայց միաժամանակ կան խաղացողներ, որոնք արդեն ակնհայտորեն անցել են այս փուլը եւ պատրաստ են խաղալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Անուններ չեմ տա, դա իմ գործը չէ, բայց կան 2-3 խաղացողներ, ովքեր հեշտությամբ կմերվեն Ռուսաստանի առաջնությանը:

Ես կցանկանայի նաեւ, որ «Ուլիսում» ավելի շատ տեղացի խաղացողներ լինեին, որ այստեղ աճեին աստղեր, ովքեր հետագայում օգուտ տային հայկական ֆուտբոլին:

Ինչ վերաբերում է չեմպիոնությանը, ապա սկզբում մենք կատեգորիկ նպատակներ չենք դրել, թեեւ, իհարկե, պետք է ձգտել առավելագույնին: Ես ցանկանում եմ, որ Հովհաննիսյանի համբերությունը եւ ֆինանսները հերիքեն, որ պահպանվի այս թիմը, որպեսզի այն առաջընթաց ապրի, քանի որ առանց «Ուլիսի» առաջնությունը շատ անհետաքրքիր կլիներ:

Ես նկատել եմ, որ «Ուլիսի» դեմ խաղերին մրցակիցները յուրահատուկ կերպով են տրամադրվում: Ահա, ես նայում էի «Արարատ»-«Միկա» խաղը եւ «Արարատն» այնտեղ լրիվ այլ էր: Կարծեք, թե թիմին փոխել էին: Իսկ մեր դեմ խաղում էին այնպես, կարծես մեծ ճակատամարտ էր:

- Միգուցե պատճառն այն է, որ «Արարատի» ներկայիս գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը ոչ վաղ անցյալում հեռացվեց «Ուլիսից»…

- Չեմ կարծում, քանի որ դա նկատելի է ոչ միայն «Արարատի», այլ նաեւ մյուս թիմերի դեմ խաղերում: «Ուլիսի» դեմ հատուկ տրամադրվածությամբ են դուրս գալիս եւ դա ինձ դուր է գալիս: Այսօր չորս թիմեր են ցույց տալիս կոմբինացիոն եւ տեխնիկապես հագեցած ֆուտբոլ, դրանք են «Ուլիսը», «Փյունիկը», «Շիրակը» եւ «Միկան»: Ես չեմ ասի, թե մյուս թիմերի մոտ ամեն ինչ վատ է, բայց նրանք այլ խաղ են ցուցադրում: Հավատացեք, խաղացողներն առաջընթաց կապրեն, եթե առաջնությունը դառնա ավելի ուժեղ, այլ ոչ թե անհետաքրքիր եւ դժգույն:

- Վերջին խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Դուք նշեցիք, որ շատ հանգիստ եք վերաբերվում Վալերի Հովհաննիսյանի՝ տեխնիկական գոտուց խաղը ղեկավարելուն, ասացիք, որ նա եւս փոխարինումներ կատարում է: Այդ ամենը միանշանակ չընդունվեց ֆուտբոլասերների կողմից: Դուք այդ հարցի շուրջ զրուցե՞լ եք Հովհաննիսյանի հետ:

- Հնարավոր է, որ իմ խոսքերը ճիշտ չեն վերարտադրել: Ես ուղղակի ասել եմ, որ լինում են պահեր, երբ մենք նրա հետ քննարկվելիք որոշումներ ենք կայացնում: Լինում է նաեւ, որ Վալերայի մոտ հասունանում է ինչ-որ միտք, եւ նա կատարում է փոխարինում կամ խորհուրդ է տալիս ֆուտբոլիստին: Երբեմն խորհրդակցում ենք, ես նրան որեւէ բան եմ հուշում եւ նա փոխանցում է խաղացողներին: Մենք պայմանավորվածություն ունենք, որ նա շարունակելու է լինել ղեկավար անձ, իսկ ես լինելու եմ գլխավոր եւ ակտիվ օգնականը մարզումային գործընթացում եւ որոշակի տակտիկական գործողություններում:



Հասկանում եք, երբ մարդը թիմը պահում է իր գումարներով, ինչպես նաեւ հրավիրելով ընկերների, հովանավորների՝ նա իր երազանքը կյանքի է կոչում: Քանի որ Հովհաննիսյանը շատ լավ մասնագետ է ֆուտբոլում, նա ցանկանում է թիմում տեսնել իր մտքերը եւ գաղափարները: Բայց մեզ մոտ այդպես չի եղել, որ ամեն մեկը ցանկանա վերմակն իր վրա քաշել: Հետաքրքրությունների բախում ընդհանրապես չկա: Մենք ամեն ինչ միասին ենք անում, իսկ խաղի ժամանակ թվում է, թե որոշումները կայացնում է նաեւ, քանի որ նա է կանգնում տեխնիկական գոտում, իսկ ես նստում եմ պահեստայինների նստարանին: Ես գտնում եմ, որ նրանից կարող է երկրորդ Վալերի Կարպինը դուրս գալ, ով եւս ժամանակին ակումբի ղեկավար էր, ապա դարձավ լավ մարզիչ: Շատ են օրինակները, երբ մարդիկ սկզբում ադմինիստրատիվ աշխատանք են կատարում, ապա գլխավորում են թիմը:

Զրուցեց՝ Էրիկ Սաիյանը

Share |

Լրահոս

Loading...