Միկա - Ալաշկերտ. խաղից առաջ

09:38 22.05.2016

«Միկա» - «Ալաշկերտ»
Բարձրագույն խումբ, 27-րդ տուր
Ք. Երևան. ՖՆ-ի «Միկա» մարզահամալիր, սկիզբը՝ 17:00

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ժամանակային առումով վերջին՝ 27-րդ տուրում «Միկան» հյուրընկալում է առաջատար, «Ալաշկերտին»:

Մոտ մեկ ամիս առաջ քչերը կարող էին պատկերացնել, որ չեմպիոնության համար պայքարը պահպանվելու է մինչեւ վերջին տուրը: «Ալաշկերտը» մեծ առավելությամբ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն վերջին տուրերում ունեցած անհաջող ելույթների պատճառով հնարավորություն տվեց «Շիրակին» միավորների տարբերությունը հասցնել 3-ի:

Նախորդ 2 տուրերում «Ալաշկերտը» հանդես գալով սեփական հարկի տակ, համարձակվեց միավոր չվաստակել՝ պարտվելով «Արարատին» (0:1) եւ «Շիրակին» (2:3): Չի կարելի ասել, թե «Ալաշկերտի» խաղում կտրում անկում է նկատվում, բայց հոգեբանական խնդիրներ թիմում կան, ինչը խանգարում է ամրագրել հաջողությունը:

Առաջիկա խաղում Աբրահամ Խաշմանյանի սաներին անհրաժեշտ է չպարտվել, ինչը թույլ կտա «Շիրակից» անհասանելի լինել:

Առաջնության 2-րդ հատվածում «Ալաշկերտը» բավականին անկայուն է հանդես գալիս, իսկ հյուրընկալվելիս որեւէ հաղթանակ չի տոնել: Վերջին անգամ թիմն արտագնա խաղերում հաջողության է հասել նախորդ տարվա նոյեմբերի 7-ին՝ 1:0 հաշվով առավելության հասնելով հենց «Միկայի» նկատմամբ:

«Միկայի» համար այս հանդիպումը մեծ նշանակություն չունի: Թիմը կպայքարի հաղթանակի համար, որ կպահպանի 6-րդ հորիզոնականը: Արմեն Շահգելդյանի գլխավորությամբ «Միկան» դեռ միավոր չի վաստակել. նախորդ 2 խաղերում թիմը զիջել է «Գանձասար Կապանին» եւ «Փյունիկին»:

Ընթացիկ առաջնությունում թիմերը կհանդիպեն 4-րդ անգամ: Նախորդ 3 խաղերում էլ հաղթել է «Ալաշկերտը»: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, երբ «Ալաշկերտը» սեփական հարկի տակ հաջողության հասավ 2:1 հաշվով: Այդ մրցավեճի 4-րդ րոպեին հաշիվը բացեց Արտակ Գրիգորյանը, իսկ 8 րոպե անց Հեբեր Արաուխոն 2-րդ գնդակն ուղարկեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը: 49-րդ րոպեին Նասիմ Կպեհիան կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն «Միկային» խաղը փրկել չհաջողվեց:

«Միկայի» կազմում որակազրկված է Վարդան Մովսիսյանը, իսկ հյուրերը կադրային խնդիրներ չունեն: 

Share |

Լրահոս

Loading...