Փյունիկ-Միկա. խաղի անոնս

23:17 17.05.2016

Երևան, Ավանի ակադեմիա
Բարձրագույն խումբ. 28-րդ տուր
18.05.2016, ժամը 17:00


Կիրակի օրը «Փյունիկը» ծանր հանդիպում անցկացրեց «Գանձասար Կապանի» հետ, որոն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Իսկ ահա «Միկան» հանգստանում էր եւ ֆիզիկապես ավելի լավ վիճակում է մոտենալու առաջիկա խաղին:

«Փյունիկը» պայքարում է մեդալների համար եւ առաջիկա խաղում հաղթանակ տոնելու դեպքում կապահովի իր տեղը Եվրոպա լիգայում: Սարգիս Հովսեփյանի թիմը վերջին 8 հանդիպումներում չի կարողացել հաղթանակ տոնել՝ 6 հանդիպում ավարտվելով ոչ-ոքի եւ 2 խաղում կրելով պարտություն: «Փյունիկը» ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ ճգնաժամից եւ եթե չլիներ առաջնության առաջին կեսում վաստակած միավորների պաշարը, ապա թիմը վաղուց էր դուրս մնացել լավագույն եռյակից:

«Միկան» մեդալների համար չի պայքարում, սակայն փորձում է մրցաշրջանն ավարտել հաջող ելույթներով: Առավել եւս, որ թիմը ղեկը վերջերս ստանձնել է Արմեն Շահգելդյանը, ով հնարավորություն է ստացել եւս մեկ անգամ աշխատել «Միկայի» գլխավոր մարզչի պաշտոնում: «Միկայի» ճակատագիրը մեծապես կախված է առաջնության վերջին 2 հանդիպումներից: Եթե թիմը լավ նոտայում ավարտի առաջնությունը, ապա հավանական է, որ Միքայել Բաղդասարովը կորոշվի պահպանել «Միկայի» գոյությունը…

Թիմերը 4-րդ անգամ են մրցելու ընթացիկ մրցաշրջանում: Նախորդ 3 հանդիպումներից 1-ում հաղթել է «Միկան», մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի եւ եւս մեկ խաղում հաջողության է հասել «Փյունիկը»: Վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 10-ին, երբ «Միկա» մարզադաշտում հաշիվը չբացվեց:

Սարգիս Հովսեփյանի թիմի կազմում հանդիպումը բաց կթողնի Վարազդատ Հարոյանը, ով 26-րդ տուրի «Գանձասար Կապանի» դեմ մրցավեճում հեռացվեց խաղադաշտից: Վնասվածքից շարունակում է ապաքինվել պաշտպան Արթուր Քարտաշյանը: «Միկան» կադրային կորսուստներ չունի:
 

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...