Խորեն Հովհաննիսյան. Գավաթի եզրափակչի շուրջ հանելուկային պահեր կան

09:20 12.05.2016

Այն բանից հետո, երբ «Միկան» Հայաստանի Գավաթի եզրափակչում 0:2 հաշվով պարտվեց «Բանանցին», երևանյան ակումբը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ նախագահ Խորեն Հովհաննիսյանը լքել է իր պաշտոնը և նոր աշխատանքի անցել: Armsport.am-ը «Միկայից» հեռանալու պատճառների ու հետագա ծրագրերի մասին զրուցեց Հովհաննիսյանի հետ:
 
- Գավաթի եզրափակչի հաջորդ օրը «Միկան» հայտարարեց, որ Դուք լքել եք ակումբի նախագահի պաշտոնը և այլ աշխատանքի անցել: Կմանրամասնե՞ք՝ ինչ աշխատանքի մասին է խոսքը:
 
- Մտադիր ենք նոր ակումբ ստեղծել: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մայիսի վերջին ավելի պարզ կլինի: Այժմ բանակցություններ են ընթանում: Նման ծրագրերն իրագործելու համար ժամանակ է հարկավոր: 
 
- Նոր ակումբն ի՞նչ ծրագրեր է հետապնդելու, ինչպիսի՞ քաղաքանակություն է վարելու: 
 
- Դեռ վաղ է այդ մասին խոսել: Երբ թիմը հավաքվի, մարզիչների հարցում կողմնորոշվենք, այդ ժամանակ նոր կկարողանանք խոսել այդ մասին: Զրոյից ակումբ կառուցելը դժվար աշխատանքն է: Պետք է մեր ծրագրերը ներկայացնենք ֆեդերացիային, օդից ոչինչ չի ստեղծվում:
 
- Անդրադառնանք «Միկային». ո՞րն էր ակումբից հեռանալու պատճառը: 
 
 - Մրցաշրջանում մեր նպատակն էր Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել, ինչի համար հարկավոր էր հաղթել Գավաթը: Եզրափակչի շուրջ հանելուկային պահեր կան, որովհետև «Միկան» իր հնարավորություններից խիստ ցածր հանդես եկավ: Տեսել ենք, թե եզրափակիչները սովորաբար ինչպիսին են լինում. անզիջում պայքարում են անցնում: Իսկ «Բանանցի» դեմ խաղում «Միկայի» ֆուտբոլիստներն իմիջայլոց էին գործում, առանց պայքարի: Այս թիմը հավաքվելուց հետո 4-5 ամիսների ընթացքում երբեք նման կերպ չէր խաղացել: Դա տարօրինակ էր ինչպես ինձ, այնպես էլ գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանի համար: Ամեն դեպքում, այդ ամենն արդեն ակումբի ներկայիս ղեկավարության խնդիրն է: Թող նրանք պարզեն, թե ինչու թիմն այդքան հեշտորեն պարտվեց:
 
- Դուք ինքնե՞րդ հեռացաք նախագահի պաշտոնից, թե՞ ակումբի սեփականատիրոջ որոշումն էր:
 
- Իմ որոշումն էր: 
 
- Նշել էիք, որ հեռանկարային ծրագրեր ունեք. մի՞թե դա Գավաթի խաղարկությունով էր սահմանափակվում:
 
- Մարտունակ թիմ ստեղծելու համար մեծ աշխատանք ենք կատարել: Գրեթե 95 տոկոսով կազմը փոխելուց հետո հասանք եզրափակիչ: Այդ աշխատանքն անտեսել չի կարելի: Բացի այդ, կային ֆինանսական խնդիրներ: 
 
- Հայտնի է, որ Գավաթի եզրափակչի ժամանակ Հայաստանում չէիք: Որտե՞ղ էիք գտնվում և ինչո՞ւ:
 
- Կիպրոսում մասնակցում էի ֆուտբոլային մրցաշարի: Այն ամեն տարի այն անցկացվում էր Անթալիայում, իսկ այս անգամ հոբելյանական 25-րդ խաղարկությունն էր: Մրցաշարին մասնակցում են անվանի ֆուտբոլիստներ, մասնագետներ: Ես նույնպես հրավիրված էի, այդ պատճառով չկարողացա ներկա գտնվել գավաթային խաղին: Սակայն դա ոչինչ չի փոխում. ես անընդհատ կապի մեջ եմ եղել ակումբի հետ:  
 
Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից
Share |

Լրահոս

Loading...