Կարեն Միքայելյան. Ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք ԱՊՕԷԼ-ին

23:39 18.08.2016

Ֆուտզալի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության նախնական փուլի A խմբում Հայաստանի չեմպիոն ՀՊՏՀ-ն 2-րդ տուրում 3:2 հաշվով հաղթեց շվեյցարական «Ֆուտզալ Մանիակսին»:
 
Հանդիպումից հետո armsport.am-ի գլխավոր խմբագիր Էդուարդ Քալանթարյանը ՀՊՏՀ-ի մարզիչ Կարեն Միքայելյանի հետ զրուցել է խաղի և առաջիկա անելիքների մասին:
 
 - Պարոն Միքայելյան,  ծանր հաղթանակ ստացվեց, սակայն միևնույնն է՝ 3 միավորը կա, այդ նպատակին հասաք: Ձեր կարծիքով ինչպիսի՞ն էր հանդիպումը:
 
  - Լարված խաղ էր. հավասար պայքար էր ընթանում: Մեզ մոտ կարծես թե հիվանդություն է. գոլային պահերը չենք իրացնում, շատ ենք վրիպում: Ամեն դեպքում, տղաները կյանքի գնով ամեն ինչ արեցին: Շնորհավորում եմ, սա ՈւԵՖԱ-ի մրցաշարում մեր առաջին հաղթանակն էր: Մյուս խաղում ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք ԱՊՕԷԼ-ին. եթե 3 գնդակի առավելություն ունենանք, հաջորդ փուլ կանցնենք:
 
 - Պետք է գնդակների առավելություն ունենալ խմբի առաջատարի, միգուցե մրցաշարի լավագույն թիմերից մեկի հետ. իրագործելի՞ եք համարում դա:  
 
 - Այո, հնարավորությունները հավասար եմ գնահատում: Ճիշտ է՝ փորձառու թիմ է, բայց ամեն ինչ հնարավոր է: 
 
 - Մեկ օր դադար կա, նաև վերադառնալու է Սարո Գալստյանը. սրանք առավելություննե՞ր են, որոնք կօգնեն:
 
 - Իհարկե: Վնասվածք է ստացել նաև Ուզունյան Հակոբը: Կարծում եմ՝ բժիշկներն ամեն ինչ կանեն, որ հասցնի վերականգնվել: Եթե լրիվ մարտական կազմով եղանք, կպայքարենք:
 
Մրցաշարի վերջին տուրում, օգոստոսի 20-ին ՀՊՏՀ-ն մրցելու է խմբի առաջատար ԱՊՕԷԼ-ի հետ: Այդ դիմակայությունում հայ խաղացողները պետք է 3 գոլի առավելությամբ հաղթեն և նվազագույնը 5 գոլ խփեն, որպեսզի հաջորդ փուլ անցնեն:
 
Share |

Լրահոս