Սարգիս Հովսեփյան. Գիտակցելով ենք այս ամենին գնում, որպեսզի հայկական ֆուտբոլը չմահանա

20:29 18.05.2016

«Փյունիկն» այսօր Հայաստանի առաջնության նախապես անցկացված 28-րդ տուրում 2:1 հաշվով հաղթեց «Միկային» և նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր: Խաղից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

- Խաղի վերաբերյալ ինչպիսի՞ տպավորություններ ունեք:

- Առաջին կեսը շատ լավ անցկացրինք՝ չնայած հարձակման գծում գոլային պահերի իրացման ցածր տոկոսին: 4-5 պահ կար, որոնք հարկավոր էր գոլով ավարտել, սակայն մեր հարձակվողները, ավելի շուտ Վարդան Պողոսյանը, չկարողացան գրավել դարպասը: Բայց ուրախալին այն է, որ այդ պահերն առաջանում են: Դա խոսում է այն մասին, որ կիսապաշտպանների ու հարձակվողների համագործակցությունը լավ մակարդակի է: Նրանց արագությունն ու որակն ավելի է բարձրացել: Հասկանում ենք, որ Վարդանը դեռ 100 տոկոսով պատրաստ չէ, դա է խոտանի պատճառը: Այսօր արագ խաղ էր: Ցավոք, երկրորդ կեսում չօգտագործեցինք մեր պահերը: Ընդհանրապես, ընթացիկ մրցաշրջանում գոլային պահերի իրացումը մեզ մոտ լավ չի ստացվում:

Ուրախացրեց այն, որ Պողոսյանի փոխարեն այսօր իրեն շատ լավ դրսևորեց Վարդգես Սաթումյանը: Նա շատ լավ էր կազմակերպում հարձակվողական գործողությունները, սուր էր գրոհում, որակով փոխացնումներ էր կատարում և մասնակցում պաշտպանությանը: Այդպես է. եթե ինչ-որ մեկի մոտ մի բան չի ստացվում, ապա նրա խաղընկերները պետք է օգնեն նրան: Այսօր այդ օգնողը Սաթումյանն էր:

Հասկանում էինք, որ ևս մեկ գոլ բաց թողնելը մեզ վրա թանկ կնստի, ուստի մեծ ուժերով պաշտպանվում էինք: Մեզ հաղթանակ էր հարկավոր: Այսպիսի հանդիպումներում շատ կարևոր է արդյունքը, որովհետև խաղը ինչ-որ չափով կմոռացվի, իսկ արդյունքը թվերով կգրվի Հայաստանի առաջնության պատմության մեջ:

- Սաթումյանը նախորդ հանդիպմանը չէր մասնակցում, սակայն այսօր տեսանք, որ լավ մարզավիճակում է: Ո՞րն էր նրա բացակայության պատճառը:

- Մարզավիճակից բացի հոգեբանական վիճակն է շատ կարևոր: Մարզումների ժամանակ ավելի լավ ենք տեսնում, հասկանում, թե տվյալ ֆուտբոլիստն ինչպիսի վիճակում է: Շատ են դեպքերը, երբ Վարդգեսը խաղադաշտ է մտել, բայց նրա մոտ չի ստացվել: Փորձել ենք հոգեբանական տեսանկյունից հանգիստ տալ, որովհետև լարվածություն էր նրա մոտ առաջացել: Հանդիպումից առաջ հասկացանք, որ նրա վիճակը կայուն է, պատրաստ է խաղին… երևի չսխալվեցինք: Այսպես ամեն ինչ ճիշտ էր:

- Այսօրվա հաղթանակի շնորհիվ Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեցիք: Դա «Փյունիկի» համար ինչպիսի՞ կարևորություն ունի:

- Կարևոր է մեր հայ երիտասարդ խաղացողների աճի տեսանկյունից: Եթե կարողանում ենք առանց լեգիոներների, կեսից շատը պատանի ֆուտբոլիստներով, Եվրոպա լիգայի ուղեգրի տիրանալ, ապա դա նվաճում է: Մենք 8-9 լեգիոներներ չունենք: Եթե մեր կազմից որևէ փորձառու ֆուտբոլիստ շարքից դուրս է մնում, հասկանում ենք, որ նրան պատանի է փոխարինելու, իսկ խոտանն ավելանալու է ու խաղի մակարդակն իջնելու: Գիտակցելով ենք այս ամենին գնում, որպեսզի հայկական ֆուտբոլը չմահանա:

- Առաջնությունում «Փյունիկի» համար սա վերջին խաղն էր: Առաջիկայում ակումբն ինչպիսի՞ ծրագրեր ունի, Եվրոպա լիգայից առաջ համալրումներ ունենալո՞ւ է:

- Դժվարանում եմ հիմա ասել: Պետք է խոսենք ակումբի ղեկավարության հետ, ինչից հետո ամեն ինչ կպարզվի և եթե ցանկանաք, ձեզ կհայտնենք մեր նպատակների մասին: Թիմին 12-13 օր արձակուրդ է տրվելու, ինչից հետո սկսելու ենք նախապատրաստվել Եվրոպա լիգային:

Աղբյուր` Armsport.am
Share |

Լրահոս

Loading...