Սևադա Արզումանյան. Մրցանակային տեղերի համար թեժ պայքար կընթանա

11:35 21.04.2016

Փորձառու մասնագետ Սեւադա Արզումանյանը armsport.am-ի հետ զրույցում խոսել է մրցաշրջանի վերջնամասի վերաբերյալ:
 
-Պարոն Արզումանյան, նախ կցանկանայինք տեղեկանալ, թե ներակյում ինչո՞վ եք զբաղված:
 
- Գտնում եմ, որ ճիշտ է, երբ մարդ զբաղվում է իր սիրած գործով եւ այժմ աշխատում եմ «Էրեբունի» ֆուտբոլի մանկապատենական դպրոցում: Այս կառույցին վաղուց էի ծանոթ եւ տեսնելով ղեկավարության հոգատարությունը եւ ուշադրությունը ֆուտբոլիստների նկատմամբ՝ իմ մեջ եւս մեծ ցանկություն առաջացավ օգտակար լինել պատանի ֆուտբոլիստներին:
 
- Ժամանակ ունենո՞ւմ եք հետեւել Բարձրագույն խմբի հանդիպումներին:
 
- «V Sport»-ի շնորհիվ առաջնության հանդիպումները սկսել են հեռարձակվել ինտերնետով, ինչը թույլ է տալիս դիտել գրեթե բոլոր խաղերը: Սա շատ ողջունելի եւ ուրախալի իրադարձություն է մեր ֆուտբոլային հասարակության համար: Խաղերը հեռարձակվում են բավականին բարձր որակով, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին: Նման որակը թույլ է տալիս նաեւ տեսնել, թե իրականում մրցավարությունն ինչ ազդեցություն է ունենում այս կամ այն խաղի վրա:
 
- Եւս ի՞նչ կարող եք ասել մրցավարության մասին:
 
- Թերություններ իհարկե կան, սակայն ընդհանուր առմամբ առաջընթաց է նկատվում: Ինչ վերաբերում է թերություններին, ապա նկատում եմ, որ ֆեդերացիան արագորեն արձագանքում է դրանց եւ համապատասխան միջոցներ ձեռնարկում:
 
- Առաջնության ավարտից 6 տուր առաջ «Ալաշկերտը» 7 միավորի առավելություն ունի 2-րդ տեղում գտնվող «Փյունիկի» նկատմամբ: Արդյո՞ք չեմպիոնության համար պայքարն ավարտված է:
 
- Նախ նկատենք, որ 6 տուր է մնացել, սակայն «Ուլիսը» հանդես չի գալիս, թիմերը հիմնականում 5-ական խաղ են անցկացնելու: 7 միավորի առավելությունը բավական լուրջ է: Հաշվի առնենք նաեւ այն, որ «Ալաշկերտը» լավ կազմ ունի եւ այս մրցաշրջանում աչքի է ընկնում կայունությամբ: Այս ամենը թույլ է տալիս հավատալ, որ «Ալաշկերտը» կպահպանի առավելությունը: Թիմը նաեւ այնպիսի պահեստային խաղացողներ ունի, որոնք մյուս թիմերում կարող էին հիմնական կազմում հայտնվել…
 
Առջեւում դեռ կան հանդիպումներ եւ մրցանակային տեղերի համար թեժ պայքար կընթանա: «Շիրակն» է լավ թափ հավաքել եւ վերջին հանդիպումներում շատ վստահ է հանդես գալիս:
 
Գործող չեմպիոն «Փյունիկը» հանդես է գալիս հիմնականում երիտասարդ խաղացողներով եւ մի քանի անգամ տեղեկացել ենք, որ ակումբի խնդիրը ոչ թե չեմպիոն դառնալն է, այլ տեղացի խաղացողներ պատրաստելը: Այդ պատճառով էլ այսօր «Փյունիկը» միակ ակումբն է, որը հանդես է գալիս առանց լեգեոներների: «Գանձասարը» եւ «Արարատն» էլ այսօր ամեն ինչ անում են եռյակ մտնելու համար:
 
- Վերջին տուրերում շատացել են 0:0 հաշիվները: Ինչո՞վ է սա պայմանավորված:
 
- Առաջնությունը մտել է եզրափակիչ հատված եւ թիմերը ցուցաբերում են զգուշավորություն՝ հիմնականում մտածելով գոլ չընդունելու մասին, ինչի արդյունքում էլ նման հաշիվներ են գրանցվում: 
 
- Գավաթի եզրափակիչ են դուրս եկել «Միկան» եւ «Բանանցը», որոնք  առաջնությունում մեդալների համար չեն պայքարում: Սպասո՞ւմ էիք նման եզրափակչի:
 
- «Միկան» ձմռանը ամբողջությամբ փոխել էր կազմը եւ նրա հանդիպումները դիտելով՝ կարելի է ասել, որ կա թիմ, որը ունակ է լավ ֆուտբոլ ցուցադրել: Չմոռանանք նաեւ, որ «Միկան» գավաթային թիմի համբավ ունի եւ իր պատմության ընթացքում բազմիցս է կարողացել հաջող հանդես գալ Գավաթի խաղարկություններում: Կիսաեզրափակչում «Միկան» մեծ դժվարությամբ հաղթահարեց «Գանձասարի» արգելքը, որը ուժեղ մրցակից է:
 
«Բանանցն» էլ ձմեռային արձակուրդից հետո գրավիչ խաղ է ցուցադրում, ունի լավ կազմ: Կարծում եմ, որ եզրափակիչում թիմերի հնարավորությունները հավասար են: Այս թիմերի եզրափակիչ դուրս գալն ավելի հետաքրքիր դարձրեց առաջնությունը, քանի որ միայն նրանք էինք, որ կտրվել էին մեդալների համար պայքարից: 
Share |

Լրահոս

Loading...