Արսեն Բեգլարյան. Պետք է լավագույն տարբերակն ընտրեմ

10:57 13.06.2016

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանի պայմանագրի ժամկետը «Միկայի» հետ սպառվել է և նա այժմ ազատ խաղացողի կարգավիճակ ունի: Armsport.am-ը զրուցեց 23-ամյա ֆուտբոլիստի հետ և փորձեց տեղեկանալ նրա հետագա ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած ամերիկյան հավաքի մասին:

- Արսեն, հայտնի է, որ «Միկայի» հետ Ձեր պայմանագրի ժամկետը սպառվել է: Որտե՞ղ եք մտադիր շարունակել կարիերան:

- Դեռ ոչինչ չեմ կարող ասել: Այս պահին գտնվում եմ տանը` Կրասնոդարում: Կարիերայի շարունակման կոնկրետ տաբերակ դեռ չկա:

- Եվրագավաթներին մասնակցող հայկական թիմերն արդեն դուրս են եկել արձակուրդից և հավաքներ են անցկացնում: Քանի որ նոր թիմ դեռ չունեք, ե՞րբ եք պատրաստվում վերադառնալ արձակուրդից:

- Ես արձակուրդ չեմ անցկացնում: Հավաքականի ճամբարից հետո տուն եմ վերադարձել մինչ ապագայիս վերաբերյալ հստակություն կլինի: Անհատական մարզումներով մարզավիճակ եմ պահպանում:

- Արտասահմանյան թիմ տեղափոխվելու տարբերակներ ունե՞ք:

- Եթե ավելի ուժեղ առաջնությունից առաջարկ լինի, իհարկե, կընդունեմ այն, բայց դա ներկայումս առաջնային նպատակ չէ:

- Շշուկներ են պտտվում, որ հնարավոր է հայտնվեք «Բանանցում»: Դա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

- Դրանք առայժմ շշուկների մակարդակի վրա են: Դեռ մեկնաբանելու բան չկա:

- Եթե «Միկան» այնունամենայնիվ շարունակի ելույթները Բարձրագույն խմբում, կնախընտրե՞ք այդ թիմում մնալ, թե՞ միևնույնն է՝ այլ ակումբ տեղափոխվելու ցանկություն ունեք:

- Ոչ մի տարբերակ չեմ բացառում: Այս կամ այն թիմում հանդես չգալու վերաբերյալ կտրուկ հայտարարություններ չեմ անի: Պետք է լավագույն տարբերակն ընտրեմ: 

- Հայաստանի հավաքականի կազմում ԱՄՆ-ում հավաքի մասնակցեցիք, որոնց ընթացքում ընկերական խաղերում խոշոր հաշվով հաղթանակներ գրանցվեցին Գվատեմալայի (7:1) ու Էլ Սալվադորի (4:0) նկատմամբ: Ինչպիսի՞ տպավորություններ ունեք այդ հավաքից:

- Շատ լավ: Պետք է արժանին մատուցել կազմակերպիչներին: Հավաքն ու անցկացրած խաղերը շատ կարևոր էին մարզիչների, ինչպես նաև մեզ` ֆուտբոլիստերիս համար: Հնարավորություն ստացանք խաղադաշտում ավելի լավ զգալ ու հասկանալ թիմակիցներին: Մեծ նշանակություն ուներ նաև այն, որ հաղթանակներ տարանք, հատկապես հոգեբանության տեսանկյունից: Վաղուց չէինք հաղթել:

- Իսկ անձամբ Ձեր խաղն ինչպե՞ս կգնահատեք:

- Ամեն ինչ չէ, որ ստացվեց: Տհաճ էր, որ Գվատեմալայի դեմ մրցավեճում գոլ բաց թողեցի: Դա իմ մեղքով էր: Սակայն մյուս գործոններում շատ բաներ ստացվեցին: Այդ հավաքն ու խաղերը շատ օգտակար էին:  

Share |

Լրահոս

Loading...