Ստրելնիկով. Եթե Ալաշկերտը կանգնեցնի Կայրաթին, Ղազախստանում դա չափազանց բացասական կընկալվի

14:55 15.07.2015

Ղազական Sports.kz մարզական կայքի լրագրող Ալեքսանդր Ստրելնիկովը armsport.am-ի հետ զրույցում խոսել է «Ալաշկերտի» եւ «Կայրաթի» միջեւ առաջիկա դիմակայության մասին Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում։

-Նախորդ տարի մեծ շուքով նշվեց «Կայրաթի» 60-ամյակը, տոնանկատարությանը ժամանել էին համաշխարհային ֆուտբոլի աստղեր։ Ենթադրվում է, որ ակումբի սեփականատերերը թիմի առջեւ ամենալուրջ նպատակներն են դնում...

-Այո, ամենալուրջ խնդիրներն են դրվում, եւ ոչ ոք չի պատրաստվում դա թաքցնել։ «Կայրաթի» վրա մեծ գումարներ են ծախսվում։ Սակայն դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ գումարի զգալի մասը ներդրվում է ակումբի ենթակառուցվածքն ամրապնդելու վրա՝ ուսումնամարզական բազաների, ֆուտբոլային դաշտերի կառուցման, նոր ակադեմիաների բացման վրա եւ այլն։ «Կայրաթի» սեփականատերերը չեն ապրում մեկ օրով, ինչը Ղազախստանի ներկայիս ֆուտբոլային կյանքի համար բնորոշ չէ։

-Նախորդ տարվա աշնանը, երբ թիմից հեռացավ Արթուր Եդիգարյանը, տեղեկություններ հայտնվեցին, որ Վլադիմիր Վայսը նոր թիմ է կառուցում։ Հաջողվե՞ց սլովակ մասնագետին «Կայրաթն» ավելի ուժեղ դարձնել։

-Հաշվի առնելով արդյունքները՝ լիովին։ Հենց այն կազմով, որը ձեւավորվել է նախամրցաշրջանի ընթացքում, հաշվի առնելով նաեւ այն, որ մի քանի առաջատար ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեին, երկու անգամ վստահ կերպով հաղթել ենք «Ցրվենա Զվեզդային»։ Վերջին ժամանակներում թիմը համալրել են մի շարք նորեկներ, ովքեր պետք է մեծ օգուտ բերեն ռոտացիայի ժամանակ՝ հաշվի առնելով օրացույցի խտությունը, որը չգիտես ինչու փորձել են եվրագավաթների ղազախական մասնակցիների համար ստեղծել մեր ֆուտբալային ղեկավարները։

-Թվում է, որ «Կայրաթն» առանց դժվարության անցավ սերբական «Ցրվենա Զվեզդային»՝ հաղթելով երկու խաղերում։ Որքանո՞վ էր կանխատեսելի նման արդյունքը։

-Հենց նման արդյունք, երեւի, քչերն էին սպասում։ Երկրպագուները հավատում էին, որ կայրաթցիները կարող են հաղթահարել բելգրադցիների արգելքը երկխաղյա դիմակայության արդյունքում, չնայած որ բոլոր լավ հասկանում էին՝ որ «Կայրաթի» համար չափազանց բարդ է լինելու։ Սակայն երկրորդ հանդիպման գործոնը ղազախական ակումբի կողմն էր։ Գործնականում «Կայրաթը» լիովին առաջ անցավ «Ցրվենա Զվեզդայից»՝ հնարավորություն չտալով ոչ մի խաղում։

-Հայտնի է, որ «Կայրաթ» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպման ժամանակ անշլագ էր։ Ինչքա՞ն հանդիսատես է տեղավորում «Կայրաթի» տնային մարզադաշտը եւ կարելի՞ է նույնը սպասել նաեւ «Ալաշկերտի» դեմ խաղի ժամանակ։

-Անշլագ այնտեղ, մեծ հաշվով, չի եղել, սակայն տրիբունաներում երկրպագուների թիվը մոտ էր այդ սահմանմանը համապատասխանելուն։

Պաշտոնապես «Կենտրոնական» մարզադաշտում ներկա էր 21 550 երկրպագու, այն դեպքում, երբ արենայում տեղավորվում է 23 804 հանդիսատես։ Դժվար թե նույն քանակի երկրպագու լինի նաեւ «Ալաշկերտի» դեմ խաղում՝ չնայած որ ցանկացած դեպքում շատ երկրպագու կլինի, քանի որ «Կայրաթին» Ալմաթիում շատ են սիրում։

-«Կայրաթում» քիչ չեն լեգիոնականներն աշխարհի տարբեր երկրներից։ Ովքե՞ր են թիմի առաջատարները։ Արդյո՞ք կան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ։

-Թիմի առաջատարներին «Ալաշկերտի» մարզչական շտաբն առանց խնդիրների կորոշի «Ցրվենա Զվեզդայի» դեմ հանդիպման տեսանյութերով. դա ռմբարկու Ժերար Գոուն է, փլեյմեյքերներ Բաուիրժան Իսլամխանը եւ Իսաելը, պաշտպանության հենասյուններն են Ժարկո Մարկովիչը եւ Բրունո Սոարեսը։ Հնարավոր է, որ նման կարգավիճակ կարող են ստանալ նաեւ նորեկներից։ Վնասվածքների մասին տեղեկություն չունեմ։ Չգիտեմ, թե արդյոք հայկական ակումբի դեմ կկարողանան խաղալ Միխայիլ Բակաեւը եւ Զաուրբեկ Պլիեւը, ովքեր «Ցրվենա Զվեզդայի. դեմ խաղը բաց են թողել վնասվածքի պատճառով։

-Այն բանից հետո, երբ «Ակտոբեն» չկարողացավ անցնել Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլը, շրջանի ղեկավարության խիստ արձագանք եղավ։ Եթե «Ալաշկերտին» հաջողվի կանգնեցնել «Կայրաթին», ինչպե՞ս դա կընդունեն ակումբի ղեկավարությունը եւ երկրպագուները։

-Իրականում «Ակտոբեում» մարզային ղեկավարության արձագանքն այնքան էլ խիստ չէր. դա թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Գազաեւն է որոշել, որ իրավունք չունի այդ երկու խաղերից հետո մնալ իր պաշտոնին։ Իհարկե, եթե «Ալաշկերտը» կարողանա կանգնեցնել կայրաթցիներին, Ղազախստանում դա բոլոր մակարդակներում չափազանց բացասական կընդունվի։ Այլ բան է, որ, ունենալով «Ակտոբեի» օրինակը, ղազախական մյուս ակումբները կփորձեն անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրենց հետ նման բան ոչ մի դեպքում տեղի չունենա։

-Վերջին տարիներին ղազախական «Ակտոբեն», «Շախտյորը» եւ «Աստանան» որակավորման փուլերում առավելության են հասել հայկական ակումբների նկատմամբ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ինչպե՞ս են Ղազախստանում գնահատում «Կայրաթի» հնարավորություններն «Ալաշկերտի» դեմ խաղում։

- Ինչպես ասացի, «Ակտոբեի» օրինակը չափազանց կարեւոր էր։ Բոլորը հիշում են, թե ում է «Ալաշկերտը» հաղթել որակավորման առաջին փուլում։ Այլ բան է, որ բոլորս էլ սպասում ենք «Կայրաթի» հաջող ելույթին հայկական թիմի հետ դիմակայությունում, ինչպես դա տեղի կունենար ցանկացած այլ երկրի ներկայացուցչի դեմ խաղում։

 
Share |

Լրահոս

Loading...