Շահգելդյան. Չիչերինի ցուցադրած ֆուտբոլը նույնիսկ մանկապատանեկան մակարդակում չեն խաղում

19:50 18.05.2016

Հայաստանի առաջնության նախապես անցկացվող 28-րդ տուրում «Միկան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել է «Փյունիկին»: Հանդիպումից հետո «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանն ամփոփեց խաղը:

«Առաջին խաղակեսում մեր թիմը շատ վատ խաղաց, իսկ երկրորդում կատարված փոփոխությունների շնորհիվ մի փոքր կարողացանք շտկել իրավիճակը: Շնորհավորում եմ «Փյունիկին»: Պետք է աշխատենք, պատրաստվենք մյուս խաղին»:

- Սամվել Մելքոնյանը փոխարինման մտնելուց հետո շատ ակտիվ էր ձախ եզրում, գոլային փոխանցում կատարեց, սակայն հետո տեղափոխվեց աջ եզր, որտեղ պասիվ էր: Ո՞րն էր նման դիրքափոխման պատճառը:

- Գոլից հետո որոշեցինք փոխել եզրային խաղացողների դիրքերը: Այնպես չէ, որ Սամվելը պետք է միայն ձախ եզրից խաղար. նա գործում է թե աջից, թե ձախից և թե կենտրոնական հարձակվողի դիրքում: Դրանից հետո մեր  խաղացողը կարմիր քարտ ստացավ (Վարդան Մովսիսյան-խմբ.), այդուհետ պլանները խառնվեցին: Երկրորդ կեսում որքանով կարողացանք, նույնիսկ 10 ֆուտբոլիստներով, փորձեցինք գոլային պահեր ստեղծել, գնդակը դարպասաձողին դիպավ, մեր պաշտպաններն ու դարպասապահը հաջող գործեցին՝ չնայած նրան, որ «Փյունիկն» էլ վտանգավոր գրոհներ էր ձեռնարկում:

Այն ֆուտբոլը, որն այսօր ցուցադրեց Նիկիտա Չիչերինը, նույնիսկ մանկապատենական ֆուտբոլում չեն խաղում: Չգիտեմ պատճառն ինչում է: Երևի մոտիվացիա չունի:

- Հաջորդ տուրում «Միկայի» դեմ հանդիպումը չեմպիոնական նշանակություն ունի «Ալաշկերտի» համար: Ձեր թիմի համար այդ հանդիպումը որքանո՞վ է կարևոր:

- Մեզ համար էական չէ դա «Ալաշկերտի» համար չեմպիոնական խաղ է, թե ոչ: Մենք կարևորում ենք մեր ցուցադրած ֆուտբոլը: Մենք նույնպես մեր նպատակներն ունենք, օրինակ, պետք է պարզենք, թե ո՞ր ֆուտբոլիստների հետ պետք է պայմանագրերը երկարաձգվեն: Ցանկացած մրցակցի հետ մրցավեճում խաղում ենք մեր ֆուտբոլը, իսկ եթե նրանց համար չեմպիոնական հանդիպում է, ապա թող նրանք էլ այդ մասին մտածեն:

- Արդեն կողմնորոշվե՞լ եք, թե որ ֆուտբոլիստներն են լքելու «Միկան»:

- Մայիսի 21-ից հետո պարզ կլինի: Այդ օրը մեր վերջին հանդիպումն է:

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...