Կարեն Նալբանդյան. Ոչ մի աշխատանքում առանց թերացումների չի լինում. մանավանդ մրցավարությունում

17:41 24.08.2016

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկից 3 տուր է անցել, սակայն արդեն մրցավարական 1 անձնակազմ որակազրվել է 3 տուրով, 1 մրցավար էլ՝ անորոշ ժամկետով:

Մրցավարության վերաբերյալ առկա անվստահությունն այլևս փաստ է: Armsport.am-ը խնդրի վերաբերյալ զրուցեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական և տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանի հետ.

 - Պարոն Նալբանդյան, առաջնության մեկնարկից 3 տուր է անցել, որոնցից 2-ում մրցավարների որակազրկումներ եղան, անբավար գնահատվեց նրանց աշխատանքը. ո՞րն է հիմնային պատճառը:

 - Եթե իմանայինք, այնպես կանեինք, որ այս սխալները չլինեին: Իհարկե, ցավալի է 2 տուրերում մրցավարական սխալների առկայությունը, որից թիմեր են տուժել: Չեմ կարող ասել, թե որն է խնդիրը. կրկնում եմ, եթե իմանայինք, ամեն ինչ կանեինք բացառելու համար: Երևի թե մարդկային հարց է, զուտ մրցավարական սխալներ են:

 - Ի՞նչը չի բավականացնում մրցավարներին այդ սխալներից խուսափելու հարցում:

 - Այդ նույն մրցավարները 4-5 տարի է սպասարկում են ինչպես Բարձրագույն խմբի, այնպես էլ միջազգային հանդիպումներ: Կարգի մեջ չէ խնդիրը: Չի կարող մրցավարը 4-5 տարի առաջ ավելի լավ հանդիպումներ վարել, քան հիմա: Կան մրցավարներ, ովքեր 5-6 տարվա մեջ առաջին անգամ են սխալվել: Չկրկնեմ, պարզ է. բոլորը կարող են սխալվել: Ցավալին այն է, որ այդ սխալները եղել են 2 տուրերում անընդմեջ: Մրցավարական սխալները կան ամբողջ աշխարհում:

Եթե լիներ մեխանիզմ, որը թույլ կտար խուսափել սխալներից, հաստատ վաղուց ավելի շատ հնարավորություններ ունեցող ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն դա կիրառած կլինեին:

 - Որակազրկումներն, առհասարակ, ի՞նչ միտում ունեն:

 - Մի քանի տուր բաց թողնելուց հետո մրցավարը շարունակելու է նույնկերպ աշխատել: Համեմատականներ անցկացնենք ֆուտբոլիստների հետ. նրանք նույնպես բավականին սխալներ են անում, սակայն հաջորդ խաղին մասնակցում են: Եթե ամեն սխալի համար մրցավարներին որակազրկենք երկար ժամանակով, ո՞վ պետք է սպասարկի խաղերը:

Միևնույն ժամանակ չեմ կարծում, թե մրցավարների անպատժելիությունը լավ պրակտիկա կլինի:

 - Ընդհանուր առմամբ, մրցավարների իմիջը Հայաստանում ընկել է. որո՞նք պետք է լինեն վստահություն ձեռք բերելու ուղիները:

 - Հատուկ ոչինչ չկա: Սովորական աշխատանքային գործընթաց է վերլուծություններ կատարելն ու հետևություններ անելը: Փորձենք շտկել:

 - Զրուցե՞լ եք մրցավարների հետ, ի՞նչ կարծիք ունեն իրենք:

 - Իհարկե, աշխատանքային գործընթացի անբաժան մասն է դա: 2-3 տուրը մեկ հավաքվում ենք, բացի այդ, դիտում ենք բոլոր հանդիպումները: Մրցավարական կոմիտեն փորձում է լինել մաքսիմալ արդար և անկեղծ: Ոչ մի աշխատանքում առանց թերացումների չի լինում. մանավանդ մրցավարությունում: Իրենք էլ պրոֆեսիոնալ մարդիկ են, նայել են իրենց սխալները, ընդունել են, հետևություններ են արել: Կփորձենք համեմատաբար քչացնել սխալները. եթե հետագայում դրանք լինեն, ապա շատ քիչ:

 - Ձեր դիտարկմամբ մրցավարական ներկա անձնակազմերը պատրա՞ստ են բարձր մակարդակով հանդիպումներ անցկացնել:

 - Նույն մրցավարները թերություններով, բայց ամեն դեպքում, երկար տարիներ, իսկ 4-5 տարին շատ է, բարձր մակարդակով հանդիպումներ են սպասարկել. այժմ ոչինչ չի փոխվել, դեռ մի բան էլ փորձն է ավելացել:

 - Այդ դեպքում սխալնե՞րը…:

 - Պարզապես կրկնվեց 2-րդ և 3-րդ տուրերում: Եթե լիներ 1-ին և, օրինակ, 8-9-րդ տուրերում, այսքան մեծ արձագանք չէր լինի: Տուրերում խաղերը քիչ են, ուստի սխալներն այսպես աչքի ընկան: Իրականում, այո, կոպիտ սխալներ էին:

 - Մի փոքր «բացենք» «կոպիտ սխալներ» ասվածը:

 - Նայել ենք տեսագրությունները, առաջին դեպքում («Փյունիկ» - «Ալաշկերտ»,- խմբ.) խաղից դուրս չկար, 2-րդում էլ («Փյունիկ» - «Գանձասար-Կապան»,- խմբ.) կար 11 մետրանոց, այլ ոչ թե կեղծակերպ արարք, որի համար «Գանձասար-Կապանի» հարձակվողը 2-րդ դեղին քարտն է ստացել: Առանց բողոքի է եղել 2-րդ դեպքը, մենք նախաձեռնել ենք և որոշում կայացրել:

 - «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» հանդիպման մեկնարկից առաջ մրցավարը փոխվեց. կմանրամասնե՞ք, թե ինչու:

 - Մարդը (Սուրեն Բալիյանը,- խմբ.) հիվանդացել էր, 40 աստիճան էր ջերմությունը: Առաջ, որովհետև նախորդ օրը երեկոյան արդեն լավ չէր զգում իրեն, գիշերը շտապօգնության մեքենա է կանչվել: Պետք չէ ինչ-որ բաներ փնտրել, անհեթեթություն է դա կապել ինչ-որ բաների հետ: Ոչ ոք չգիտի, թե երբ կհիվանդանա՝ խաղի օրը, թե 5 օր առաջ կամ հետո: Ստիպված փոփոխություն է եղել:

Արման Առաքելյան

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Share |

Լրահոս

Loading...