Արամ Ոսկանյան. Գտել ենք այն մարտավարությունը, որով կարող ենք հաջողությունների հասնել

17:30 03.08.2016

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում օգոստոսի 2-ից հերթական ուսումնամարզական հավաքն է անցկացնում:

Նոյեմբերին կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկաների առաջնությանը Հայաստանի ընտրանին բավականին հանգամանալից է նախապատրաստվում: Պատրաստության ընթացքում Արամ Ոսկանյանի գլխավորած հավաքականն օգոստոսի 7-ին և 9-ին Բելառուսում ընկերական հանդիպումներ կանցկացնի տեղի տարիքակից ընտրանու հետ:

Արամ Ոսկանյանն armsport.am-ի հետ զրույցում խոսել է ընթացող հավաքի, ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակի, առկա խնդիրների և նպատակների մասին.

 - Դեկտեմբերին Դուք հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել եք Մարկ Լելևրին. ի՞նչ փոփոխություններ եք բերել Ձեզ հետ:

 - Ի սկզբանե, երբ Մարկն ինձ առաջարկեց գլխավորել հավաքականը: Ասացի, որ պետք է լինի այն փիլիսոփայությունը, որը ես եմ նախընտրում: Ինքը համաձայնեց:

 - Որո՞նք են Ձեր խաղային փիլիսոփայության դրսևորումները:

 - Ցանկանում եմ, որ պատկերացում լինի. խաղը վերահսկելը և գնդակը վերահսկելը տարբեր բաներ են. հնարավոր է՝ գնդակը մեզ մոտ չլինի, բայց մենք վերահսկենք խաղը: Մի բան է, երբ ցանկանում ենք գեղեցիկ ֆուտբոլ տեսնել, մեկ այլ, երբ՝ գնդակին տիրել: Ոչ ոք չի կարող ասել, թե որն է գերադասելի: Մենք, ըստ իս, գտել ենք այն մարտավարությունը, որը կարող է հաջողություն բերել: Խոսքը հակագրոհային ֆուտբոլի մասին է. մենք դրա վրա ենք աշխատում: Այո, ունեցել ենք պարտություններ, սակայն այդ ընթացքում մենք խաղային փնտրտուքների մեջ էինք: Մեծ հույս ունեմ, որ նոյեմբերին մենք կհասնենք այն խաղին, որն ուզում ենք:

 - Ֆուտբոլիստների խաղում կզգացվի՞ Ձեր և Լելևրի տարբերությունը:

 - Հիմնականում սերնդափոխություն է եղել, սակայն մի շարք ֆուտբոլիստներ երկուսիս ժամանակահատվածներում էլ կան: Լելևրի ժամանակ ընդունած գոլերի մեծամասնությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ խորքից ենք գրոհներ կազմակերպել՝ սկսած մեր տուգանայինի մատույցներից: Այդ դիրքում գնդակ կորցնել չի կարելի: Իմ խնդիրը լինելու է խաղը կառուցել մրցակցի կիսադաշտում:

 - Ձեր մտքերը, ուղղվածությունը համապատասխանեցրե՞լ եք ազգային և երիտասարդական հավաքականների մարզիչների հետ:

 - Այժմ մենք խորքից եկող համակարգ չունենք, որպեսզի ընդհանուր գիծը պահելու խնդիր ունենանք: Մենք պետք է խաղը կառուցենք՝ ելնելով ունեցած ֆուտբոլիստների որակներից: Մեր հաղթաթուղթն այս հավաքականի արագ ֆուտբոլիստներն են. պետք է օգտագործենք այդ հանգամանքը: Ամեն մեկը չէ, որ արագ է. հենց այդ արագության շնորհիվ հետագայում էլ իրենք հաջողությունների կհասնեն:

 - Նախորդ հավաքի ընթացքում նշել էիք, որ ընտրանուն ծանոթանալու փուլում եք: Այժմ, բնականաբար, պատկերն այլ է: Ինչպիսի՞ն է այս թիմի ներուժը:

- Մինչև հիմա 45-ից ավելի ֆուտբոլիստներ ենք փորձարկել. հարկավոր է բոլոր հնարավոր խաղացողներին շանս տալ: Գրեթե այն մակարդակում ենք, որ 20-22 ֆուտբոլիստներ առանձնացրել ենք: Սակայն սա չի նշանակում, որ գործընթացը չի ընթանում: Իհարկե, հնարավոր է այս տարիքում շատ կարճ ժամանակահատվածում որևէ ֆուտբոլիստ մեծ առաջընթաց գրանցի: Պետք է մշտապես հետևել և հստակ պատկերացնել իրավիճակը: Ընդհանուր պատկերացում արդեն կազմել ենք:

 - Կազմի ընտրության հարցում որևէ բարդությունների առջև կանգնո՞ւմ եք:

 - Խնդիրն այն է, որ ստուգողական հանդիպումների մեծ մասը ընկերական խաղերի ոչ պաշտոնական օրերի է: Ունենք ֆուտբոլիստներ, ովքեր չեն կարողանում միանալ հավաքականին, քանի որ ակումբը թույլ չի տալիս: Այժմ էլ 2-3 ֆուտբոլիստներ, մասնավորապես Հայկ Գալստյանը և Արթուր Դանիելյանը չեն միացել հավաքականին:

Խնդիր է նաև պաշտպանությունում ֆուտբոլիստների ընտրության հարցը: Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, նույնիսկ ակումբներում այդ խնդիրը կա: Կարևոր է, որ 4-5 պաշտպաններ կայուն կերպով խաղան միասին:

 - Արտասահմանից ժամանած և տեղի ֆուտբոլիստների համադրությունը խաղաոճի առումով ինչպե՞ս է ստացվում:

 - Մեր խնդիրը հենց դրանում է: Մարզումների ընթացքում փորձում ենք հստակության հասնել: Գլոբալ առումով որևէ խնդիր չկա, հարմարեցվող մանրուքներ են:

 - Այս հավաքը ֆուտբոլիստները ֆունկցիոնալ ի՞նչ վիճակով են սկսել:

 - Տարբերություն կա նախորդ և ներկայիս հավաքների միջև. զգացվում է, որ խաղացողներն իրենց լավագույն վիճակում չեն: Պարզապես կփոխենք առաջադրանքները նախորդի համեմատ, որպեսզի հասնենք լավ մարզավիճակի: Հաջորդ հավաքին արդեն հստակ պատկերացում կլինի:

 - Ներկա փուլում ո՞րն է Ձեր խնդիրը:

 - Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է նշանակում սեփական հարկի տակ հանդես գալ (խոսքը Եվրոպայի առաջնության մասին է, – խմբ.): Ինչո՞ւ չհաղթել: Մենք թիմային խաղի շնորհիվ լավ նպատակի կհասնենք: Ես ձգտում եմ, որ 1-ին կամ 2-րդ տեղով դուրս գանք խմբից: Խնդիրն իմ և բոլոր ֆուտբոլիստների առջև է:

 - Նախապատրաստական փուլը բավարարո՞ւմ է առաջնությանը պատշաճ ներկայանալու համար:

 - Այո: Այսքան ընկերական խաղերի համար ես շատ շնորհակալ եմ ՀՖՖ-ին: Նախկինում 2-4 խաղեր էին լինում, իսկ միայն այս ընթացքում մենք արդեն 8 հանդիպում ենք անցկացրել, 4-ն էլ ունենք: Նոյեմբերին՝ առաջնությունից առաջ նախապատրաստական ավելի երկար շրջան կունենանք:

 - Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ինչպե՞ս եք գնահատում մեր շանսերը:

 - Իրատեսորեն նայենք. այն խմբում ենք, որտեղ երկրների ազգային հավաքականները մասնակցել ենք Եվրո-2016-ին: Հասկանում ենք, որ այն հավաքականները, որոնք բարձր մակարդակով են խաղում, տվյալ երկրի մյուս տարիքային ընտրանիները նույնպես ուժեղ են: Իհարկե ուսումնասիրելու ենք մրցակիցների ուժեղ և թույլ կողմերը, սակայն առաջին հերթին շեշտը մեր խաղին է դրված լինելու: Եթե մենք խաղանք մեր խաղը, շանսեր կունենանք:

Արման Առաքելյան

Share |

Լրահոս

Loading...