Սուրեն Չախալյան. Միայն լեգիոներներով հանդես եկող թիմի հեռանկարը մշուշոտ է լինելու

10:40 05.06.2016

Նախորդ տարվա սեպտեմբերին «Ուլիսի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ Սուրեն Չախալյանը: Մասնագետը armsport.am-ի հետ զրույցում հետհայացք է գցել կատարվածին՝ խոսելով նաև իր անելիքների, ծրագրերի և այլ մանրամասների վերաբերյալ.
 
 - Պարոն Չախալյան, ինչո՞վ եք զբաղվում մարզչական աշխատանքը թողնելուց հետո:
 
 - Ոչնչով. սպասողական դրություն է: Հայ մարզիչների համար աշխատանք չունենալն էլ աշխատանքի մաս է (ժպտում է,- խմբ.): Պարզ երևում է, թե ակումբներում ինչ դրություն է. ամեն ինչ ամեն պահի կարող է փոխվել:
 
 - Այս ընթացքում որքանո՞վ եք մոտ եղել ֆուտբոլին, հետևե՞լ եք առաջնությանը:
 
 - Անընդհատ հետևել եմ Հայաստանի առաջնությանը, ծավալվող իրադարձություններին: Բավականին հետաքրքրիր առաջնություն ստացվեց, որը կարելի է 2 մասի բաժանել. 1-ին հատվածում 5 թիմեր լավ արդյունքներ գրանցեցին և իրական պայքար էին մղում մրցանակային տեղերի համար: 2-րդ մասում «Միկան» և «Բանանցը» զգալիորեն ուժեղացան և ներգրավեցին պայքարին. դա ամեն ինչ հետաքրքրացրեց և չեմպիոնության հարցն անգամ մնաց վերջին տուրում:
 
 - «Ալաշկերտին» ինչի՞ շնորհիվ հաջողվեց նվաճել չեմպիոնի տիտղոսը:
 
 - Կարծում եմ՝ առաջին հերթին կազմի և պահեստայինների երկար նստարանի: «Ալաշկերտում» տարբեր տարիքային հավաքականների նախկին ֆուտբոլիստներ են ընդգրկված, ովքեր շատ փորձառու են: Մրցաշրջանի կտրվածքով էլ կարևոր է պահեստայինների լավ նստարան ունենալը: Պետք է ընդգծել նաև գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գործոնը, ով շատ համապատասխան է թիմին:
 
 - Եվրագավաթներում այս տարի մեր թիմերը ինչպիսի՞ մրցելույթներ կունենան՝ ըստ Ձեզ:
 
 - Մենք բավականին ուշ ենք մտածում եվրագավաթների մասին: Բացի այդ, մեծ նշանակություն ունի վիճակահանությունը: Եվրագավաթներին լավ մասնակցելու համար պետք է տարվա ընթացքում էլ մտածել, որպեսզի հետո փաստի առջև չկանգնենք: Չեմպիոնների լիգայում, ուր պայքարը սկսելու ենք 1-ին փուլից, կարծում եմ, պարտավոր ենք հաղթահարել մեկնարկային արգելքը. այնուհետև սպասել, թե ինչ մրցակից բաժին կհասնի: Այսպիսի իրավիճակում Եվրոպա լիգայում 1 փուլ հաղթահարելն էլ հայկական թիմերի համար հաջողություն կլինի:
 
 - Վերադառնանք Ձեր գործերին. ընդհանուր հետհայացք գցելով «Ուլիսում» Ձեր աշխատանքին՝ կառանձնացնե՞ք հիմնական պատճառը, թե ինչու հեռացաք:
 
 - Միանշանակ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը որոշիչ եղավ: Մի պահ եկավ, երբ հասկացա, որ պատշաճ պրոֆեսիոնալիզմ չի ցուցաբերվում: Մարզչական շտաբի և ղեկավարության տեսակետները գնալով ավելի իրարամերժ էին դառնում: Հերթական հանդիպումից հետո տեսնելով, որ հույս և հեռանկար չունեմ՝ որոշեցի հրաժարական տալ: 
 
 - Թվում էր՝ ամեն ինչ լավ է. այդ անցումն ինչպե՞ս ստացվեց. քննարկումներ արդյո՞ք չեղան:
 
 - Իհարկե քննարկումներ ունեցանք, սակայն ապարդյուն: Լավ ենք հասկանում, որ խնդիրները շատ էին. օրինակ՝ Եվրոպա լիգայում «Բիրկիրկարայի» դեմ պատասխան խաղից անմիջապես հետո ֆուտբոլիստները պետք է հեռանային թիմից. իրենց մոտիվացնելը շատ բարդ էր: Բացի այդ, նոր մրցաշրջանից առաջ 8-10 օրում նոր թիմ կազմավորվեց, որի հետ արդյունքի հասնելը ևս չափազանց բարդ էր, անհնարին: Այո, նախորդ նախադեպում կրկին նոր էինք կազմավորվել և հաջող խաղացինք, սակայն հարկավոր է նշել, որ այդ դեպքում մեր տրամադրության տակ եղած խաղացողները շատ ավելի ուժեղ էին: Եթե պրոֆեսիոնալ մոտեցում լիներ, հնարավոր է՝ նույն կազմով ևս անհամեմատ հաջող հանդես գայինք:
 
 - Այնուհետև «Ուլիսի» հետ ամեն ինչ կտրուկ փոխվեց, եղան բազմապիսի խնդիրներ, արդյունքում ակումբը դադարեցրեց գոյությունը...
 
 - Իրոք ամեն ինչ ցավալի էր: Երբ մի գործին նվիրվում ես, ամեն ինչ ներդնում ես, իսկ հետո...
 
 - Ֆուտբոլ վերադառնալու ի՞նչ մտադրություններ ու ծրագրեր ունեք:
 
 - Ես միշտ էլ մտադրված եմ ֆուտբոլ վերադառնալ. դա իմ մասնագիտությունն է: Պարզապես ռեալ առաջարկ չկա... հասկանալի է: Ակումբներում անկայուն մթնոլորտ է. թիմը չեմպիոն կամ մրցանակակիր է դառնում, իսկ հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ փոխվում է: Առանց դպրոցի հիմնարար աշխատանքի, միայն լեգիոներներով հանդես եկող թիմի հեռանկարը միևնույնն է՝ մշուշոտ է լինելու: Առաջարկ ունենալու դեպքում, անպայմանն կքննարկեմ, կհասկանամ հստակ նպատակը, մոտեցումը և որոշում կկայացնեմ:
Share |

Լրահոս

Loading...