Արտակ Ալեքսանյան. Կարոտում ենք Ուլիսի հաղթանակները

18:04 22.10.2015

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանը «Ուլիսի» մի շարք խաղացողների հետ ամռանը տեղափոխվեց Արմավիրի «Տորպեդո», որը հանդես է գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում։ Аrmsport.am-ը զրույցել է 24-ամյա ֆուտբոլիստի հետ։


-Արտակ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում բաց եք թողել «Ֆակելի» հետ խաղը եւ 10 րոպե հանդես եկել «Տյումենի» դեմ։ Ինչի՞ հետ է դա կապված։

-Այո, քիչ եմ խաղում, սակայն վնասվածք չունեմ։ Դա մարզչի որոշումն է։ Ավելի լավ մարզավիճակում կլինեի, եթե ավելի շատ խաղային ժամանակ ստանայի։

- «Ուլիսում» հանդես էիք գալիս փլեյմեյքերի դիրքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հարձակվող չկար եւ տեղափոխվում էիք առջեւի գիծ։ Ինչպիսի՞ դեր ունեք ռուսական ակումբում։

- «Տորպեդոյում» հանդես եմ գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Սակայն ինձ համար ավելի հարմար է ավելի առջեւում խաղալը։

- «Տորպեդոն» չափազանց քիչ գոլ է խփում եւ հենց այդ հանգամանքով են շատերը բացատրում, որ թիմը եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Ձեր կարծիքով, ի՞նչն է հանդիսանում այդպիսի ցածր արդյունավետության գլխավոր պատճառը։

- Պատճառը չեմ կարող ասել։ Եթե իմանայինք, ապա վաղուց կլուծեինք այդ խնդիրը։ Մեզ օգոստոսին միացած Ժան-Ժակ Բուգուհին վնասվածք ունի։

- Ռուսաստանում «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Հենց դա է պատճառներից մեկը, որ թիմի արդյունքները բոլորի ուշադրության կենտրոնում են։ Այդպիսի ուշադրությունը խանգարո՞ւմ է թիմին։

- Ոչ, դա ոչ մի կերպ չի խանգարում մեզ։

- Ինչո՞վ են Կարպինի գլխավորությամբ անցկացվող մարզումները տարբերվում «Ուլիսի» մարզումներից։

- Դրանք տարբերվում են գրեթե ամեն ինչով՝ սկսած կենցաղային պահերից...

- «Տորպեդոյում» ֆուտբոլիստները հիշո՞ւմ են Հայաստանի մասին։

- Չգիտեմ արդյոք հիշում են, թե ոչ, սակայն «Ուլիսում» եղած հաղթանակներին բոլորս կարոտում ենք։

- Հայաստանի նախորդ առաջնությունում, հատկապես առաջին կեսում՝ հիանալի մարզավիճակում էիք եւ հայտնվում էիք խորհրդանշական հավաքականներում։ Այդ պահերին սպասո՞ւմ էիք հրավեր ազգային հավաքականից։

- Միշտ էլ սպասում եմ հրավեր Հայաստանի հավաքականից։

- Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականն անհաջող ելույթ ունեցավ Եվրո-2016-ի ընտրական փուլում։ Ինչպես ես կարծում, որքա՞ն ժամանակ կպահանջվի թիմից միջազգային խոշոր մրցաշարի մասնակցելու համար։

- Չեմ կարող ասել երբ, սակայն գիտեմ մի բան. բոլորս անհամբեր սպասում ենք դրան։ 

 

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...