Մխիթարյանի տված հարցազրույցը՝ MUTV-ին (տեսանյութ)

21:47 06.07.2016

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին:

- Բարի գալուստ, Հենրիխ: Ի՞նչ զգացողություններ ունես «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուց հետո:

- Շնորհակալ եմ: Անչափ հուզված եմ: «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալն ինձ համար մեծ հնարավորություն եւ նոր մարտահրավեր է: Կներդնեմ բոլոր ուժերս:

- Որքանո՞վ ազդեց քո որոշման վրա Ժոզե Մոուրինյոյի գործոնը:

- Դա որոշից գործոններից մեկն էր, բայց կարեւոր էր նաեւ այն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիսանում է աշխարհի մեծագույն ակումբներից մեկը: Ես չէի կարող մերժել այդ առաջարկը: Երջանիկ եմ, որ այստեղ եմ:

- Ոգեւորվա՞ծ ես, որ հանդես ես գալու Ռունիի, Իբրահիմովիչի եւ մյուս աստղային ֆուտբոլիստների հետ:

- Այս տարի շատ լավ թիմ է հավաքվել եւ ես ուրախ եմ, որ խաղալու եմ նրանց հետ:

- Դու ծնվել ես մարզական ընտանիքում: Քո հայրը՝ Համլետը նույնպես ֆուտբոլիստ է եղել: Ինչպիսի՞ ազդեցություն է նա ունեցել քո կարիերայի վրա: Որքա՞ն հպարտ կլիներ նա ներկա պահին:

- Երբ նա ֆուտբոլ էր խաղում, ես դեռ չէի կարող ամբողջովին հասկանալ, թե ինչ է ֆուտբոլը: Երբ նա մահացավ, ես ցանկացա ֆուտբոլիստ դառնալ: Ցանկանում էի շարունակել նրա գործը, եւ հույս ունեմ, որ ճիշտ ուղու վրա եմ:

- Նա հպարտ կլիներ քեզնով: Հանդես ես եկել Հայաստանում, որից հետո Ուկրաինայում եւ Գերմանիայում: Արդյո՞ք դու հասել ես քո կարիերայի գագաթնակետին:

- Հետ նայելով հասկանում եմ, որ երկար ճանապարհ եմ անցել: Գտնում եմ, որ կարող եմ շարունակել առաջընթաց գրանցել: Կարծում եմ, որ կյանքում ամեն ինչ ճիշտ եմ արել եւ հույս ունեմ, որ քայլ առ քայլ առաջ կշարժվեմ:

- Ինչպիսի՞ մարտահրավեր է քեզ սպասվում Պրեմիեր լիգայում:

- Բոլորն էլ գիտեն, որ Անգլիայի Պրեմիեր լիգան համարվում է աշխարհի լավագույն առաջնություններից մեկը: Երջանիկ եմ, որ կազմելու եմ դրա մասնիկը:

- Խոսե՞լ ես Կագավայի ու Յանուզայի հետ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պրեմիեր լիգայի մասին:

- Յանուզայն իմ ընկերներից է: Այստեղ գալուց առաջ մենք նույնպես կապի մեջ ենք եղել: Նա միշտ հարցնում էր, թե արդյո՞ք միանալու եմ «Մանչեսթեր Յունայթեդին»: Ասում էի, որ ես էլ չգիտեմ, բայց վերջապես այստեղ եմ: Հուսով եմ, որ նա ինձ համար կլինի ե՛ւ ընկեր, ե՛ւ օգնական:

- Հպա՞րտ ես, որ առաջին հայն ես, ով հանդես է գալու Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ինչպե՞ս են վերաբերվում քո տեղափոխությանը Հայաստանում:

- Կարծում եմ, որ շատերն են սպասել այս տրանսֆերին: Ուրախ եմ, որ Հայաստանում հպարտ են ինձնով: Ինձ համար նույնպես մեծ պատիվ է լինել առաջին հայ ֆուտբոլիստն Անգլիայում: Կփորձեմ արդարացնել բոլորի սպասելիքները:

- «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանում մե՞ծ համբավ ունի:

- Կարծում եմ, որ ամենահայտնի ակումբներից մեկն է:

- Քո գործողություններին առաջին անգամ կհետեւենք Չինաստանում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան»: Ի՞նչ տպավորություններ ունես այդ առիթով:

- Մի փոքր տարօրինակ կլինի հանդիպել իմ նախկին թիմակիցներին հատկապես առաջին խաղում: Ամեն դեպքում, «Մանչեսթեր Յունայթեդն» իմ նոր թիմն է եւ ես պետք է հարմարվեմ դրան:

- Դրանից հետո դուք պետք է հանդիպեք «Մանչեսթեր Սիթիին»: Առաջիկա շրջագայությունը քեզ համար նոր փորձ կլինի: Պատրա՞ստ ես նոր փորձության:

- Լսել եմ այդ ամենի մասին: Գտնում եմ, որ պատրաստ կլինեմ:

- Երկրպագուներն ի՞նչ ակնկալիքներ սպասեն քեզնից գալիք մրցաշրջանում:

- Ամեն ինչ կանեմ իմ լավագույն խաղը ցուցադրելու համար: Այն գոլերն ու գոլային փոխանցումները, որոնք գրանցել եմ նախորդ մրցաշրջանում, կփորձեմ անել նաեւ գալիք մրցաշրջանում:

- Ի՞նչ զգացողություններ կունենաս «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում խաղալիս:

- Դեռ չեմ խաղացել «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, բայց գտնում եմ, որ սա աշխարհի ամենահրաշալի մարզադաշտերից մեկն է: Ինձ համար հետաքրքիր կլինի հանդես գալ այդ խաղադաշտում:

- Ի՞նչ կցանկանաս փոխանցել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին, որոնք անհամբերությամբ սպասում են քո նորամուտին:

-Սիրելի երկրպագուներ, ուրախ կլինեմ տեսնել ձեզ մարզադաշտում յուրաքանչյուր խաղին եւ ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել։

Share |

Լրահոս