Սամվել Պետրոսյան. Կոտայքը հունիսի 20-ից սկսելու է մարզումները

17:59 10.06.2016

Հայկական ֆուտբոլի լավագույն ավանդույթներ ունեցող ակումբներից մեկը` «Կոտայքը» վերածնվում է: Աբովյանը ներկայացնող թիմի հարցերով զբաղվում է փորձառու մարզիչ Սամվել Պետրոսյանը, ով armsport.am-ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունն ու մանրամասներ հայտնեց ընթացող աշխատանքների վերաբերյալ:

- Պարոն Պետրոսյան, տեղեկություն ունենք, որ Ձեր անմիջական մասնակցությամբ «Կոտայք» ֆուտբոլային ակումբը վերածնվում է: Այդ տեղեկությունն իրականությանը համապատասխանո՞ւմ են:

- Այո: Մենք վերականգնում ենք «Կոտայքը», ստեղծում ենք նոր թիմ: Կոտայքը ֆուտբոլային մարզ է, իսկ համանուն թիմը` ֆուտբոլային բրենդ: Կոտայքում բնակվող մարդիկ ֆուտբոլի մեծ երկրպագուներ են:

- Դուք ի՞նչ պաշտոն եք զբաղեցնելու ակումբում:

- Կատարելու եմ ակումբի մարզական տնօրենի պարտականությունները:

- Արդեն կողմնորոշվե՞լ եք մարզիչների ու ֆուտբոլիստների հարցում:

- Գլխավոր մարզիչն է լինելու Տիգրան Եսայանը: Նրան օգնելու են Ալեքսանդր Թադևոսյանն ու Գառնիկ Հովհաննիսյանը: Վերջինս աշխատելու է դարպասապահների հետ: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա դեռ չեմ ուզում անուններ տալ: Միայն կասեմ, որ հունիսի 20-ից սկսելու ենք մարզումները:

- Ակումբն արդեն ո՞ւնի պաշտոնական գրանցում:

- Մոտ օրերս դիմելու ենք ֆեդերացիա, որպեսզի գրանցենք ակումբն ու մրցելույթներին մասնակցելու պաշտոնական թույլտվություն ստանանք:

- Ու՞մ աջակցությամբ է իրականացվում «Կոտայքի» վերածնունդը:

- Ունենք հովանավորներ, ովքեր արտասահմանից են ու իմ ընկերներն են: Առայժմ անուններ չեմ կարող տալ: Միայն կասեմ, որ Եվրոպայից են:

- Ամենայն հավանականությամբ, Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը մասնակցելու են 6 թիմեր: Հնարավո՞ր է «Կոտայքը» նույնպես միանա նրանց թվին:

- Որքանով տեղյակ եմ, ՈւԵՖԱ-ն նորաստեղծ ակումբներին թույլ չի տալիս անմիջապես մասնակցել Բարձրագույն խմբին: Հարկավոր է այդ իրավունքը ձեռք բերել Առաջին խմբում հանդես գալով: Կան բացառություններ, բայց դրանք ֆինանսական խնդիրների կամ իրավահաջորդի դեպքում են լինում:  Անկախ դրանից`մենք ինքներս որոշել ենք մեր ելույթները սկսել Առաջին խմբից:

- Թիմը որտե՞ղ է անցկացնելու տնային հանդիպումները:

- Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում: Մտադիր ենք Կոտայքի մարզում զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, մեր սեփական մարզադպրոցը հիմնել և այդկերպ երեխաներին կտրել փողոցից:

- «Կոտայքի» տեսլական ինչպիսի՞ն է:

- Մեր նպատակները երկարաժամկետ են: Ֆեդերացիայում հայտ ներկայացնելիս մեր գործունեության ժամկետի վերաբերյալ կետում գրելու ենք անժամկետ: «Կոտայքը» պետք է միշտ լինի: Վստահ եմ, որ հաջողության ենք հասնելու:


Լուսանկարը «Գանաձասար Կապանի» ֆեյսբուքյան էջի

 

Share |

Լրահոս