Արմեն Շահգելդյան. Պատրաստ եմ աշխատել. եթե այլ որոշում կայացնեն, կհասկանամ

16:39 10.05.2016

Հայաստանի Գավաթի եզրափակչից հետո «Միկայի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանին փոխարինեց մասնագետի օգնական Արմեն Շահգելդյանը, ով հունվարից էր սկսել աշխատանքը մարզչական շտաբում:
 
Շահգելդյանն armsport.am-ի hետ զրույցում խոսել է իր նշանակման, թիմի ելույթների, անելիքների ու հետագայի մասին:
 
 - Պարոն Շահգելդյան, «Միկայի» համար մրցաշրջանն անհաջող ստացվեց. Ձեր դիտարկումն ինչպիսի՞ն է:
 
 - Իհարկե վատ ստացվեց մրցաշրջանը: Եթե թիմն իր առջև դրված առաջադրանքները չի կատարել, ուրեմն վատ է:
 
 - Եթե նվաճեիք Գավաթը, արդյո՞ք մրցաշրջանը հաջող կհամարեիք:
 
 - Գավաթը վերջին հնարավորությունն էր: Առաջնությունում արդեն միավորների տարբերությունը մեծ էր: Միգուցե մի քանի տուր առաջ ավելի լավ խաղալու դեպքում էլ մրցանակային տեղերի համար կարողանայինք պայքար մղել, բայց չստացվեց: Ցավոք, չստացվեց հաղթել նաև Գավաթի եզրափակչում:
 
 - Թիմի մարզչական ղեկը ստանձնել եք բավականին բարդ իրավիճակում. ի՞նչ դժվարություններ կան:
 
 - Ամենաբարդն այն է, որ ֆուտբոլիստները մոտիվացիա չունեն. ամեն ինչ անում ենք այդ բացը լրացնելու համար: Ցանկանում ենք լավ նոտայով ավարտել մրցաշարջանը: 
 
 - Գլխավոր մարզչի և ակումբի նախագահի հեռանալուց հետո աշխատանքային փոփոխություններ կա՞ն:
 
 - Փոփոխություններ չկան, ամեն ինչ իր հունով է ընթանում: Գլխավոր մարզիչը հեռացել է, և դա բնական գործընթաց է. մարզչի առջև խնդիր էր դրված եղել, որը լուծել չի ստացվել: 
 
 - Ձեր հետագայի հարցում ի՞նչ հստակություն կա, շարունակելո՞ւ եք գլխավորել թիմը:
 
 - Ինձ նշանակել են գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հետագայի հարցով հստակություն դեռ չկա: Մենք հաջորդ ամիս կպայմանավորվենք հետագայի հարցում: Ես պատրաստ եմ աշխատել. եթե ուրիշ որոշում կայացնեն, ապա պետք է հասկանալ:
 
 - Տեղեկություններ կային, որ որոշ ֆուտբոլիստներ հեռացել են թիմից. որքանո՞վ է դա համապատասխան իրականությանը:
 
 - Ոչ մի ֆուտբոլիստ թիմից չի հեռացել. ամբողջ կազմը պահպանվել է:
 
 - Յուրանի հեռանալուց հետո խաղաոճը փոխվելո՞ւ է, նոր բան բերելո՞ւ եք Ձեզ հետ:
 
 - Ցանկացած մարզիչ իր փիլիսոփայությունն ունի: Ես հուսով եմ, որ ինձ մոտ ստացվելու է: Որոշակի փոփոխություններ կլինեն: Իհարկե, ընդունում եմ նախորդ մարզչի ոճը, մտքերը, սակայն իմ ձեռագիրը փոքր-ինչ տարբեր է:
 
 - Եթե Դուք շարունակեք գլխավորել թիմը, ներկայիս կազմը պահպանելո՞ւ եք:
 
 - Փորձելու ենք կազմը պահպանել, բացի այդ մեծ ուշադրություն դարձնել երիտասարդներին, ովքեր խաղում են 2-րդ թիմում: Այդտեղ հեռանկարային շատ ֆուտբոլիստներ կան, որոնց անպայման ընդգրկելու ենք գլխավոր թիմում: Իրենց հետ էլ հույսեր ենք կապում: Հիմնական կազմը 100 տոկոսով չէ, սակայն մեծապես կպահպանենք: 
 
 - Խորեն Հովհաննիսյանն ավելի վաղ նշել էր, որ մտադրություն կա թիմում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ ընդգրկել. իր հեռանալուց հետո այդ միտումը պահպանվե՞լ է:
 
 - Այդ միտումը նաև մինչև Հովհաննիսյանն է եղել, իրենից հետո էլ պահպանվում է: Պետք է ֆուտբոլիստներ պատրաստենք, աստիճանաբար հիմնական կազմի խաղացող դարձնենք, ապա մատակարարենք հավաքականին: Չգիտեմ, թե ինչքանով կհաջողվի, բայց այդ ուղղությամբ աշխատում ենք:
 
 - «Գանձասար Կապանի» դեմ խաղում արդեն որպես գլխավոր մարզիչ ֆուտբոլիստներին գործի մեջ տեսաք. այս կազմը բավարարո՞ւմ է Ձեզ:
 
 - Չէի ասի, որ 100 %-ով բավարարում է: Ամեն դեպքում, միայն այդ հանդիպումով կողմնորոշվել պետք չէ, վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ ունեինք, բացի այդ ճանապարհի հարցն էր. մոտ 6 ժամ միայն ճանապարհին ենք եղել: Ամեն դեպքում, կազմը բավականին մարտունակ է:
 
 - Վերջին 2 տուրերում ինչպե՞ս եք մոտիվացիա գտնելու:
 
 - Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են և գիտեն յուրաքանչյուր խաղի կարևորությունը: Նախևառաջ, իրենց համար նշանակություն ունի այդ հանդիպումները: Մեզ համար էլ լավ առիթ է հասկանալ, թե հետագայում ում հետ կարող ենք հույսեր կապել: 
 
 - Ձեր և թիմի ընդհանուր հարցերով հստակություն ե՞րբ կլինի:
 
 - Հստակություն կլինի մրցաշրջանի ավարտից հետո: Արձակուրդի ընթացքում բոլոր հարցերի պատասխանները կլինեն:
 
 
Լուսանկարը՝ «Միկայի» ֆեյսբուքյան էջի
 
Share |

Լրահոս

Loading...