Հոֆենհայմ - Բորուսիա հանդիպման անոնսը

14:06 23.09.2015

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Ռեյն Նեկար Արենա» մարզադաշտում կհյուրընկալվի «Հոֆենհայմին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
 
«Վոլֆսբուրգի» նկատմամբ Մյունխենի «Բավարիայի» տարած հաղթանակից հետո (5:1) դորտմունդցիներին առաջին տեղ վերադառնալու համար չի բավականացնի նվազագույն հաշվով հաղթանակը։ Այժմ մրցաշարային աղյուսակը կրկին գլխավորելու համար Թոմաս Տուխելի թիմը պետք է հաղթի 3.1, 4.2... կամ երեք եւ ավելի գնդակի տարբերությամբ։
 
2008 թվականին Բունդեսլիգա դուրս գալուց հետո «Հոֆենհայմը» բարդ մրցակից է համարվում «Բորուսիայի» համար։ Մրցակիցների միջեւ առաջին խաղը «Ռեյն Նեկար Արենայում» ավարտվել է տանտերերի հաղթանակով 4։1 հաշվով։ Դորտմունդցիների չեմպիոնական մրցաշրջաններում նույնպես Յուրգեն Կլոպի «Բորուսիան» Զինսհայմից հեռացել է պարտությամբ։ 
 
Սակայն թիմերի ներկայիս մարզավիճակները շատ ավելի կարեւոր են վիճակագրությունից, իսկ այդ տեսանկյունից տանտերերն ակնհայտ հետնապահն են։ «Հոֆենհայմը» վատագույն մեկնարկն է ցուցադրել Բունդեսլիգայում. մեկնարկային 5 տուրերից հետո «գյուղացիներն» ունեն ընդամենը մեկ միավոր եւ խփել են 5 գնդակ։ Իր հերթին Թոմաս Տուխելի թիմը մեկնարկային 5 խաղերում նույնքան հաղթանակ է տարել՝ ընդհանուր առմամբ խփելով 18 գոլ։
 
Հյուրերից խաղին չի մասնակցի սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչը, թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը եւ գերմանացի պաշտպան Էրիկ Դուրմը։
 
Հավելենք, որ «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմում է արտակարգ մարզավիճակում գտնվող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ 26-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 5 խաղում խփել է երեք գոլ եւ կատարել 3 արդյունավետ փոխանցում։
Share |

Լրահոս

Loading...