«Վեցանոց» առաջնություն

15:36 06.08.2016

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Այն հոբելյանական՝ 25-րդն է, միեւնույն ժամանակ ամենայուրահատուկն է մեր ֆուտբոլի պատմության մեջ: Մասնակից 6 թիմերից 4-ը եվրագավաթների ուղեգիր կնվաճեն: Ստացվում է, որ առաջնության արդյունքում իրենց ելույթը ձախողած միայն 2 թիմ կունենանք: Հայաստանի առաջնությունը վերջին տարիներին դարձել է ոչ թե ուժեղագույնին, այլ ամենաթույլին որոշելու պայքար: Ահա եւ դրա ապացույցը: 6 թիմեր միմյանց հետ անդադար կխաղան եւ կպարզեն 2 անհաջողակներին:

Իհարկե, յուրաքանչյուր իրավիճակում էլ կարելի է դրականը գտնել: 6 թիմերի մրցակցությունը խոստանում է ավելի թեժ ու համառ պայքար: Ակումբների մակարդակն էլ գրեթե նույնն է: Բայց այդ 6-ից էլ ոչ բոլորն են առաջնությանը մոտեցել լավ պատրաստված: Եթե հակիրճ, ապա չեմպիոնության համար իրական պայքար կարող են մղել «Ալաշկերտը», «Շիրակը» եւ «Գանձասար-Կապանը»:

Գործող չեմպիոնը ոչ միայն պահպանել է հաղթական կազմը, այլեւ ունի համալրումներ: «Ալաշկերտը» չեմպիոնության հավակնորդ է նույն այն պատճառներով, ինչ անցած մրցաշրջանում (հավասարակշռված ու խաղակցված կազմ, ուժեղ եւ արդեն տիտղոսով մարզիչ եւ այլ…): «Շիրակը» վերջին տարիների Հայաստանի ամենակայուն թիմն է: Գործին՝ գյումրեցիների ճիշտ մոտեցումը չի կարող երկար ժամանակ տիտղոս չպարգեւել: «Գանձասար-Կապանն» էլ ունի մեկ տարվա փորձ եւ արդեն կարող է իր առջեւ ամենաբարձր խնդիրները դնել: Դրա համար կան բոլոր նախադրյալները:

«Փյունիկն» ու «Բանանցը», որոնք Հայաստանում միշտ պայքարել են չեմպիոնության ու գավաթի համար, այս առաջնությունից առաջ համոզիչ չեն: Նրանք մնում են հավաքականների բազային ակումբները, բայց չեմպիոն դառնալու համար դա բավական չէ: «Փյունիկն» ընդհանրապես առաջնությունը սկսում է առանց գլխավոր մարզչի: Արտակ Օսեյանի կարգավիճակը հասկանալի չէ: Մեկնարկային տուրերը նրա համար հավանաբար փորձություն կլինեն:

Ամենաանհասկանալի իրավիճակում «Արարատն» է: Հերթական անգամ Արկադի Անդրեասյանին վերադարձնելուց հետո ակումբն առաջնության մեկնարկից միայն 2 ժամ առաջ հաստատեց, որ հենց նա է գլխավոր մարզիչը (փաստացի դա այդպես էր Անդրեասյանի գալու պահից): Հայտնի չեն «Արարատի» նպատակներն ու շարժառիթը: Դեռեւս առաջնությունից առաջ կարելի է ասել, որ մեր լեգենդար ակումբը կլինի 2 անհաջողակներից մեկը:

Իսկ ընդհանուր առմամբ, հայտնի չէ այս ամենի նպատակը: Ո՞ւր է գնում Հայաստանի առաջնությունը եւ ի՞նչ է սպասում մեր ակումբներին հաջորդ տարի: Միգուցե պաշտոնապես ստանանք սիրողական առաջնության կարգավիճակ եւ դադարե՞նք եվրագավաթներում խաղալ: Միեւնույնն է, «վեցանոցն» այնտեղ անելիք չունի:

Ինչեւէ, սա մեր առաջնությունն է, եւ քանի դեռ այն կա, մենք նրան սիրում ու սպասում ենք: Շնորհավո՛ր մեկնարկդ, 25-րդ:

 

Էդուարդ Քալանթարյան

 

Share |

Լրահոս