Կորուստներ ունենք, սակայն Հայաստանը նույնպես խնդիրներ ունի. կարծիք Բելառուսից

11:05 24.03.2016

Հայաստան - Բելառուս ընկերական հանդիպմանն ընդառաջ armsport.am-ը զրուցել է «Прессбол» մարզական պարբերականի խմբագիր Արտյոմ Ֆանդոյի հետ:


- Հայտնի է, որ վնասվածքի պատճառով Երևան չեն ժամանելու Բելառուսի հավաքականի մի քանի առանցքային ֆուտբոլիստներ. իրենցից ո՞ւմ բարդ կլինի փոխարինել:

- Փոխարինողներ կան բոլորին: Ֆուտբոլիստները, ովքեր չեն միացել հավաքականին, հարգելի պատճառներ ունեն: Ըստ երևույթին՝ առանց նրանց կազմը թուլացած կլինի, սակայն կմնա մարտունակ:

Ես մեծ նշանակություն չեմ տալիս Ալեքսանդր Գլեբի բացակայությանը, որովհետև իր համար կարևոր է մոտիվացիան: Ընկերական խաղերում նա թեժ չի գործում: Գլխավոր խնդիրը, կարծում եմ, կիսապաշտպան Պավել Նեխայչիկի վնասվածքն է, ով վերջերս լավ մարզավիճակ է հավաքել և արդյունավետ խաղ էր ցուցադրում: Ցավալի է, որ նա բաց կթողնի հավաքականի առաջիկա խաղերը:

- Հայաստանի հավաքականի դեմ խաղից 4 օր անց Ձեր ազգային թիմը հանդիպելու է Չեռնոգորիային: Բելառուսի ընտրանին այդ խաղերից որո՞ւմ ավելի մոտ կլինի հիմնական կազմին:

- Չեմ կարծում, թե տարբերություն կլինի այդ խաղերի միջև: Մենք չենք պատրաստվում Եվրոպայի առաջնությանը, ուստի մարզչական շտաբը հնարավոր է փորձարկի ֆուտբոլիստների փոխարինողների հետ խաղային կապ ստեղծելու համար:

- Ինչպիսի՞ մարտավարական ձևաչափ է կիրառում գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկևիչը:

- Բելառուսի հավաքականի հիմնական սխեման 4-2-3-1-ն է: Թիմը գործում է 2 հենակետայիններով: Հաշվի առնելով, որ այժմ հարձակվողների պակաս կա՝ դժվար թե թիմը հանդես գա 2 հարձակվողներով:


Լուսանկար Հայաստան - Բելառուս հանդիպումից. 15.08.2012 թ.

- ԱԱ-2018-ի ընտրական փուլում Բելառուսի հավաքականը հայտնվել է «մահվան» խմբում Ֆրանսիայի, Շվեդիայի, Հոլանդիայի, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի հետ. ի՞նչ խնդիր է դրված ընտրանու առջև:

- Ինչպես ասում են այսպիսի դեպքերում, պետք է հաղթել յուրաքանչյուր խաղում: Կարծում եմ՝ մեր հավաքականի մարզիչն ամեն անգամ հենց այդպես է պատասխանելու այդ հարցին (ժպտում է): Բայց մենք սովոր ենք, ընտրական նախորդ փուլում նույնպես բարդ խմբում էինք Իսպանիայի, Ֆրանսիայի և այլ ուժեղ հավաքականների հետ: Սա ֆուտբոլ է, որտեղ յուրաքանչյուր մրցակից հաղթելու հնարավորություն ունի:

- Չեռնոգորիա - Բելառուս հանդիպումը ձեր երկրում պատրաստվում են տեսագրությամբ ցույց տալ, իսկ այդ խաղի ընթացքում հոկեյի հանդիպման ուղիղ հեռարձակում կլինի: Ստացվում է, որ հոկեյը կարևո՞ր է ֆուտբոլից:

- Ես այդպես չէի ասի: Այսօր (մարտի 23-ին,- խմբ.) մենք պատրաստվում ենք հեռուստատեսությունից պաշտոնական մեկնաբանություն ստանալ այդ հարցով: Իհարկե, Բելառուսում ֆուտբոլը հոկեյից կարևոր է, նույնիսկ եթե համեմատենք ազգային առաջնությունները: Իհարկե, Մինսկի «Դինամոն», որը հանդես է գալիս КХЛ-ում, մեզ մոտ շատ պահանջված է: Թիմերի արենաները տեղավորում են 15 հազար հանդիսատես, իսկ խաղերում մոտ 11 հազար հանդիսականներ են ներկա լինում:

- Բելառուս լրագրողները և երկրպագուները ի՞նչ են սպասում Հայաստանի դեմ խաղից:

- Ընկերական հանդիպում է, որում մի շարք փոփոխություններ կլինեն: Երկու մարզիչներն էլ կազմի նորամուծություններ կկիրառեն: Իհարկե, ազգային թիմից միշտ հաղթանակ ենք սպասում:

Այո, Բելառուսի հավաքականը կորուստներ ունի, սակայն Հայաստանում ևս շատ խնդիրներ կան: Հավաքականները ձախողվել են Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, որից հետևություններ են արել: Հետաքրքիր կլինի հետևել երկու ընտրանիներին:

- Երևանյան խաղում սպասվո՞ւմ են Բելառուսի հավաքականի երկրպագուներ:

- Որպես կանոն՝ պաշտոնական խաղերին մեկնում կազմակերպվում է: Չնայած այն բանին, որ Հայաստանի և Չեռնոգորիայի հետ խաղերը ընկերական են, կարծում եմ, երկրպագուները կմեկնեն հավաքականին սատարելու համար: Ընդ որում, որ բյուջետային տեսանկյունից հարմար երկրներ են:

 

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...