Կարեն Բարսեղյան. Չկար որևէ հարց, որի պատասխանը Հենրիխը չունենար

18:01 16.03.2016

12 հայ մարզիչներ օրերս վերադարձել են Դորտմունդից, ուր անցնում էին ՊՐՈ արտոնագրի հերթական դասընթացները: Գերմանիա մեկնած և «Բորուսիայի» բազայում աշխատանքներին ծանոթացած մասնագետների թվում էր նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, «Արարատի» գլխավոր մարզչի օգնական Կարեն Բարսեղյանը: Armsport.am-ի զրույցում Բարսեղյանը պատմեց դորտմունդյան ուղևորության մասին:
 
 - Պարոն Բարսեղյան, դատելով հրապարակված լուսանկարներից եւ տեղեկություններից՝ Դորտմունդում տեղի ունեցած դասընթացները բովանդակալից են եղել: 
 
- Մեզ համար շատ ուսուցողական էր այդ այցը. ամեն անգամ չէ, որ նման հնարավորություն կընձեռվի: Իհարկե, շատ կարևոր նշանակություն ունի լինել եվրոպական լավագույն ակումբներից մեկի մարզաբազայում, ծանոթանալ մարզումային գործընթացին: Մեծ ինֆորմացիա ստացանք՝ ծանոթանալով խաղային փիլիսոփայությանը, ակումբի կարգավիճակին և այլն: Ամեն ինչ տպավորիչ էր. թե՛ մարզումային գործընթացի, թե՛ մանկապատանեկան ֆուտբոլի կազմակերպումը: Ցանկանում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ին, «Բորուսիային»՝ ընձեռնված հնարավորության համար:
 
 - Նորությունների ընկալման առումով ինչպիսի՞ն էր այցն անձամբ Ձեզ համար:
 
 - Կառանձնացնեմ «Football Nout» սարքի հնարավորություններին ծանոթանալը: Այդ ծրագրով հիանալիորել կարելի է հասկանալ ֆուտբոլիստների անհատական ունակությունները, վարպետությունը բարելավող աշխատանքների վերաբերյալ մի շարք գործոններ: Ուշադրութան արժանի է նաև այն, որ «Բորուսիայի» օրինակով առնչվեցինք հանդիպման ընթացքում մարտավարական փոփոխություններին, ֆուտբոլիստների վերադասավորումներին առնչվող մի շարք հիմնային ինֆորմացիաների:
 
 - Թոմաս Տուխելը բացառության կարգով ձեզ ընդունեց «Տոտենհեմի» դեմ նախախաղային մարզմանը. ի՞նչ առանձնահատկություններ նկատեցիք:
 
 - Պարզ էր, որ այդ մարզումը շատ հագեցած չի լինի, քանի որ այն վերականգնողական է: Ուշագրավ մեկ մեթոդ կար. Տուխելը այնպիսի վարժություն էր մշակել, որում եզրային կիսապաշտպանները ճշգրտորեն դեպի դարպասը արագացումներ էին կատարում:
 
 - Ներկա եղաք նաև հետխաղային վերլուծությանը...
 
 - Իսկապես հաճելիորեն զարմացանք, որ այդպիսի խիտ գրաֆիկով Տուխելը 2 օրվա մեջ մոտ 1-ական ժամ տրամադրեց մեզ: Շատ ուսուցողական էր իր հետ զրուցելը, մի շարք մանրամասներ քննարկելը: Տեսանք, թե խաղից խաղ ինչպես է փոփոխվում մարտավարությունը՝ կախված մրցակցից, ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակից: Դա անչափ մեծ կարևորություն ունի, ինչն ինքներս նկատեցինք. 2 խաղերում 3:0 և 2:0 հաշվով հաղթանակներ: 
 
 - Հենրիխ Մխիթարյանի գործոնն ի՞նչ նշանակալի կարևորություն ունեցավ Ձեր այցի համար:
 
 - Ամերիկա հայտնաբերած չեմ լինի, եթե հերթական անգամ առանձնացնեմ Մխիթարյանի մարդկային որակները: Չկար որևէ հարց, որի պատասխանը Հենրիխը չունենար: Ամբողջ ընթացքում իր հետ շփվելը մեծ բավականություն պարգևեց բոլորիս: Նա անընդհատ փորձում էր օգտակար լինել մեզ, ինչից շատ զգացված ենք:
 
Share |

Լրահոս

Loading...