Կարեն Բարսեղյան. 70-80 տոկոսով պատրաստ ենք

22:04 02.09.2016

Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրո-2017-ի ընտրական փուլի՝ Բուլղարիայի հետ հանդիպումից առաջ շարունակում է նախապատրաստությունը:

Մեր մինչև 21 տարեկանների ընտրանին ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է իրաքյան «Զախո» թիմին:

Խաղից հետո Հայաստանի Մ-21 ազգային թիմի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը պատասխանեց armsport.am-ի հարցերին:

 - Պարոն Բարսեղյան, Ձեր դիտարկմամբ ինչպիսի՞ն էր խաղը, ֆուտբոլիստները որքանո՞վ կատարեցին Ձեր առաջադրանքները:

 - Խաղը կարող ենք բաժանել 2 մասի: Այն, ինչ ցանկանում էինք անել, արեցինք առաջին խաղակեսի 1-ին մասում. կարողացանք նաև գոլ խփել: Երկրորդ խաղակեսը չգոհացրեց, քամին էլ այդ հարցում գուցե որոշիչ դեր էր խաղում: Մեր գործողությունները ստիպում էին, որ մրցակիցը ճնշում գործադրի:

Ընդհանուր առմամբ, պայքար և նվիրվածություն կար, ինչի համար շնորհակալ եմ ֆուտբոլիստներին: 2-րդ խաղակեսում մյուս կազմով էինք խաղում, որից նույնպես դժգոհություններ չունեմ, տղաները մեծ ծավալի աշխատանք կատարեցին: Ցավոք, խնդիր ունենք կառուցողական առաջին փոխանցումը կատարելիս. այդ ուղղությամբ առաջիկա օրերին պետք է աշխատենք: Հասկանում ենք, որ Բուլղարիայի հավաքականը մակարդակով ավելի բարձր և կազմակերպված թիմ է:

 - Մի քանի փորձարկումներ տեսանք. մասնավորապես, Համլետ Ասոյանն էր կենտրոնական պաշտպանի դիրքում, Ռազմիկ Հակոբյանն էր աջից գործում. այլ դիրքերում փորձարկվող ֆուտբոլիստներն արդարացրի՞ն Ձեր սպասելիքները:

 - Համլետին նախևառաջ դիտարկում եմ որպես կենտրոնական պաշտպան, հետո միայն հենակետային: Ռազմիկը վերջերս «Փյունիկում» էլ աջից է գործել: Ցանկանում եմ, որ նա կրեատիվ գործողություններով աչքի ընկնի, ավելի շատ միտված լինի դարպասին: Երկուսն էլ արդարացրին իմ սպասելիքները:

 - Վերջին փորձությունն էր Բուլղարիայի հետ խաղից առաջ. վերջնական նշեք, թե մեր ընտրանին որքանո՞վ է պատրաստ առաջիկա խաղին:

 - Մենք 2 տարբեր կազմերով հանդես եկանք, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմենք այդ հարցի մասին: Կարծում եմ՝ տղաները 70-80 %-ով պատրաստ են: Հուսով ենք, որ մեր հավաքականի այն ֆուտբոլիստները, ովքեր ազգայինի հետ մեկնել են Չեխիա, կմիանան և կօգնեն մեզ: Պատրաստվածության մակարդակը բարձր է, սակայն ավելացնելու տեղ ունենք:

 - Իսկ հստակություն կա՞ ազգային հավաքականի ճամբարում գտնվող այն ֆուտբոլիստների վերաբերյալ, ովքեր հրավիրվել են երիտասարդական հավաքական:

 - Հստակությունը կլինի Դանիայի հետ խաղից հետո: Երիտասարդական հավաքականը Բուլղարիայի տարիքակից ընտրանուն հյուրընկալելու է սեպտեմբերի 6-ին:

Արման Առաքելյան

Share |

Լրահոս

Loading...