Միհրան Մանասյան. Միշտ ցանկանում եմ բոլորից շատ գոլեր խփել

19:20 14.08.2015

Երեկ «Ալաշկերտի» հետ պայմանագիրը երկարաձգել է հարձակվող Միհրան Մանասյանը: Երևանյան թիմի նախորդ տարվա լավագույն ռմբարկուն armsport.am-ի հետ զրույցում խոսել է նոր պայմանագրի ստորագրման և հետագա անելիքների մասին:
 
 - Միհրան, ինչի՞ շնորհիվ հիմնապես կայացրիք պայմանագիրը երկարաձգելու որոշումը:
 
 - Իմ, ակումբի նախագահի և գլխավոր մարզչի միասնական որոշումն էր: Մենք կարողացանք համաձայնության հասնել, քանի որ տվյալ հարցում նույնկերպ էինք մտածում:
 
 - «Ալաշկերտն» առաջնությունը սկսել է հաղթանակով և ոչ-ոքիով. ի՞նչ կասեք այդ հանդիպումների մասին:
 
 - Առաջին տուրերում խաղի որակը վերլուծելը շատ բարդ է: Լավ է, որ արդյունքը գոհացնող է: «Փյունիկի» դեմ խաղում մենք առավելագույնը ներդրեցինք և կարողացանք կամային հաղթանակ տանել: Ամբողջ ուժերով գործեցինք նաև «Գանձասար Կապանի» դեմ. կարող էինք հաղթել և 100-տոկոսանոց արդյունք գրանցել, սակայն ոչ-ոքիով ավարտեցինք, որը նույնպես դրական եմ համարում:
 
 - Ինչպիսի՞ն են Ձեր սպասումներն առաջնությունից. ունե՞ք լավագույն ռմբարկու դառնալու մտադրություն:
 
 - Նախևառաջ սպասում եմ առաջին գոլին (ժպտում է,- խմբ.). դրանից հետո ամեն ինչ ավելի հեշտ կլինի: Ես միշտ ցանկանում եմ բոլորից շատ գոլ խփել. սակայն միևնույն ժամանակ կարևորում եմ թիմային հաջողությունները: Համաձայն կլինեմ քիչ խփել, սակայն թիմը բարձունքում լինի:
 
 - Թիմը համալրել է հարձակվող Հեբերը. ինչպիսի՞ն է մրցակցությունը Ձեզ համար:
 
 - Ես առողջ մրցակցության կողմնակից եմ: Շատ լավ է, որ ինձ հետ մեկտեղ կան բարձրակարգ հարձակվողներ. դրանից ես միայն շահում եմ:
 
 - Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ առաջնություն է սպասվում:
 
 - Կարծում եմ՝ բոլոր թիմերը հավասար են: Այստեղ արդեն կարևորվում է այն, թե որ թիմն ավելի տրամադրված կգործի, որ թիմն ավելի կայուն կխաղա:
 
 - Նշեցիք, որ թիմերը հավասար են. առաջին հերթին ինչի՞ շնորհիվ «Ալաշկերտը» կարող է բարձր հորիզոնականներ զբաղեցնել:
 
 - Մեր ակումբում՝ նախագահից մինչև ֆուտբոլիստ հիանալի մթնոլորտ է: Բացի դա մենք ունենք միշտ մոտիվացված և շատ պրոֆեսիոնալ մարզիչներ: Ցանկանում եմ ընդգծել նաև այն, որ թիմում փորձառու ֆուտբոլիստներ են հավաքված, ովքեր կարող են շատ վստահ գործել: Մենք կարող ենք հավակնել չեմպիոնությանը համախմբվածության շնորհիվ:
 
 - Առաջիկայում «Բանանցի» դեմ արտագնա հանդիպումն է. ինչպե՞ս եք մոտենում խաղին:
 
 - Ակնկալիքները միմիայն հաղթական են: Մենք մտածում ենք չեմպիոնության մասին, ուստի յուրաքանչյուր խաղի պարտավոր ենք հաղթանակի մտադրությամբ մոտենալ:
 
Share |

Լրահոս